Լռությամբ բռնանալու մասին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լռությամբ բռնանալու մասին…

Մինչդեռ մեզնից շատերը բողոքում են վերբալ բռնությունից՝ համարելով գոռգռոցները, վեճերը, փոխադարձ վիրավորանքների ու անգամ հայհոյանքների հասնող կռիվները փոխըմբռնման ծայրահեղ բացակայություն, բազմաթիվ տներում ձգված նյարդի պես դողում է ամենատոքսիկ բռնությունը՝ լռությունը:

Մեկի շուրթերից, հազարների անունից

«Երբ մայրս զայրանում էր, կամ ուղղակի դժգոհ էր իմ որևէ մանկական զանցանքից, սկսում էր իրեն այնպես պահել, կարծես ես չկամ: Այդ պահերին ես կարծես անտեսանելի էի դառնում, ապակյա, մինչև անգամ՝ թափանցիկ: Դա նույնն է, ինչ եթե ինձ պատժեին՝ տան ձեղնահարկը նետելով ու կողպելով դուռը հակառակ կողմից… մի տարբերությամբ՝ ձեղնահարկում ամեն ինչ պարզ է ու ակնհայտ»…

«Խնդիրը գալիս է մանկությունից»-ի կոնտեքստում

Այս պատմությունը մեկն է հազարավորներից, պատմողը՝ միակը չէ: Երեխաները, որոնք մեծանում են այստեսակ ոչ վերբալ, էմոցիոնալ բռնության ճիրաններում, հետագայում սկսում են համարել, թե դա բացարձակապես նորմալ է, այդպես է բոլոր ընտանիքներում: Առհասարակ ընտանեկան բռնությունը նուրբ հարց է, պետք է զգույշ լինել ու չընկնել ծայրահեղությունների մեջ. մինչդեռ երկրի քաղաքակիրթ բնակչության ճնշող մեծամասնությունն ընդունում է ֆիզիկական բռնության անկարելիությունը՝ տեսնելով դրա ակնհայտ հետևանքները՝ սպիների ու կապտուկների տեսքով, ապա հոգեբանական բռնության մասին պատկերացումները ամենևին կոնստանտ չեն. բարդ է տարանջատել՝ որտեղ է ավարտվում սեփական էմոցիաներից գլուխ հանելու անկարողությունն ու սկսվում իսկական բռնությունը դիմացինի հոգեբանության վրա:

Այդուհանդերձ, գիտական հետազոտությունները փաստում են՝ էմոցիոնալ և/կամ վերբալ բռնությունը հիմնովին փոխում է երեխայի ուղեղի կառուցվածքը: 

Արդյունքում այս երեխաները դառնում են մեծահասակներ, որոնք չեն վստահում աշխարհի սեփական ընկալմանը և մեծ բարդություններ են ունենում սեփական զգացողություններից գլուխ հանելու հարցում: Ապագայում նրանց մոտ ձևավորվում են կապվածություն անառողջ ձևեր, որոնք տատանվում են երկու ծայրահեղությունների մեջ. նրանք կամ անմնացորդ կապվում են, կամ խուսափում ամեն տեսակ մտերիմ հարաբերություններից:

Եվս մեկ անգամ կարդանք վերոնշյալ պատմությունը, ու փաստենք, որ գործ ունենք մի հանցագործության հետ, որի զենքը լռությունն է: 

Մեծանալով մենք իմունիտետ չենք ձևավորում

Թվում է՝ բռնության այս տիպը վատագույնս կարող է անդրադառնալ հենց երեխայի հոգեբանության վրա: Թվում է՝ մեծանալով մենք կոփվում ու ավելի տոկուն ենք դառնում այս տեսակ ազդակների հանդեպ: Սակայն, արի ու տես, ոչ: Մեծանալը, զարգանալը, կոփվելը, 2 բարձրագույն կրթություն ստանալն ու մասնագիտության մեջ հաջողելն անգամ մեզ զերծ չեն պահում հոգեբանորեն ճնշվելուց:

«Ես ինչ-որ խղճուկ բան էի դառնում՝ սպասելով, թե նա՝ ամուսնիս երբ կհարցնի, թե ի՞նչ եմ պատրաստել ընթրիքի համար, կամ վճարել եմ արդյո՞ք կոմունալները: Ամեն անգամ՝ երբ մենք անխիղճ վիճում էինք, դրան հաջորդում էր երկարատև՝ օրեր ու շաբաթներ ձգվող լռություն: Ես որսում էի նրա հայացքը մի բառ լսելու ակնկալիքով: Ես հույս ունեի, որ նա կնախատի ինձ, թեկուզ կգոռա… իսկ ամենավառ երազանքներիս մեջ, ես, իհարկե, ուզում էի լսել, որ այդուհանդերձ նա ինձ սիրում էի»: 

Սա նույնպես, հավատացեք, մեկն է այն հազարավոր սիրային ու ընտանեկան պատմություններից, երբ զույգերից մեկը բառացի տանջամահ է անում մյուսին՝ լռելով: Պարադոքսն այն է, որ արդեն հասուն մարդը, որը վաղուց երեխա չէ, նույնպես սկսում է ընդունել իրավիճակն իբրև նորմալ մի բան, արդարացումներ է փնտրում ու գտնում՝ «նա ուղղակի չի ուզում խոսել», «նա փորձում է հավաքել մտքերը», «նա չի ուզում հանկարծ նեղացնել ինձ», «գուցե ես եմ շատ զգայուն»:

«Մտերիմ մարդու հանդեպ ամենամեծ մեղքն ատելությունը չէ, այլ անտարբերությունն է. սա է դաժանության գագաթնակետը»,- ժամանակին գրել է Բերնարդ Շոուն:

Մեխանիզմը նույնն է. չխոսել նշանակում է անտեսել, երբ անտեսում են փորձում են հասկացնել, որ դու գոյություն չունես, դու ոչինչ ես: Սա կարելի է դիտարկել, իբրև կառավարելու, վերահսկելու, իշխելու միջոց, ընդ որում՝ շատ խելացի միջոց. չէ՞ որ նմանատիպ բոյկոտը խոսակցության չի հանգեցնում, իսկ դիալոգը հաշտությանը տանող առաջին քայլն է, ու երկուսի հավասարությունը մատնանշող առաջին գործոնը:

Լռություն խաղալը նրանց ստրատեգիան է, ովքեր ուզում են իշխել:

Լռությամբ բոյկոտելու հոգեբանական հետևանքները

Ենթադրելի է, որ նման տեսակ վերաբերմունքը սիրելիների, մտերիմների, «ընտանիք» համարվող մարդկանց կողմից չի կարող անհետևանք անցնել: Մարդը, որը նման տեսակ բռնության է ենթարկվել զգում է սեփական անկարողությունը: Տևական տագնապի, սպասումի ու վրա հասած տխրությանն է հաջորդում դեպրեսիան: Նրանք միառժամանակ զայրույթ, վախ և մեղավորություն են զգում. համաձայնեք, որ ամենաերջանիկ կոկտելը չէ: Բոյկոտի զոհը չի կարող անգամ հարցնել, թե ինչու են նրա հետ այդպես վարվում, նա պատասխան չի ստանա, ինչն ավելի կբարդացնի նրա էմոցիոնալ կարգավիճակը: Այո՛, գոռոցներ ու ապտակներ չկան, բայց բռնության հոգեբանական հետևանքները տեսանելի են անզեն աչքով:

Լռությամբ բոյկոտելու առողջական հետևանքները

Կրկին դիմենք գիտական հետազոտություններին. վերջիններս վկայում են, որ ոչ վերբալ հոգեբանական բռնությունը ակտիվացնում է զոհի գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ցավի համար: Ինչը անհեետևանք չի լինում. արդյունքում գլուխ է բարձրացնում հոգեսոմատոմիան, որի առաջին նախանշաններն են սուր գլխացավերն ու մարսողական խնդիրները: Ավելի ուշ վրա են հասնում մշտական հոգնածությունն ու անքնությունը: Եթե բոյկոտը երկարատև է, հետևանքներն առավել ծանր էն. առաջնում են արյան ճնշման կտրուկ բարձրացում, մեծանում են շաքարախտի և անգամ քաղցկեղի առաջացման ռիսկերը: Մեծ վնաս է հասցվում մարդու իմունային համակարգին. չէ՞ որ նա գտնվում է տևական ու շարունակական սթրեսի մեջ:

Քիչ չեն դեպքերը, երբ հոգեբանական բռնության այս տեսակը «բարի» նպատակներ ունի, երբ դիմացինը ցանկանում է այս կերպ հասնել նրան, որ մենք փոխենք մեր վարքագիծը, կարծիքը, վերաբերմունքը՝ այն, ինչ նրան խանգարում է ու հանդիսացել է վեճի առիթ: Սա սխալ ընտրություն է:

Լռության միակ տրամաբանական շարունակությունը հարաբերությունների իսպառ խզումն է:

Զրուցեք, զրուցեք, և կրկին զրուցեք: Իսկ եթե ձեզ հետ չեն զրուցում, եթե սպառում են ձեր ներքին էներգիան, քամում են կյանքի հանդեպ ձեր սերը, լռում են ու ստիպում են աղերսել, լռում են ու ստիպում են երազել երկու բառ փոխանակելու մասին. ուղղակի հեռացեք…որքան հնարավոր է հեռու, որքան հնարավոր է «հիմա»:

 

 

 

 


Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Մենք հիշում ենք ուսուցիչների վիրավորանքները…

Լաբկովսկին ասում է…

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

Մեկ ամիս կյանքը փոխելու համար