Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Եթե առանձնապես գլուխ չեք հանում սպորտից ու դրա հետ կապված որոշակի միջոցառումներից ու իրադարձություններից, ապա գոնե լսել և հաճախ օգտագործել եք Մարաթոնյան վազք արտահայտությունը՝ նկարագրելու համար մի շատ խառը, վազքային իրավիճակ: Այսքանը թերևս:
Բայց այս տերմինը շատ հետաքրքիր նախապատմություն ունի․․․․
Ի՞նչ է Մարաթոնյան վազքը, որտեղի՞ց է այն առաջացել և ի՞նչ է Մարաթոնը, կպարզենք ստերև:
Պատմական աղբյուրը նշում է, որ մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը՝ Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավում է Կիկլադեսյան կղզիների մեծ մասը և ուղղություն է վերցնում Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ, որտեղ և տեղի է ունենում հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Զբաղեցնելով բլրաշատ տարածքները՝ աթենական 10,000 զորքը պատրաստվում է հարձակման:
Հատկանշական է, որ բլուրների վրա տեղակայվելը մարտավարական նշանակություն ուներ: Նախ և առաջ որպեսզի պարսկական հեծելազորը չկարողանար ծավալվել հույների դեմ, երկրորդ՝ այստեղ խմելու ջրի պաշարներ կային: Միլտիադեսի հրամանատարությամբ աթենական բանակը կազմ պատրաստ սպասում է պարսկական զորքին բլուրների վրա: Թվում էր, թե հրամանատարը սպասելու է, բայց նա դիմում է նախահարձակման, քանի որ պարսկական բանակի շարքում աթենական տիրան Հիպիասը որպես խորհրդատու էր աշխատում. նա ապստամբել էր սեփական երկրի դեմ և պարսիկների կողմն էր անցել: Բացի դավաճանությունից՝ նա կողմնակիցներ էր ձեռք բերել Աթենքում, որոնք այս ճակատամարտին զուգահեռ ծրագրում էին երկրի ներսում խռովություններ կազմակերպել:
Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստում են իրենց նավերը և փախուստի դիմում: Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ։ Եվ որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չիրականացվեն դավաճան Հիպիասի համախոհների կողմից, Միլտիադեսը որոշում է Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը ավետելու համար: Վերջինս առանց կանգ առնելու վազում է մոտ 42 կմ տարածություն և հասնում է Աթենք` Արտեմիս ստվածուհու տաճարի պատերի մոտ՝ հաղորդելով հաղթանակի մասին լուրը, որից հետո շունչը փչում է և տեղում՝ տաճարի պատերի տակ մահանում։
Հույն պատմիչները վկայությամբ՝ Մարաթոնի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։
Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը: Այն սկսեցին կիրառել 1895 թվականից՝ ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը: Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժամ 8 րոպե 33, 6 վայրկյանի, որը պատկանում է ավստրալիացի մի մարզիկի: Իսկ Մարաթոնյան վազքի ավանդական միջազգային մրցումներն անց են կացվում Հունաստանում, ԱՄն-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում և Նիդերլանդներում:
Ահա այս դեպքերի և տեղանվան հետևանքով էլ առաջացել է Մարաթոնյան վազք հասկացությունը, որն իրենից ներկայացնում է խճուղային վազք, իսկ վազքային ուղու ամենաերկար տարածությունը 42 կմ 195 մ է:
Եղեք տեղեկացված. սպորտի նախապատմությունները շարունակելի են լինելու:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո