fbpx

Թե ինչպես հանդիպեցին Ջինա Լոլոբրիջիդան և Ֆիդել Կաստրոն

Իտալացի կինոսաստղ Ջինա Լոլոբրիջիդան 18 տարեկան էր, երբ ընդունվեց Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիա: Նա կինոյում նկարահանվելու մտադրություն չուներ: Եվ երբ նրան առաջարկեցին կինոփորձի մասնակցել Ջինան հրաժարվեց ու որպեսզի ազատվի Չինաչիտա կինոստուդիայի համառ առաջարկներից, նա հայտարարեց, որ կնկարահանվի միայն մեկ միլիոն հոնորարի դեպքում: Ջինան այս թիվը հնչեցրեց, որպեսզի կինոգործիչները հեռանան և այլևս չխանգարեն իրեն զբաղվել իր սիրած գործով՝ գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, լուսանկարչությամբ և ժուռնալիստիկայով: Սակայն, կինոստուդիան համաձայնվեց՝ առանց երկմտելու:

1950-ականներին Ջինան իտալական կինոյի ամենավառ, ու ամենագեղեցիկ աստղն էր: Բոլոր տղամարդիկ տարված էին նրանով: Սակայն նա  շարունակում էր պնդել, որ ինքը գեղանկարչություն և քանդակագործություն է սովորել, իսկ դերասանուհի է դարձել սխալմամբ:

Լոլոբրիջիդան այս մտքով այնքան էր տարված, որ յոթանասունականներին որոշեց ուղղել սխալը: Նա սկսեց քիչ նկարահանվել ու դրա փոխարեն զբաղվել լուսանկարչությամբ և ժուռնալիստիկայով:  Նա որոշեց գրել  հեղափոխական ու ապստամբ գործչի՝ Ֆիդել Կաստրոյի մասին: Նման լրագրողուհու չէր կարող մերժել և ոչ մի քաղաքական առաջնորդ:

1974-ին Ջինա Լոլոբրիջիդան մեկնեց Մոսկվա, որպեսզի հարցազրույց վերցնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյից: Մոսկվայում Կուբայի դեսպանատանը նա նամակ հանձնեց՝ ուղղված անձամբ Ֆիդել Կաստրոյին:

Կաստրոն նույնպես հետաքրքրված էր և դա բնական էր. ով կարող էր անտարբեր մնալ նման գեղեցկուհու հանդեպ: Լոլոբրիջիդային միացավ իր ամերիկուհի-ընկերուհին, որը շատ էր ուզում տեսնել Ֆիդել Կաստրոյին: Նրանց հետ էին օպերատորները՝ 8 տեսախցիկներով և նկարահանման 200 տեսաժապավենով: Լրագրողական այս խմբին հրաշալի ընդունեցին, նրանց հատկացրել էին առանձնատուն՝ իր մեծ այգով: Այստեղ նրանք ուրախ ժամանակ էին անցկացնում, կիսամերկ արևահարվում էին, երբ անսպասելի հայտնվեց Ֆիդել Կաստրոն: Պետք է ասել, որ նա  տեսնելով մերկ գեղեցկուհուն լիովին պահպանեց հավասարակշռությունը:

«Կաստրոն ներս մտավ, ծիծաղեց, ձևացրեց, թե չի նկատում՝ ինչպես եմ հագնված, ձեռքս սեղմեց ու շնորհավորեց՝ Կուբա այցելության համար»,- հետագայում հիշում է Ջինան:

Հագնված տղամարդը սեղմեց կիսամերկ կնոջ ձեռքը ու բացահայտ երկուսն էլ ցույց տվեցին, որ հավանում են մեկ-մեկու: Լրագրողները միանգամից գրեցին նրանց կրքոտ սիրավեպի մասին: Դերասանուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը:

Ջինան Կաստրոյին հանդիպման ժամանակ հարցրեց, թե ինչու նա ամուսնացած չէ: Կաստրոն վստահեցրեց, որ կանայք մեծ տեղ են գրավում իր կյանքում և իր զգացողություններում, բայց ամուսնացած չի ու դա զարմանալի չէ: «Ի վերջո շատ պետությունների ղեկավարներ կան առանց առաջին տիկնոջ»,- հավելեց առաջնորդը:

Այս հանդիպման արդյունքում ծնվեց Ջինա Լոլոբրիջիդայի առաջին ֆիլմը, որտեղ նա ռեժիսոր էր ու ֆիլմի հեղինակ: Սրան հաջորդեցին ևս մի քանի վավերագրական ֆիլմեր:

72 տարեկանում երբեմնի կինոաստղը պատգամավոր ընտրվեց Եվրոպառլամենտում: Այնուհետև տպագրեց իր լուսանկարների ալբոմը, ապա իր քանդակների ցուցահանդեսը բացեց տարբեր թանգարաններում:

Այսօր 92-ամյա Ջինա Լոլոբրիջիդան ապրում է Հռոմի իր շքեղ վիլլայում, որտեղ պահում է 600 տեսակի թռչուններ: Շարունակում է գեղեցիկ զգեստներ կրել, ճամփորդել, զբաղվել ծոռնիկով և վստահեցնել, որ ծերանալու ժամանակ չունի: