Մաճառ Անդոն ու սերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մաճառ Անդոն ու սերը

— Խնթրըմ եմ, Խչո ջան, կնգաս գոնե շուտ թող գա տուն էլի, խընթրըմ եմ, — քաք Խչոյի ոտքերն ընկած աղաչում էր մաճառ Անդոն՝ արցունքի կաթիլները տպելով Խչոյի փոշոտ կոշիկներին։

Թե ինչու էին Խչոյին գյուղում ասում քաք, ոչ ոք կոնկրետ չի կարող ասել։ Գուցե՝ որ նամռոտ մարդ էր, գուցե՝ որ փնթի էր։ Ճանճերը նրա դարավոր հոտի վրա էին հավաքվել դեռ անցյալ հազարամյակից, ու միշտ նրա հետ էին։ Երբ Խչոն քայլում էր, ճանճերի հրոսակախումբն էլ արբանյակի պես մշտապես շուրջբոլորը պտույտ էր գալիս։ Մեկ-մեկ դրանք էնքան շատ էին լինում, որ քաք Խչոն հազիվ էր ճամփեն տեսնում։ Էդպես էլ ճանճընտանիքի հետ մեկ դարձած անմաքուր ապրում էր քաք Խչոն՝ դինջ, անհավես, մի ձև։

62 տարեկան էր արդեն, ուներ 3 երեխա, բոլորին ամուսնացրել էր, ուներ թոռներ, իր քաք մականունից չէր էլ նեղվում, երբ մի օր հանկարծ դաշտի արահետներից մեկում ծանր բադրջանով լի պարկն ուսին մի սև, մոխրված, խանձված ջահել կնոջ տեսավ։ Մտքով էլ չանցավ մոտենա, օգնի․ ի՞նչ գործ ունի, խալխի կնիկ ա։ Բայց տպավորվեց էդ տգեղի գեղեցիկ հայացքից, ծանրության տակ ծռված տնքոցների տաքությունից։

Հաջորդ անգամ նրան տեսավ օրեր անց, մաճառ Անդոյի հետ։ Հասկացավ՝ Անդոյի կինն ա փաստորեն, էն որ կողքի գյուղից են բերել, էն որ ողջ գյուղը զարմացել ա, թե էդ դեբիլ Անդոյին ոնց են աղջիկ տվել, էն որ հետո բոլորն ասել են — սև աջեբի մեկն ա, վաքսի վրի մեյմուն ա, Անդոն դրանից հազար կլոխ լավն ա — այ էդ աղջիկն ա փաստորեն։

Թե ինչու էին Անդոյին դեբիլ ասում, գիտեին բոլորը։ Տան 5-րդ երեխան էր, ծնվել էր ինչ-որ խնդիրներով․ մտավոր, հոգևոր, բուժելի, անբուժելի՝ ոչ ոք չգիտեր ու ոչ ոքի մտքով էլ չէր անցնում իմանալ։ Երեխան մի քիչ ուրիշ էր ծնվում, միանգամից կնքում էին դեբիլ անունով, ու ձեռք քաշում։ Դեբիլ ա, վերջ։

Դեբիլ, թե ինչ, բայց Անդոյին բանակ տարան։ 90-ականների վերջն էր, բարդ ու խառը ժամանակներ։ Հայրենասիրության ժամանակներ։ Գյուղից Վասիլի տղուն չտարան էդ նույն տարում, Վասիլը ծանոթներ գտավ, տղուն կարճատես սարքեց, չտարան։ Անդոյին լրիվ գոդնի հանեցին ու ուղարկեցին Ղարաբաղ։

Ասում են, էնտեղ աման բան էր լվանում, կարտոֆիլ կլպում, նապաստակ բան էր բռնում, մորթում, բոլորին կերակրում․․․ Դժվար ժամանակներ էին։ Սովի ու հայրենասիրության։

Բանակից առոք-փառոք էկավ ու ստացավ նոր մականուն՝ մաճառ։ Մաճառ, որովհետև մի հսկա կարաս մաճառ խմածի պես էր քայլում, խոսում, ապրում ու դե աղջիկ տենչում։

— Ես պտի փսակվեմ, — վճռական կռվում էր տնեցիքի հետ մաճառ Անդոն՝ ծնողներին, մեծ եղբայրներին դնելով անդուր դրության մեջ։ Ո՞ւմ ուզեն, ո՞վ կուզի։

Ոլոր մոլոր քայլվածքով, մի քիչ կռացած մեջքով, թլիկ ու հազիվ խոսելով՝ Անդոն շրջում էր գյուղի փողոցներում, խեղճ ու բարի նայում աղջիկներին սիրուն ու տգեղ և բոլորին ասում․

— Բարև, ազիզ, ո՞նց ես։

Տեսնելով Անդոյի տառապանքները, անառողջ, բայց անթերի հոգով ու թերի, բայց առողջ մարմնով աղջիկ տենչալը, ծնողները մտածեցին՝ աղջիկ ա պետք հաստատ, կին ա պետք, թե չէ սա հիմա էլ էս հողի վրա կգժվի։

Ընկան դռնեդուռ, գյուղեգյուղ, ընտրում էին տունը մնացած համարվողներին, աղքատ ընտանիքի աղջիկներին, արհամարհվածներին ու ծաղրվածներին։ Սրտի ցավով։ Ամաչելով։ Մղկտալով։ Բա մենք դրան էի՞նք արժանի — իրար շշնջալով, կրակն ենք ընկել, ցաձրցեր ենք, թայ պտի ըլնենք բեջուռեքին — մղկտալով։

Վերջապես, բարեբախտաբար ու ցավոք կողքի գյուղից մի աղջիկ գտնվեց, որի ծնողները ասացին՝ դեմ չենք, թե աղջիկը ուզի, դեմ չենք։ Աղջիկը ուզեց։ Ասաց՝ դեմ չեմ։

Իրենց հողապատ, հինումաշ տանից Անդոյենց երկհարկանի տուն տեղափոխվե՞լը սիրեց, սկեսուրի բարությո՞ւնը հավանեց, սկեսրայրի ծեր և ուր որ ա՝ մեռնելը հաշվարկեց, Անդոյի անմնացորդ, միանգամից սրահարվե՞լը ուզեց, ամուսնանալու իր վերջին հնարավորությունը չկորցնե՞լը մխիթարեց, սեփական անսահման տգեղությունը գիտակցե՞լը դրդեց։ Ասել չէր կարող անգամ ինքը՝ Սիրուշը։

— Այ տղա Մացակ, հեն ա, դաժը էն դեբիլն ամուսնացավ, դու էլի մնացիր անփսակ, այ գյադա, — ողջ գյուղով ասում ծիծաղում էին ի ծնե փիլիսոփա յէքա էշ Մացակի վրա։

— Փսակվելը հենց կակռազ դեբիլի գորձ ա, ես հո դեբիլ չե՞մ, — հպարտ-հպարտ տառապում էր Մացակը ու հայացքն ուղղում տիեզերք, որտեղ իր պես հոգիներն են անմեկնելի ու խորհրդավոր։

Իսկ այդ ընթացքում Սիրուշն էկավ, ամուսնացավ, տեղավորվեց, տնավորվեց ու միանգամից, արագի մեջ տղա ունեցավ։ Գեշո էրեխա էր՝ ճիշտ ա, բայց կարևորը մաճառի հոտ ու համ չէր գալիս վրայից։ Բոլորը՝ երջանիկ, Անդոն՝ մաճառից գինի դառնալու ճանապարհին։

Բայց քաք Խչոն ամեն բան հարամեց։

— Խնթրըմ եմ, կնգաս գոնե շուտ թող տուն գա, ինշ կըլնի, — Խչոյի կեղտոտ ոտքերն էր ընկել մաճառ Անդոն։ Ճանճերը վրա էին տվել տիրոջ ոտքերի մոտ կուչ էկած անհասկանալի ոսկրակույտին։ Խչոն էլ, մեկ խղճում էր էդ անաստվածին, մեկ էլ հիշում էր Սիրուշի տաք ու ձիգ կրծքերը։

— Այ բալամ, յան տուր ընձնից։ Ես քո կնգա հետ ի՞նշ գորձ ունեմ։ Ռադդ քաշի, թե չէ կտամ կսատկես, դեբի՛լ։

Անդոն, մեկ-մեկ չէր դիմանում, աչք էր փակում կնոջ երեկոյան բացակայությունների, թրթռացող ձայնի, հաճախ լողանալու վրա։ Աչք էր փակում, էլ ի՞նչ աներ։

Մեկ-մեկ էլ չէր դիմանում, լաց էր լինում։ Անզոր էր։ Մենակ էր։ Հայրն ու մայրը չկային էլ։ Եղբայրները չէին հավատում, ոչ ոք չէր հավատում։

— Դե դեբիլ ա էլի, բան ա մցրե կլոխը, ապուշ ապուշ դուրս ա տալըմ, — ասում էին եղբայրները։

Մեկ-մեկ էլ չէր դիմանում, ծեծում էր Սիրուշին։ Հետո՝ Սիրուշը իրեն, հետո երկուսով՝ իրենց մեջ ընկած, լացող էրեխեքին․․․

Մեկ-մեկ էլ դեբիլ-մաճառ Անդոն չէր դիմանում կնոջ բացակայությանը, 2 երեխաներին թողնում էր տանը մենակ, փողոցում անտերուդուս խաղալու ու կատաղած գնում էր Խչոյենց տուն։ Մաճառի պես օրորվելով, կատաղած ճանճի պես վստահ։ Գիտեր՝ տանը չի լինելու, բայց գնում էր։ Բա ի՞նչ աներ։ Մի տեղ պիտի գնա՞ր։

— Խչո՜, քաքի մեկ, դուս արի․․․

— Խչո՜, կտամ, կսատկես, անասուն բիձա։

— Խչո՜, ես քեզ ինչ եմ արէ, Խչո՜։

— Սիրուշ, դու բոզ ես։ Սիրո՜ւշ, ռադ եմ անելու քեզ տնիցս, այ փչացած։

— Խչո՜, Խչո ջա՜ն, գոնե թոռներիցդ ամաչի, էրխեքիցդ ամաչի, Սիրուշս էրխեքիցդ փոքր ա, այ քաքի մեկը։

Անզորության կատաղությունը մանկական խաղ էր դառնում։ Անդոն երեխա էր դարձել լացկան ու կամակոր։

Մի անգամ էլ տան դիմացից լիքը քար հավաքեց լցրեց ծոցն ու ուղիղ Խչոյենց տուն օրորվեց։ Էդ անիրավ բիձու տան բոլոր պատուհանները մի կիլոմետր քարշ տված ծանր քարերով կոտրեց ու թեթևացած փախավ՝ ասես ինքը չի արել։ Ասես Խչոյենց տան մոտ քար չէր գտնելու։ Ասես ողջ վրեժը լուծեց։ Ասես Խչոյին նույն չափ ցավ պատճառեց։

— Շա՛ն լակոտ, այ դեբի՜լ, հատ-հատ կբերես կսարքես շուշեքս, լսար, այ անասո՜ւն, — մաճառին թափ էր տալիս քաքը։

— Կնգաս հանգիստ թող, կբերեմ, կսարքեմ։ Թող գոնե շուտ գա տուն, այ Խչո ջան։ Մեղկ են էրխեքս, ես մեղկ եմ։ Ինշ կըլնի, մեռնեմ սրտիդ։


Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Ավ․ Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Րաֆֆի [Կուսագրություն]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Մուշեղ Գալշոյան. նուրբ ու սիրուն պատմվածքներ

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Աշխարհի ամենակարճ պատմվածքը. 6 բառ` մեծ պատմություն

5 պատմվածք հայ ժամանակակից գրողներից, որ արժե կարդալ

Արամ Պաչյան. Հայր Վիլիկը

Լևոն Խեչոյան. Աղջիկը, բանաստեղծը

Նիկոլ Փաշինյանից նվեր փոքրերին. Չար տնակի հեքիաթը

Ընտանիք. Նառա Վարդանյան