fbpx

Մարիամ Կանայան [զրույց գրքի, դիզայնի ու գեղեցիկի մասին]

Սկիզբը

Երեք տարի առաջ սկսվեց իմ գործունեությունը հրատարակչական ոլորտում։ Որպես գրաֆիկ դիզայներ աշխատում եմ մոտ 5 տարի: Մինչ այդ աշխատել եմ ճարտարապետական ընկերությունում, որպես ինտերիերի դիզայներ։ Գրաֆիկ դիզայների և իլյուսատրատորի գործունեությունը, պրոֆեսիոնալ խնդիրներն ու դրանց լուծումներ գտնելու ձևերը առավել հետաքրքիր դարձան ինձ համար։ 2015 թ-ի վերջից աշխատում եմ «Զանգակ» հրատարակչությունում, որտեղ սկսվեց այլ գիտելիքներ,  հմտություններ ձեռք բերելու ու փորձ կուտակելու նոր փուլ։ Սկսեցի ուսումնասիրել ինչպես մեր, այնպես էլ աշխարհում ճանաչված հրատարկչությունների, այս ոլորտի մասնագետների  բազմամյա փորձը, ոգեշնչվել նրանց արածով։ Ինձ համար շատ կարևոր եղան «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական ղեկավար՝ լուսահոգի Արա Բաղդասարյանի հետ շփումը, նրա հրատարակչական ու գրատպության խորքային գիտելիքներին առնչվելը։ Նման վաստակավոր մասնագետների կարիքը միշտ կա, որպես իմաստուն ավագի և բանիմաց ուղղորդողի։ Կարելի է առանձին ծավալուն հոդված գրել նրա մասին։

Փորձեմ նկարագրել, թե ո՞րն է Գրքի դիզայնը․ 

էջադրում

Գրքի ձևավորումը տեխնիկապես կարելի է 2 մասի բաժանել՝ բլոկի (միջուկ) ձևավորում և կազմի ձևավորում։ Միջուկը բովանդակությունն է, և կազմը՝ բովանդակության արտաքին ձևը։  Միջուկը ձևավորողները՝ էջադրողները, տիրապետում են այնպիսի գիտելիքների, որոնց շնորհիվ գիրքը դարձնում են դյուրընթեռնելի և մանավանդ մասնագիտական գրականության պարագայում՝ առավել հեշտ ընկալելի։ Տեքստն ինչպես պատահեց շարելը, բավարար չէ։ Ամեն գիրք, լինի գեղարվեստական, լինի դասագիրք, ուսումնական ձեռնարկ, ալբոմ և այլն, էջադրման ուրույն կանոններն ունի։

Պրոֆեսիոնալ էջադրողը գիտի, ո՛ր գրքի դեպքում տեխնիկական ինչպիսի՛ պահանջների է  պետք բավարարել․ օրինակ՝ հիմնական տեքստի, վերնագրերի և այլ գրվածքների ճիշտ տառատեսակի ու չափի ընտրություն, տողարանքի, տառարանքի հեռավորություն, լուսանցքների չափ, և ընդհանրապես կոնցեպտի ձևակերպում։ Սրանք դեռ տեքստային մշակումներն են։ Կա նաև գեղարվեստական մասը, երբ գիրքը պարունակում է նկարազարդումներ, կամ գրաֆիկական ու գունային տարբեր լուծումներ, որոնքն իրենց հերթին բովանդակությունը դարձնում են ավելի արտահայտիչ։

էսքիզներ

Մի կարևոր հանգամանք կա․ հաջող էջադրումը կախված է գրվածքի կառուցվածքի և բովանդակության ներդաշնակ ներկայացումից։ Այլապես խոչընդոտվում է դիզայների աշխատանքը։ Ինչ խոսք, Էջադրման փուլում կարող են որոշակի փոփոխություններ լինել, բայց դրանց ծավալը չպիտի քանդի ամբողջ դիզայներական մտահղացումն ու կոմպոզիցիան, այլապես էջադրող-դիզայները ստիպված է գործը նորից սկսել։ Այս ամենը վերաբերում է էջադրմանը, որին լավ տիրապետում են հրատարակչական ոլորտի փորձառու էջադրող-դիզայներները։

Կազմի ձևավորում

Ինչպես նշվեց, Շապիկը արտաքին ձևն է և պետք է բխի բովանդակությունից, արտացոլի այն։ Բայց մինչ կազմերի դիզայնին անդրադառնալը մի փոքր դիտարկում անեմ, որ ընդհանրապես վերաբերում է գրաֆիկ դիզայներներիս։

Հաճախ գրաֆիկ դիզայներին վերաբերում են, որպես «արվեստագետի», կամ նկարողի (իհարկե, նկարել իմանալը կարևոր է, բայց միակ պահանջվող հմտությունը չի), ու ակընկալում են, որ հենց նա մատիտը թղթին հպի, կամ համակարգչով մի քանի գործողություն անի, լավ դիզայնը պատրաստ կլինի։ Դիզայնի բնույթն այլ է։ Ցանկացած գործի սկզբում մենք նախ «խնդիրներ» ենք ձևակերպում և այդ ձևակերպած խնդիրներին սկսում լուծումներ տալ։  Որքան ճիշտ ենք ձևակերպում խնդիրները, այնքան պարզ են դառնում դրանց լուծումների տարբերակները։

Դիզայները չի կարող միայն բավարարվել գեղագիտական կողմով՝ մոռանալով խնդիրների լուծման մասին, ի տարբերություն նկարիչների, որ ազատ են այս հարցում։

Արվեստի և դիզայնի «խնդիրների» տարբերությունը շատ լավ ձևակերպել է գերմանացի հայտնի գրաֆիկ դիզայներ Օթլ Այխերը ասելով․ «Լավ արվեստը ոգեշնչում է, լավ դիզայնը՝ դրդում (motivate)»։ Թեպետ, գրքի՝ մասնավորապես գեղարվեստական գրականության պարագայում, կարելի է ասել, արվեստի ու դիզայնի խնդիրները միավորվում են․ գիրքը կարող է թե՛ ոգեշնչել, թե՛ դրդել։ Սա ապահովելու համար դիզայները հիմնականում պետք է կարողանա. ա) արտացոլել գրքի բովանդակությունը, տպավորությունը, բ) հաշվի առնել ենթադրյալ ընթերցողների «քիմքը», առանձնահատկությունները (ո՞ւմ համար է նախատեսված տվյալ գրականությունը) և գ) ապահովել մրցունակ ապրանքային տեսք (սա արդեն հստակ դիզայներական խնդիր է)։

Ինչի՞ց սկսել

իհարկե ընթերցելուց։ Սա մեր գործի բոնուսներից մեկն է։ Եթե նույնիսկ ժամանակը թույլ չի տալիս գիրքը ամբողջությամբ ընթերցել, այնուամենայնիվ ցանկալի է շատ տեղեկություն քաղել գրքի մասին, յուրացնել ֆաբուլան, առանձնացնել առանցքային դրվագներ ու բնորոշող «սիմվոլներ»։ Սրանից հետո մշակել կոնցեպտը, էսիքզներ անել՝ հասկանալու համար ի՞նչ պատկեր, ինչպիսի՞ գրաֆիկական լուծումներ պետք է լինեն շապիկին։

Փորձեմ ասածս մանրամասնել իմ արած գործերի օրինակներով

Սկսեմ  Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի կազմից։ Գրքին ծանոթանալիս առաջին հերթին հետաքրքրեց վերնագիրը․ ինչո՞ւ «Ցասման ողկույզներ»։ Պարզվեց վերցված է Աստվածաշնչի Հայտնության գրքի մի հատվածից (14:19-20)։ Նախնական էսքիզներից մեկում հենց դա էի ուզում ցույց տալ՝ խաղողի ողկույզը բռունցքի մեջ։ Սակայն միտքը շատ ուղղակի էր ու գրքի ամբողջ ընթացքը չէր հաղորդում։

Նոր նյութեր փնտրեցի նկարագրվող ժամանակաշջանի՝ «Ամերիկյան մեծ ճգնաժամի» մասին, ուսումնասիրեցի այդ ժամանակվա ֆոտոարխիվները, որոնք շատ ազդեցիկ են: Նայեցի 1940 թ․-ին նկարահանված ֆիլմը, նաև ծանոթացա հայտնի հրատարակչությունների ձևավորած գրքերին։ Արդյունքում որոշեցի էսպիսի դրվագ ցույց տալ՝ ճանապարհ, որով ընթանում են գրքի հերոսները՝ իրենց ամբողջ ունեցվածքը փոքր բեռնատար մեքենայի մեջ տեղավորած:

Առանձնացրեցի աչք գրավող համադրությամբ 4 գույն՝ ամբողջ պատկերը հարթ մակերեսներով ցույց տալու համար։ Փոշոտ դեղինը տափաստան հիշեցնող հիմնական ֆոնն է, որի վրա կոնտրաստով՝ սևով նկարված է «փշոտ» ճանապարը ու դրանով ընթացող բեռնատարը, հատակը՝ ասֆալտի մոխրագույնով, որ չձուլվի ընթացող մեքենային։ Ետին ֆոնին՝ մեքենայից մի փոքր աջ, Ազատության երկնագույն արձանն է՝ ամերիկյան դրոշի ֆակտուրայով, որը խորհրդանշում է այսպես ասած «ամերիկյան երազանքը», որին ձգտում էին հերոսները։ Դեղին-երկնագույն վերնագիրը գրված է «անփույթ» ձեռագրով, համապատասխան ընդհանուր ոճին։ Գնորդը գիրքը տեսնելիս՝ այս մանրամասների մասին դժվար թե մտածի, բայց դիզայները այս ամենը այնպես պիտի մշակի ու պատկերի, որպեսզի վերջնական տեսքը ամբողջապես ընկալելի լինի ընթերցողին։

Բացի բովանդակությանը լավ ծանոթանալը…

… շատ ցանկալի է, որ դիզայները իրեն ազատ զգա էքսպերիմենտներ անելու համար։ Չբավարարվի միայն համակարգչի հնարավորություններով։ Համակարգիչը լինի մտահղացումը իրագործելու միջոցներից մեկը, ոչ թե միակը։ Էքսպերիմենտների արդյունքում ստեղծվեցին օր․՝ Մելինդա Նադյ Աբոնիի «Աղավնիները թռչում են» («Զանգակ» հրատարակչության «Աշխարհը հայերենով» շարքից) և Հենրիկ Էդոյանի վերջերս լույս տեսած «Լույսը ձախ կողմից» գրքերը։

Առաջին  գիրքը ինքնակենսագրական վեպ է, Սերբիայում ապրող հունգարական ծագումով ընտանիքի մասին, որը մինչև «սովետ»-ի փլուզվելը տեղափոխվում է Շվեյցարիա։ Հեղինակը զուգորդում է իր անցյալի՝ մանկության քաղցր հիշողությունները, «հետո»-ի դժվարությունները, նոր երկրի քաղաքացի դառնալը, արևելյան ու արևմտյան եվրոպացիների մշակութային տարբերություններն և պատմական իրադարձությունների արդյունքում «հայրենիք» կորցնելը։ Հայերիս համար հարազատ թեմա է, խորհուրդ եմ տալիս կարդալ՝ հասկանալու, թե ինչ մեծ պարգև է մեզ համար հայրենիք ու պետություն ունենալը, անկախ այն հանգամանքից Հայաստանում եք ապրում, թե այլ երկրում։

Ինչևէ, գրեմ ձևավորման մասին։ Չնայած, որ խուսափում եմ վերնագիրը ուղղակի պատկերելուց, այս անգամ որոշեցի հենց թռչող աղավնիներ ցույց տալ, բայց այդ անել «ենթատեքստով»։ Սկսեցի աղավնիներ կտրատել ու դրանց էքսպերիմենտալ լուսանկարները անել։ Տան տանիք հիշեցնող ուրվագծով կտրվածք արեցի կապույտ ֆոնի վրա, որից պիտի դուրս թռչեին աղավնիները։ Երկու աղավնի  կազմի հակառակ երեսին են, դրանք խորհրդանշում են հերոսուհուն ու իր քրոջը։ Այդ տուն հիշեցնող  կտրվածքի տակ սպիտակ թուղթ է, այսինքն, արդեն «բացակայող» տուն-հայրենիքն է, որից հեռանում են աղավնիները։ Այսպիսով գրքի կազմը բացի ուղղակի վերնագիրը պատկերելուց, ցույց է տալիս գրքի հիմնական իմաստը։

Լուսանկարի հիման վրա է ձևավորված Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների գիրքը։ Բանաստեղծությունների գրքի պարագայում կարելի է առավել վերացարկված պատկեր օգտագործել, մանավանդ, որ հեղինակը Հենրիկ Էդոյանն է։ Ոգեշնչվել եմ մի բանաստեղծությամբ, չեմ նշի որն է, թող ընթերցողը ինքնուրույն գտնի այն։ Ընկնող, թե անհետացող թռչուն էի ուզում պատկերել։ Թռչունների «ընկնող» ուրվագծերով անցքեր կտրեցի թղթերի վրա, դրանք՝ մեկը մյուսի ետևին պահելով, գոյացած անցքի միջով նկարեցի մի ուրիշ ընկնող թռչուն՝ ֆոկուսից դուրս։ Գրեթե նույն պատկերը հնարավոր էր համակարգչային ծրագրի միջոցով ստանալ, բայց այն իր «կենդանությունը» կկորցներ։

Լինում է նաև, երբ պարտադիր չէ, որ կազմի պատկերը հղում կատարի բովանդակությանը։ Օրինակ՝ մեր գրական շարքերից մեկի՝ Արթուր Միլլերի պիեսների կազմը։ Նպատակահարմար գտանք պիեսների սյուժեի փոխարեն պատկերել հեղինակին։ Հայտնի լուսանկարներից մեկի հիմա վրա մշակվեց գրաֆիկական դիմապատկերը՝ գունային վառ համադրությամբ, գրասերի ուշադրությունը հրավիրելու համար։

Վերջին շրջանից մի այլ օրինակ․

Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի կազմը։ Ընդհանրապես ինձ հոգեհարազատ է արևելքի մշակույթը, որին բնորոշ են յուրահատուկ ջերմությունն ու ավանդույթները։ Այս մոգական վեպի մեջ պատմական իրադարձությունները շաղկապված են ավանդույթների, այլաբանությունների հետ, ուր սպասում ես ինչ-որ «հրաշքի»։ Այս ամենից ստացած տպավորությունը պետք է կարողանայի արտացոլել։ Անպայման ուզեցի օգտագործել «բադամները», որոնք արևելյան մշակութը բնորոշող սիմվոլներից են։  Բայց մինչ սա պետք էր կոնցեպտը հասկանալ։ Գիրքը կոշտ կազմ և սուպերշապիկ էր ունենալու, որոնք մտադրվեցի միանման չանել։

Սկսեցի հերոսների էսքիզները նկարել՝ փակ աչքերով հնդիկ պատանիների 5 կերպար պատկերեցի, օգտագործելով տարբեր տեխնիկա՝ մատիտ, թանաք, ֆլոմաստեր։  Կազմի նախնական տարբերակի համար ընտրեցի թանաքով արված էսքիզը, բայց սպիտակ ֆոնը ճնշող էր։

Մտքափոխվեցի, որոշեցի հակառակն անել․ կեսգիշերի մուգ ֆոնի վրա լինեն կերպարները՝ հնդկական արտահայտիչ ու պայծառ գույներով։ Լավագույն էսքիզների հիման վրա, արդեն համակարգչային ծրագրերով մշակվեց վերջնական պատկերը։ Վարսերի վրա կրկին օգտագործեցի նշաձև զարդանախշերի հատվածներ: Կազմի հակառակ կողմում նման սկզբունքով պակերեցի հերոսներին՝ թիկունքից։ Իմ ուզած մոգական «հեքիաթ» հիշեցնող պատկերը ստացա։ Մնում էր վերնագիրը համապատասխանեցնել։

Հարմար տառատեսակ չգտնելով՝ գրեցի կալիգրաֆիկ գրիչով, փորձելով նմանեցնել  հնդկական գեղագրությանը։ Սա  սուպերշապիկն էր։ Կոշտ կազմը ուղղակի սև թղթից է, երեսին արծաթով պատկերված կեսգիշեր ցույց տվող ժամացույցը, իսկ վերնագիրն ու հեղինակի անունը գրված են միայն կռնակին։ Այսպիսով գիրքն ունեցավ տարբեր, բայց իրար լրացնող «զուսպ» կազմ և «նախշուն» սուպեր շապիկ։


Էսպես կարող եմ շատ կազմերի ստեղծման ընթացքը նկարագրել, բայց ամենակարևոր սկզբունքը, որ կիրառում եմ բոլոր կազմերի ձևավորման դեպքում, այսպիսին է․ ստեղծել մրցունակ դիզայնով կազմեր, ոչ  միայն հայկական շուկայի համար, այլ ընդհանրապես աշխարհի։ Նաև հիշել, որ գիրքը թե՛ ընթերցելուց առաջ, թե՛ հետո պիտի գրավիչ լինի ու մնա։

Մի անգամ էսպիսի կարծիք էի լսել գրքերի ձևավորման մասին, թե քանի որ մեր շուկան փոքր է, դիզայնը առանձնապես խնդիր չի լուծում, այսինքն արտաքին տեսքը գրքի պահանջարկը չի մեծացնում։ Հնարավոր է, բայց նման վերաբերմունքը մեր գործում մեղմ ասած օգտակար չէ, եթե չասեմ վատ է։ Դիզայներները կարող են ասել, որ եթե կա արտադրություն և տվյալ դեպքում արտադրանքը գիրքն է, կապ չունի, թե քանի օրինակ կտպագրվի՝ 10, թե 100․000, պրոֆեսիոնալի մոտեցումը միշտ նույնը պիտք է լինի։ Վերջիվերջո այս ամենը արձանագրվում է պահանջ ունեցողների՝ ընթերցողների կողմից։ Արտաքին ձևը լավ ատրադրանքի կարևոր բաղկացուցիչներից մեկն է, որի շնորհիվ էլ գրքերի հանդեպ տրամադրություն ու վերաբերմունք է ստեղծվում, շուկա ձևավորվում։

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Նկարիչը պատկերել է երևանյան անհրապույր տրանսպորտի հմայքը

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ [զրույց. bzbzաշարք]

Arevik d’Or-ն ու 3 թմբլոները [հետաքրքիր պատմություն]


Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հավերժ քոնը [հատված վեպից]