fbpx

Մահվան տեսիլ. Նոր երգ Project LA երաժշտական նախագծից

2016 թվականին ստեղծվեց Project LA երաժշտական նախագիծը, որի հեղինակը Լևոն Արևշատյանն է։ Նախագծում հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ ու երգիչներ, որոնք պարբերաբար թողարկում են նոր երգեր տարբեր գրական ստեղծագործությունների հիման վրա։Նախագիծն արդեն ունի երկու ալբոմ, որտեղ կգտնեք Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

Կարդացեք նաև` PROJECT LA-ն, Գոռ Սուջյանն ու Չարենցը. նոր երգ ու հոլովակ

Նախագիծը կրկին նորություն ունի։ Project LA-ի Youtube-յան պաշտոնական ալիքում ժամեր առաջ թողարկել է նոր երգ, որը կատարում է «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արման Լազարյանը։Նախագծի շրջանակում այս անգամ լսում ենք Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» ստեղծագործության մեղեդային տարբերակը։

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։

Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․