«Malcolm & Marie». Netflix-ի սև ու սպիտակ, կամերային խոսակցական մելոդրաման - VNews

«Malcolm & Marie». Netflix-ի սև ու սպիտակ, կամերային խոսակցական մելոդրաման

Netflixmelodrama min - «Malcolm & Marie». Netflix-ի սև ու սպիտակ, կամերային խոսակցական մելոդրաման

Սուրբ Վալենտինին ընդառաջ Netflix սթրիմինգային հարթակը ներկայացնում է ռեժիսոր և սցենարիստ Սեմ Լեվինսոնի («Էյֆորիա» աղմկահարույց սերիալի շոուռաներ և օսկարակիր ռեժիսոր Բարի Լեվինսոնի որդու) նոր ֆիլմը՝ «Մալքոլմ և Մերի» կամերային մելոդրամա-մամբլքորը, որտեղ պատկերված են ընդամենը երկու հոգի՝ կինն ու տղամարդը, որոնք շատ բան ունեն իրար ասելու։

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպիսին է ստացվել ֆիլմը։

 

Մալքոլմը (Նոլանի «Փաստարկ»-ից շատերին հայտնի Ջոն Դևիդ Վաշինգթոնը) երիտասարդ հոլիվուդյան ռեժիսոր է, ով տուն է վերադառնում իր դեբյուտային ֆիլմի պրեմիերայից հետո ընկերուհու՝ Մարիի (Զենդայա) հետ։ Ամենաառաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ զույգի մեջ տարածայնություններ կան՝ Մալքոլմը վայելում է իր կյանքի առաջին՝ բեկումնային երեկոյի ետնահամը, միացնում է Ջեյմա Բրաունի Down and Out In New York City-ի կատարումն ու սկսում ձայնարկել՝ լցնելով ապակեպատ town-house-ը դրական էներգիայով, մինչ Մարին վատ քողարկված դժգոհությամբ նախ մտնում է զուգարան, այնուհետև շտապում խոհանոց՝ սիրելիի համար մակարոն և պանիր սարքելու։ Մալքոլմն իր ելույթի ժամանակ մոռացել է շնորհակալություն հայտնել Մարիին և առհասարակ, զույգի սիրային և մասնագիտական հարաբերություններն այնքան են միախառնվել, որ պահանջներ, վիրավորվածությունը, ֆրուստրացիան, հիասթափություններն ու ցանկությունները խառնվել են իրար և վերածվել մի մեծ, շաղախված կծիկի։ Մինչ եռում է ջուրը, իսկ էլեկտրոնային սարքերից հնչում է մեկին հաջորդող մյուս երգը՝ Մալքոլմն ու Մարին օդ են նետում զանազան սուր ու ծակող արտահայտություններ՝ իրենց անցյալի, Մալքոլմի ֆիլմի ստեղծման, դրա հաջողության գրավական, Մարիի թմրամոլության և դրանից ձեռբազատնան, և չարված կարևոր քայլերի մասին։

 

Իհարկե, հերոսները պայմանական են ռեժիսորի և իր մուսայի կարգավիճակում, Լեվինսոնի պատմությունը սիրելու մարդուն շնորհակալ լինելու, գնահատելու, վերջիվերջո՝ իր շնորհիվ ավելի լավը դառնալու մասին է։ Դրա հետ մեկտեղ կարմիր թելերի պես կիսա-ֆոնային ուրվականի պես ժամանակ առ ժամանակ նշմարվում է այսօրվա Հոլիվուդի Նոր էթիկայի՝ abuse կոչվածի թեման, ինչպես նաև Լեվինսոնը կիսադառնությամբ-կիսահեգնանքով բարձրաձայնում է կինոռեժիսորների և կինոքննադատների բարդ հարաբերությունների մասին, որոնք, բնականաբար, լինելով հայտնի և հաջողված ռեժիսորի որդի, զգացել է սեփական ընտանիքի մաշկի վրա։ Կարելի է նաև մասամբ որսալ Ջոն Քասավետիսի, Վուդի Ալենի, Մայք Նիքոլսի և այդ ժամանակի՝ հեղինակային Հոլիվուդի կարկառուն ֆիլմերի տրամադրությունը՝ հարաբերությունների, արտիստիկ էգոյի, մրցակցության, կայացման և սիրո ու ճանաչման պահանջի մասին։

 

«Մալքոլմն ու Մերին» ունի բազմաթիվ մինուսներ, որոնք դարձնում են այն անհարմար դիտման և վայելքի համար։ Նախևառաջ խոսքը ֆիլմի երկխոսությունների մասին է, որոնք թռչկոտում են պինգ-պոնգի սպիտակ գնդակի նման, կարծես, մեխինակորեն լարված են, այլ ոչ ծնվում են իմպրովիզային, ինչպես որ կխոսվեին իրական կյանքում։ Նման տպավորությունը դարձնում է ֆիլմի թատերական՝ չափից դուրս բեմականացված, ինչպես և գլխավոր (և միակ) դերակատարուհին, ով չափից դուրս ցուցադրաբար է կպցնում ծխախոտը, թեքվում դեպի տեսախցիկը, ներկայացնում իրեն փակ՝ տեռարիում հիշեցնող տարածության մեջ։ Եթե հիշենք Զենդայայի սուղ դերասանական փորձի մասին՝ կարելի է, իհարկե, մեծ զեղչ անել, սակայն այս լճակում լողացող ձկներն ընդամենը երկուսն են, և երբ իրենցից մեկն ակնհայտ շփոթում է հոսող ուղղությունն ու խճճվում ջրիմուռների մեջ՝ դա ավելի ակնառու է դառնում, ինչպես մանրադիտակի տակ։

F2A4E6FC F777 40F1 9AE1 8CE372D93DFE 960x640 - «Malcolm & Marie». Netflix-ի սև ու սպիտակ, կամերային խոսակցական մելոդրաման
Այնուամենայնիվ Լեվինսոնը ստեղծել է ոճային, խոսակցական և շատ ակտիվ ռեֆլեքսիկացող մելոդրամա, որտեղ շատ ու շատ զույգեր կարող են տեսնել սեփական արտացոլանքը կամ իրենց կյանքում ունեցած առնվազն մեկ տոքսիկ հարաբերությունների, զրույցի կամ կռվի եթե ոչ հայելիապատկեր, ապա կողքի աչքով՝ անկողմնակալ նկատառում։ Ինտերիերային ամսագրի ֆոտոշարքի, գիշերային ժամերին անկեղծության միտված խոսակցությունների և զգացմունքային սոուլ և rnb երգերի մեջ կարելի է հաճելի պահել գտնել։