Լույս էր նրա արարումների շաղախը - VNews

Լույս էր նրա արարումների շաղախը

2222 7 - Լույս էր նրա արարումների շաղախը

 

1987 թ. օգոստոսի 11-ին մահացավ հայ բեմի ամենագեղեցիկ, ամենահմայիչ ու ամենագրավիչ դերասանուհին` Մետաքսյա Սիմոնյանը։ Նրա տաղանդով ու գեղեցկությամբ հմայված էին բոլորը։ Մետաքսյայի արվեստի ու կանացի հմայքի երկրպագուներից էր նաև Սոս Սարգսյանը, որը  դերասանուհու մահից հետո մեծին վայել շռայլությամբ ու վեհանձնությամբ թղթին է հանձնել իր սիրով հունցված տպավորություններն ու հիշողությունները։

 

unnamed 1 - Լույս էր նրա արարումների շաղախը

 

«Հեռացավ մեզանից նա, որի գրաված տեղը Մայր թատրոում շատ էր գեղեցիկ ու մեծ. գնաց մեր բեմի անկրկնելի դերասանուհին, մեր Մետաքսյան…

Ծանր է գիտակցել, ծանր է հաշտվել նրա մահվան հետ, երիցս ծանր է, գրեթե անհնար հայոց բեմը պատկերացնել առանց նրա, առանց էն ծով հմայքի, հմայք, որպիսին ես չեմ տեսել, չեմ հանդիպել մեր բեմերում և ոչ միայն մեր… Հմայք` կախարդիչ ու գերող, որ տաք ալիքի պես իր հետ գալիս էր բեմ, առատորեն լցնում դահլիճ, ջերմացնում մարդկանց սրտերը։ Պարզապես անհնար է հավատալ, որ այլևս չենք լսելու Ծովինարի նրա դյութական ձայնը, որի նմանը բնության մեջ պատահում է շատ հազվադեպ. այնքան էր հարուստ, այնքան էր հոգուց… Շռայլ է եղել արարիչը տալով նրան ամենաչքնաղ արտաքինը, ամենաբեմականը…

 

unnamed 3 - Լույս էր նրա արարումների շաղախը

 

Գրեթե քառասուն տարի աշխատել եմ Մետաքսյայի հետ և միշտ երջանիկ եմ եղել նրա հետ խաղալով միևնույն ներկայացման մեջ, որ ավաղ, հաճախ չի պատահել։ Բայց և այնպես հիշում եմ նրա ամեն մի խաղացած դերը, և այժմ աչքիս են գալիս նրա խենթուխելառ Շուրկան` «Եգոր Բուլիչովում», Սուսանը` «Նամուսում», որ հայ տղամարդու համար երազ ու երազանք էր, «Դիմակահանդես» ներկայացման մեջ` Նինան, կիրթ, ազնվական և այնքան մաքուր, այնքան նվիրյալ, որ անհավատ ու կասկածամիտ Արբենինի խանդը պիտի բորբոքեր, դարձներ կրակ, հրդեհ… ճերմակաթև Դեզդեմոնան, խռովահույզ, փոթորկոտ, կյանքը տանուլ տված Նաստասյա Ֆիլիպովնան `«Ապուշը» ներկայացման մեջ ու…  Ու էլի դերեր ու դերերի շարք` մեծ մի պատկերասրահում տեղավորվելիք…

 

bnutyuny nran pargev n100367 1 - Լույս էր նրա արարումների շաղախը

 

Հիշում եմ հերթով, ու իմ սիրելի Մետաքսյան, իմ ընկերը ներկայանում է ինձ որպես վիթխարի տաղանդի տեր դերասանուհի, մեծ վարպետ։ Շատերն էին, որ շփոթված էին ու նրա հաջողությունները վերագրում էին զուտ նրա արտաքին բարեմասնություններին։ Զարմանալի չէ` լուսարձակում էր բեմի վրա, աստղ էր առաջին կարգի մեծության, քրտինքով չէր շաղախված նրա տաղանդը, լույսն էր նրա ստեղծումների շաղախը… Լույսը շլացնում է… Շատերն էին, որ նրա կողքին հարմար չէին ապրում` մեծ պատառ էր, կուլ չէր գնում, իսկ փշրվել, մանրանալ չէր կարողանում… Սակայն, մի ողջ ժողովուրդ գիտեր նրան, ճանաչում էր, չնայած կինոֆիլմերում հաճախ չէ, որ նկարահանվում էր։ Ժողովուրդը սիրում էր, մեծարում, գուրգուրում էր նրան հարազատ դստեր նման, մինուճար իր զավակի նման…

 

Մետաքսյա Սիմոնյան - Լույս էր նրա արարումների շաղախը

 

Մեկն էր, միակն էր , մի հատիկ էր մեր Մետաքսյան հայոց բեմի չքնաղ թագուհին։ Երկինքը, ինչպես կասեր հանճարեղ Փափազյանը, իր կապույտը կաթացրել էր նրա ճերմակ ճակատին… ժամանակը կդասի նրան ամենամեծերի շարքը…»։