Մարիամ Ասլամազյանի հուշագրությունները Բակունցի մասին... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարիամ Ասլամազյանի հուշագրությունները Բակունցի մասին…

Արդեն բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու Ակսել Բակունցի կյանքում տեղ գտած կանանց, նրա սիրավեպերին ու ամուսնությանը։ Այսօրվա անդրադարձը մի կնոջ մասին է, որին Բակունցի հետ կապում էին ընկերական, մտերիմ հարաբերություններ։ Մի կնոջ, որը նկարեց Բակունցին ու նրա մորը, իր հուշագրություններում էլ հաճախ հիշատակեց գրողին։

Մարիամ Ասլամազյանը Բակունցի հայրենի հողում

1935 թվականի ամռանը գյումրեցի հայտի նկարչուհի Մարիամ Ասլամազյանը գտնվում էր Գորիսում, իր քրոջ՝ նկարչուհի Երանուհու հետ նա ժամանել էր Բակունցի հայրենի հող ոգեշնչման ու գույների հետևից։ Նույն ոգեշնչման փնտրտուքները Գորիս էին տարել նաև Ակսել Բակունցին, վերջինս «Զանգեզուր» կինոսցենարի համար նյութեր էր հավաքում։ Հենց այս ամառային օրերին էլ ծանոթանում են մեծանուն գրող Բակունցն ու անվանի նկարչուհի Մարիամը։
Մի օր Մարիամն ու Երանուհին ճանապարհ են ընկնում դեպի «Լաստի խութ» սարի գագաթը ու հանդիպում են Բակունցին, նա էլ բնիկ Գորիսեցու իրավունքով առաջարկում է ուղեկցել աղջիկներին. սկսվում է Բակունց-Ասլամազյան մտերմությունը՝ ամենօրյա հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ։ Այս ամենն իրենց արտացոլանքն են գտնում Մարիամի հուշագրություններում, որն ավելի ուշ պիտի գրեր՝
«Ակսելին միշտ հիշում եմ՝ նստած իրենց այգու մեծ տանձենու տակ, մուգ կարմիր գորգի վրա՝ հենված մութաքաներին ու բարձերին, առջևը պղնձե սինիի վրա սուրճ ու մրգեր, աջ ու ձախ թափված գրքեր ու տետրեր: Նա մեզ դիմավորում էր ժպիտը դեմքին: Պետք է ասել, որ Ակսելի շուրթերի վրա խաղում էր ինչ-որ խորհրդավոր, անըմբռնելի մի ժպիտ: Երբեմն թվում էր, թե հեգնանք կա այդ ժպիտի մեջ, երբեմն էլ թվում է, թե նա մի բան է ասել կամ մտածել և սպասում է, որ լսողը լրացնի իր միտքը»:
Գորիսյան օրերին հաջորդում են համատեղ շրջագայությունները Հայաստանի այլ անկյուններով՝ Տաթև, Խնձորեսկ… որտեղ, Մարիամի վկայությամբ, Ակսելին մի ուրիշ ակնածանքով ու սիրով էին ընդունում, բոլոր տները հյուրընկալ ու դռները բաց էին նրա առաջ։ Իսկ այ Տաթևի ճանապարհին Մարիամը ցանկություն է հայտնում՝ Ակսելի հետ նկարվելու, նա էլ, թե՝

«Մարիամ, իմ գլխին սև ամպեր են կուտակված, ես չեմ ուզում փոքր-ինչ ստվեր գցել ձեզ վրա: Իմ սիրելինե՛ր, դուք հեռու եք ամեն ինչից, այդպես էլ մնացեք»։

Մարիամի հուշագրությունները պատմում են…

Շուտով Ասլամազյանները մեկնում են Լենինգրադ։ Բակունցի հետ մտերմությունը շարունակվում է նամակագրական կապի միջոցով։
«Զանգեզուրից վերադառնալուց հետո՝ Երևանում, մենք մի քանի անգամ հանդիպել ենք Ակսելին, ապա նա մեկնեց ծովափ՝ հանգստանալու, իսկ մենք Լենինգրադ: Այնտեղից մեզ հաճախ էր գրում: Նա պատմում էր, որ ծովափին պառկած գրում է, գրում, մյուս օրը կարդում ու թերթ առ թերթ նվիրում ծովին: Նա ինչ-որ մեծ պատմական թեմայի վրա էր աշխատում, հատուկ Խանջյանի պատվերով, ասում էր, որ շատ մեծ թեմա է: Երևան վերադառնալուց հետո նրան հյուրանոցում սենյակ էին հատկացրել աշխատելու համար, գրում էր, թե եզան պես աշխատում է, բայց արդյունքն այնքան էլ լավ չէ: Գարնան մոտ նամակները դադարեցին»…
Երկու ստեղծագործողների առաջին հանդիպումից անցնում է ուղիղ 32 տարի, Բակունցն արդեն վաղուց վախճանվել էր՝ զոհ գնալով ստալինյան ռեժիմին։ Մարիամն էլ արդեն պատկառելի տարիքի ու վաստակի տեր կին էր, երբ որոշեց կրկին այցելել Ակսելի ծննդավայր՝ Գորիս։ Մարիամը գրում է՝
«Քաղաքը շատ էր փոխվել, դա ուրիշ քաղաք էր՝ մեծ մոխրագույն տներով: Գորիսը կորցրել էր իր գրավչությունը: Ժայռերի միջի հին տները դատարկվել էին, կիրճը ամայացել էր, միայն հատուկենտ զբոսաշրջիկներ էին երեւում այնտեղ: Այլեւս չկային այն նրբագեղ, բարեկազմ, ազգային տարազով գորիսեցի հպարտ կանայք, որոնք այնպես ներդաշնակորեն էին համադրվում գորիսյան անկրկնելի ժայռերի հետ, որ ասես մեկ ամբողջություն լինեին: … Մի երեկո որոշեցի գտնել Ակսելի տունը: Պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէ: Վերջապես շատ հարց ու փորձից հետո գտա: Բակում ամեն ինչ փոխվել էր, ապակեպատել էին պատշգամբը, այգու տարածքում նոր տուն էին կառուցել: Հին տան մեջ անփոփոխ էր մնացել միայն Ակսելի սենյակը: Ես թույլտվություն խնդրեցի և մտա այգի: Հին օրերի միակ վկան մնացել էր կիսով չափ սղոցված տանձենին, որի տակ աշխատում էր Ակսելը… 
Հեռանալիս ինչ-որ մեկն ասաց. «Քաղաքում Ակսելի արձանն են տեղադրել, այնպես որ մենք նրան չենք մոռացել, եթե կուզեք՝ կուղեկցեմ»: Ես հրաժարվեցի եւ որոշեցի մենակ գնալ: Արդեն մութն ընկնում էր, երբ գտա Ակսելի արձանը: Այն կանգնած էր փոքր հրապարակում, շրջապատված անդեմ եւ միանման տներով: Արձանի մոտ ոչ մի ծաղիկ չկար, չորացած խոտերի մեջ կանգնած էր քարացած Բակունցը: 
Ես երկար նայեցի, պտտվեցի չորս կողմը, նստեցի ցանկապատի ծայրին, մտածեցի.« Լավ է, որ ինձ ոչ ոք չխանգարեց՝ նրա հետ մենակ մնալու…»: Բայց իմ մենությունը երկար չտեւեց: Հետաքրքրասերների մի խումբ շրջապատեց ինձ՝ խանգարելով իմ մտորումները: Լուռ հեռանալով մտածում էի, թե որքան դաժան է ժամանակը, ինչ արագ է ամեն ինչ տրվում մոռացության: …. Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին…. »
Այս ընկերության ու մտերմության  պատմությունից մեզ մնաց Ասլամազյանի հեղինակած նշանավոր դիմանկարը՝ «Ակսել Բակունցը մոր հետ»:
կարդա նաև՝