Ժողովուրդը Մաշտոցի մասին պատմում է․․․ - VNews

Ժողովուրդը Մաշտոցի մասին պատմում է․․․

Բազմադարյան հայ մշակույթի առաջին մեծ երախտավորը, որի մասին բավական շատ ավանդություններ և ավանդական զրույցներ են հորինվել մեր ռամիկ ու շինական ավանդախոսների միջոցով Մեսրոպ Մաշտոցն է` անդրանիկ հայ ուսուցիչն ու թարգմանիչը, գրողն ու գիտնականը:

ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում, տարբեր դարերում հյուսված ու պատմված այդ ստեղծագործությունների մեջ յուրովի արտացոլված է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը, դրսևորված է նրա կատարած պատմական մեծագույն առաքելության համազգային ընդունելությունն ու բուն ժողովրդական ընկալումը, հրաշապատում պատկերներով ու մոտիվներով խորհրդանշված է այն բախտորոշ դերը, որ ունեցել են Մեսրոպ Մաշտոցի ստեղծած նշագրերը հայերի ազգային, քաղաքական և մշակութային անկախության և ինքնուրույնության հաստատաման և ամրապնդման համար:

Նշված ավանդություններում ու ավանդական զրույցներում պատմվում է, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցը հայերի համար տառեր գտնելու մտքով տարված, գիշերային տեսիլի ժամանակ մտովի պատկերացնում է այդ տառերը և նրանց նմանությամբ ստեղծում է հայոց գրերը, թե ինչպես նա լուսավորություն ու քրիստոնեություն տարածելու համար շրջում է Հայաստանում և հարևան վայրերում (Գողթն, Աղվանից աշխարհ, Բալու և այլն), կատարում զանազան հրաշագործություններ, թե ինչպես մեռնելուց հետո նրա ճկույթը թաղում են հայրենի Հացիկ գյուղում, իսկ մարմինը` Օշականում, և այլն, և այլն: Մեսրոպ մաշտոցի կյանքի և գործունեության մասին պատմող վերոհիշյալ և նույնօրինակ շատ ուրիշ ավանդությունների զգալի մասը կապված է Հայաստանի զանազան հիշարժան վայրերի, հուշարձանների ու առարկաների հետ:

Ավանդազրույցներ․․․

Մեսրոպ Մաշտոցն ուզում է հայերի համար գիր ստեղծել: Այդ նպատակով նա վանքից վանք է անցնում, գիշեր ու զօր աղաչում, բայց երևույթը չի լինում: Հասնում է օտար աշխարհ: Մի օր էլ մտնում է մի վանք` տեսնում է պատի վրա լույս է խաղում, շատ զարմանում է: Նրան ասում են, որ այդ լույսը քարերից է, քարերն էլ Հայաստանից են բերել: Մաշտոցը նայում տեսնում է, որ պատի մեջ չորս քար է դրած` քարը քարին, գիծը գծին: Քարերը լույսի տակ են լույս տալիս, գծերը` մթնում: Չոքում է` աղոթում: Գիշերվա մի ժամին վերից ձայն է լսվում: «Դա է,- ասում է ձայնը,- հայոց գրի նշանը»: Խաչը` ամեն թևքին ինն տառ: Մաշտոցը նայում է պատին: Տեսնում է լուսե մի խաչ` լուսե քառակուսու մեջ. մեկ վառվում է մեկ-երկու թևը` հետն էլ քառակուսու մեկ-երկու կողմը, մեկ էլ մյուս թևերը` հետն էլ քառակուսու մյուս կողմերը, և պատի վրա լույսը տառեր է գրում, իսկ լույսից էլ Մաշտոցը: Եվ այդպես ստեղծվում են հայոց տառերը:

 

ՄԱՇՏՈՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Գտնվում է Տարոնի Հացիկ գյուղում

Մաշտոցը մեռնելիս պատվիրում է գյուղացիներին, որ իր դիակը դնեն սայլի վրա և ուր որ տանեն եզները, այնտեղ էլ թաղեն: Սայլը կանգնում է Թորեի տան մոտ, աղբյուրի առաջ: Այդ տեղը աննշան համարելով, հացիկեցիք Մեսրոպի դիակը տեղափոխում են Օշական, իսկ Թորեի տան մոտ թաղում են միայն նրա ճկույթը և վրան վանք կառուցում: Այդ տեղը կոչվում է Մեսրոպի գերեզման:

Հայկական ավանդապատումներ, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն