Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել - VNews

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Մարկ Շագալ – աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկը, որին իրենց երկրի քաղաքացի անվանելը պատիվ են համարում ռուսները, բելառուսները, հրեաները, ամերիկացիներն ու ֆրանսիացիները: Մարկ Շագալ – նկարիչ, որի անունն աշխարհին հայտնի դարձավ դեռ մինչև 30 տարեկան դառնալը: Մարկ Շագալ – ավանգարդիստ, որը պատկերեց սերը:

Ծնունդը

Մարկ Շագալը ծնվել է 1887-ի հուլիսի 6-ին այժմյան Բելառուսի Վիտեբսկ քաղաքում՝ տարածք, որը Եկատերինա 2-րդը հատկացրել էր ռուսաստանաբնակ հրեաներին: Կրթությունը՝ տանը. Թորա, եբրայեցերեն, մարգարեների գրքեր, ապա` Վիտեբսկի ուսումնարան, ապա՝ նկարչության դասեր: Ուսուցիչն այնքան է տպավորվում Մարկի տաղանդով, որ փող չի վերցնում նրա հետ պարապելու համար, և առաջարկում է Պետերբուրգ գնալ՝ սովորելու:

27 ռուբլին վերցնելով, հորս՝ նկարչության համար ինձ տված միակ գումարը ողջ կյանքիս ընթացքում, ես գնացի Պետերբուրգ:

Վիտեբսկն ու սերը

Պետերբուրգ, ավանգարդիզմ, կրթություն, փորձառություն, փնտրտուքներ… ապա նորից Վիտեբսկ, փնտրտուքներ, ոգեշնչումներ, հուսահատություններ և սեր՝ միակը. Բելլա Ռոզենֆելդ:

Երբ նա նայում է… օ՜, նրա աչքերը: Եվ ես հասկացա, նա իմ կինն է լինելու: Դալուկ դեմքին փայլում են աչքերը: Մեծ, արտահայտիչ, սև: Դրանք ի՛մ աչքերն են, ի՛մ հոգին…

Շագալի գրեթե բոլոր նկարներում Բելլան է.

ծննդյան օր

 

քաղաքի վրայով
զբոսանք

Փարիզ, Փարիզ

1911-ին Շագալը գնում է Փարիզ՝ քաղաք, որտեղ այդ տարիներին ապրում էին լավագույն պոետներն ու նկարիչները: Սրճարաններում ու հատուկ կազմակերպված երեկոներին նկարիչներն ու արվեստագետները, պոետներն ու արվեստասերները հավաքվում էին ու քննարկում արվեստը, ոգևորում միմյանց, նոր ուղղություններ բացում, ստեղծում ու զարգացնում: Ոսկե տարիներ ոսկե քաղաքում:

Իրերի մեջ ու մարդկանց մեջ չափի, պարզության, ձևի, նկարչականության անգերազանցելի զգացողություն կա…

Շագալը Փարիզի մասին

Այստեղ Շագալը միանգամից մի քանի ակադեմիա էր հաճախում սովորելու, ուսումնասիրում Էժեն Դելակրուայի, Վան Գոգի, Պոլ Գոգենի արվեստը, սակայն «Ոչ մի ակադեմիա չէր կարող ինձ տալ այն, ինչ ես ստացա Փարիզի փողոցներում թափառելով», – ասում էր նկարիչը:

Այս բոլոր նկարները ստեղծվել են Փարիզում:

տեսարան փարիզյան պատուհանից
հովհարով հարսանցուն
ես ու գյուղը
ինքնանկար 7 մատներով

Նկարները վաճառվում էին, բայց էժան, գումարը հազիվ հերքում էր կենցաղային հոգսերին, ներկերին, վրձիններին: Ինքը՝ նկարիչը ոչ մի նկարչական կոնկրետ ուղղություն ունեցող խմբակ չէր մտնում, ասում էր «ես ուղղություն չունեմ, ես միայն ներկեր, մաքրություն ու սեր ունեմ»:

Վիտեբսկ, սեր

1914-ին Շագալը վերադառնում է հայրենի Վիտեբսկ և ամուսնանում սիրելի Բելլայի հետ: Նա երազում էր կնոջ հետ վերադառնալ սիրելի Փարիզ, բայց 1-ին Աշխարհամարտը թույլ չի տալիս: Պատերազմական տարիներին Շագալը շատ չէր նկարում, աշխատում էր և զբաղվում ընտանեկան հարցերով: 1916-ին Բելլան դուստր է ունենում՝ Իդա անունով:

Թափառումներ

Նկարչական ուսումնարանում աշխատանքային մի շարք խնդիրների պատճառով Շագալը հեռանում է Մոսկվա՝ Փարիզի մասին երազանքը սրտում: Բայց ԽՍՀՄ տարածքից դուրս գալն այնքան էլ հեշտ չէր: Միայն 1922-ին նկարիչը կարողանում է Բեռլին մեկնել՝ ցուցահանդեսի: Այստեղ նա մեկ տարի է անցկացնում և սովորում է լիտոգրաֆիա: 1923-ին նա վերջապես Փարիզ է հասնում, որտեղ իմանում է, որ իր թողած նկարները կորել են, այդ թվում նաև հետևյալ նկարները.

անասուններ վաճառողը
ծննդյան օր

Շագալի ընկերը՝ հրատարակիչ Ամբրուազ Վոլարը, առաջարկում է նկարչին նկարազարդել Գոգոլի «Մեռած հոգները»: Հետագայում այդ աշխատանքները նկարիչը նվիրում է Տրետակովյան պատկերասրահին:

Շագալը օֆորտներ է ստեղծել նաև Լոնգոսի «Դափնիս և Քլոե», Լաֆոնտենի «Առակների» համար: Իսկ ահա Աստվածաշնչի իլյուստրացիաները նկարչի կյանքում նոր փուլ ազդարարեցին, փուլ, որ տևեց մինչև կյանքի վերջ:

Հիտլերն ու Շագալի նկարները

1934 թվականին Շագալի՝ Բեռլինի թանգարաններում պահվող նկարները հրապարակայնորեն այրվեցին Հիտլերի հրամանով, իսկ այն, ինչ հաջողվեց փրկել, 37-ին ցուցադրվեցին որպես «դեգեներատիվ մշակույթի մնացուկներ»: Դրանից հետո Շագալը ընտանիքով լքեց Փարիզն ու հաստատվեց ԱՄՆում:

ԱՄՆ. դժբախտություն

1944-ին նկարիչը երազում էր վերադառնալ գերմանացիներից ազատագրված Փարիզ, սակայն Բելլայի մահը փոխում է նկարչի պլաններն ու ողջ կյանքը: Շագալը կոտրված էր, չէր նկարում, ուշքի չէր գալիս… Ամիսներ անց նա երկու նկար է անում Բելլայի մահվան թեմայով.

ամուսնական մոմեր
նրա շուրջ

Բելլայից հետո նա դեռ երկու անգամ ամուսնանալու է. նախ՝ ամերիկուհի Վիրջինիա Մակինիլ-Հագարդի հետ, որից որդի է ունենում, ապա՝ Վալենտինա Բրոդսկայայի հետ:

Վիրջինիան
Վալենտինան

Կյանքի վերջին տարիներին Շագալի տաղանդը գնահատողները շատ էին: 1973-ին նա այցելում է ԽՍՀՄ, անհատական ցուցահանդես ունենում Տրետյակովյան պատկերասրահում, իսկ 1977-ին Լուվրում:

Մահացել է 1985-ին Սեն Պոլ դե Վանսում:


QUIZ. գուշակեք նկարի հեղինակին [գեղանկարչություն]

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]

Մարկ Շագալն ասել է…

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

Հետաքրքիր պատմություններ Կազիմիր Մալևիչի մասին

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

Ինչո՞ւ եվ ինչպե՞ս երևանցի գեղանկարիչը հաստատվեց ու սիրվեց Դիլիջանում