Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

  • 7736
  • Հեղինակ՝ Test T

Մասոնության հետ հայերի առաջին առնչությունների մասին վկայում է Էդինբուրգի «Cannangate» օթյակի 1762 թ. արձանագրություններից մեկը: Ըստ այդ փաստաթղթի՝ Անգլիայի Մեծ Օթյակի Գերագույն Վարպետ էրլ Ֆերեսը Մերձավոր Արևելքում, Հալեպում և Պարսկաստանում մասոնությունը տարածելու նպատակով չորս մեծ վարպետ է նշանակել, որոնցից մեկը հայազգի Դիոնիսիոս Մանասն էր: Օթյակները համախմբող մարմինը կոչվում էր «All Armenia in the East Indies», որը 1805 թ. հետո այլևս չի հիշատակվում…

Ավելի ուշ հայ մասոններ ի հայտ եկան Օսմանյան Կայսրության մասոնական օթյակներում…

1856 թ. նոյեմբերի 25-ին Կ. Պոլսի Հասքյոյ թաղամասում` «Անգլիայի Մեծ օթյակի» արտոնագրով հիմնվեց Թուրքիայում առաջին կանոնավոր մասոնական օթյակը: «Oriental» (Արևելյան) թիվ 687 անունն ստացած այս օթյակի հիմնադիրներից երկուսը հայ էին՝ ճարտարապետ Ս. Ազնավուրը և վաճառական Կոզմա Աղջիկյանը: Սերովբե Ազնավուրը որոշ ժամանակ անց դարձավ այս օթյակի բարձրաստիճան մասոններից մեկը: Օթյակի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 1857 թ. օգոստոսի 7-ին: Օթյակին հետագայում անդամագրվեցին ևս 15 հայ ազատ որմնադիրներ, որոնց թվում՝ Գրիգոր Մանասը, Սրապիոն Հեքիմյանը, Սերովբե Թագվորյանը և Միքայել Ալիշանը:

Մինչև առաջին հայկական մասոնական օթյակի ստեղծումը հայ մասոնների թիվը հիսունը չէր գերազանցում…

Առաջին հայախոս օթյակը Զմյուռնիայում ստեղծվեց 1864 թ. ապրիլի 27-ին, Հ. Բուլվերի նախաձեռնությամբ և հավանաբար Ս. Ազնավուրի թելադրանքով, «Անգլիայի մեծ օթյակի» հովանավորության ներքո: Հիմնադիրները «Հոմերոս» թիվ 806 օթյակի յոթ անդամներն էին: Նորաստեղծ օթյակը ստացավ «Տիգրան» թիվ 1014 անվանումը: Օթյակի բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 1864 թ. հունիսի 5-ին: «Տիգրան» օթյակը գործեց 12 տարի: Վերջին անգամ օթյակում ընդունելություն կատարվել է 1876 թ. ապրիլի 27-ին: Իր գործունեության տարիների ընթացքում օթյակն ունեցել է 118 անդամ, որոնցից 108-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 3-ը՝ հույն: «Տիգրան» օթյակին անդամակցել են արևմտահայ մի խումբ անվանի հասարակական գործիչներ, լրագրողներ, ազգասեր, գրասեր և արվեստագետ մարդիկ: Նրանցից Կարապետ Արապյանը հայտնի մեծահարուստ և մեկենաս էր, Հարություն, Կարապետ և Ստեփան Տետեյան եղբայրները՝ տպագրիչներ ու թարգմանիչներ: Օթյակի երևելի անդամներից էին Մատթեոս Մամուրյանը, «Ծաղիկ» հանդեսի խմբագիր Գրիգոր Չիլինկիրյանը, «հայ օրագրութեան մեջ եզական պատկեր», «Արշալույս Արարատյան» թերթի «բազմարդյուն» խմբագիր Ղուկաս Պալդազարյանը, հանրահայտ Մեսրոպ Նուպարյանը և շատ ուրիշներ:

1866 թ. մայիսի 7-ին «Ֆրանսիայի Մեծ Արևելքը» արտոնեց «Սեր» օթյակի գործունեությունը: Դեկտեմբերի 22-ին կայացած «Սեր» օթյակի հիմնադրման հանդիսությանը, բացի հիմնադիր 18 անդամներից, մասնակցում էիննաև Կ. Պոլսում գործող անգլիական, ֆրանսիական և իտալական գրեթե բոլոր օթյակների գերհարգելի վարպետները, Անգլիայի հյուպատոսը, ֆրանսիական դեսպանատան առաջին քարտուղարը և ուրիշներ: Նիստը բացեց
նախագահող Ս. Ազնավուրը, ով ընտրվեց օթյակի գերհարգելի: «Սեր» օթյակն իր գործունեության ընթացքում անդամագրել է մեծ թվով հասարակական և պետական գործիչների, մտավորականների, աստիճանավորների, արվեստագետների ու վաճառականների: Հիմնադրումից երկու տարի անց «Սեր» օթյակն ուներ 64, իսկ 1869 թ.՝ 80 անդամ: Հետագայում նրանց թիվը պակասեց, բայց 1880 թ. կրկին հասավ 80-ի68: Օթյակն ընդհանուր առմամբ ունեցել է 168 անդամ, որից 162-ը հայեր էին, հինգը՝ թուրք, մեկը՝ հնդիկ: Օթյակի նշանավոր դեմքերից էին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Գ. Նորատունկյանը, պետական գանձապետարանի տնօրեն Լևոն Փափազյանը, պալատական մատակարար Արթին Ասլանյանը, հայ բողոքականների ազգապետ Ղազարոս Տավուտը և շատ ուրիշներ

1909 թ. Խարբերդում հայ մասոնները հիմնեցին «Եփրատ» թիվ 1078 հայկական օթյակը, որի հիմնադիրներն Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Բեյրութից եկած ութ հայ մասոններ էին: «Եփրատ» օթյակի հիմնադիր մասոնները դիմեցին «Շոտլանդական Մեծ օթյակին» և գործունեության արտոնագիր ստացան: Օթյակի առաջին վարպետ ընտրվեց հյուսեյնիկցի Սերովբե Վարդապետյանը: Օթյակը գործեց հինգ տարի, հետագայում բոլոր անդամները (բացառությամբ Կարապետ Սողիկյանի) դարձան 1915 թ. ցեղասպանության զոհեր:

«Հայաստան» օթյակը …

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո մի խումբ հայ մասոններ որոշեցին հայկական նոր օթյակ հիմնել, որը գործունեություն կծավալեր՝ ի օգուտ Հայաստանի: 1918 թ. դեկտեմբերի 4-ին յոթ մասոններ «La Turguie» օթյակից և երեք մասոններ անգլիական «Ashton Eagerton» թիվ 2793 օթյակից հիմնադրեցին «Հայաստան» թիվ 1185 անունով օթյակը: Նրանք միաձայն գերհարգելի վարպետ ընտրեցին Թորգոմ Պոյաճյանին: 1919 թ. մայիսի 1-ին Շոտլանդիայի Մեծ Օթյակը վավերացրեց «Հայաստան» թիվ 1185 օթյակի գործունեությունը:  Օթյակի անդամներին չէր թույլատրվում մասոնական գործունեություն ծավալել և հարաբերվել «Թուրքիայի Մեծ օթյակի»
անդամների հետ…

1185 Օթյակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1920 թ. հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ Կ. Պոլսի Բերա թաղամասի Քուլօղլու փողոցի թիվ 1 շենքում՝ երկու հարյուրից ավելի հյուրերի ներկայությամբ: Հայ մասոնության պատմության մեջ առաջին անգամ օթյակն իր աշխատանքն սկսեց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի առկայության պայմաններում, սակայն 1923 թ. օթյակը գրեթե դադարեց գործելուց՝ իր անդամների մեծ մասի Կ. Պոլիսը լքելու պատճառով…

Հայությունը մասոնական գործունեությամբ է զբաղվել և օթյակներ համալրել ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում:

Օր.՝ Հայկական մասոնական օթյակ էր գործում Լոնդոնում, որը հիմնադրվել էր 1987 թ., թվով 14 հայ ազատ որմնադիրների կողմից և կոչվում էր «Արարատ լեռ» թիվ 9239 օթյակ: 11 հայ մասոններ 1957 թ. օգոստոսին հիմնեցին «Ararat» (Արարատ) թիվ 404 օթյակը՝ Արգենտինայում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը մասոնությանն անդամագրվել են դեռևս XVIII դարում. «Washington» թիվ 59 օթյակում, «Colombia» թիվ 91 օթյակում, «Sylvan Grove» թիվ 295 օթյակում, «Manhattan» թիվ 62 օթյակում գործել են տարբեր քանակությամբ հայեր…

Հայկական մասոնական օթյակներ են գործում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում 1998 թ. նոյեմբերի 28-ին հիմնվել է «Հյուսիսափայլ» թիվ 9 օթյակը, 2001 թ.՝ «Սեր» օթյակը, իսկ 2013 թ. հուլիսի 5-ին՝ թիվ 442 օթյակը, որոնք իրենց աշխատանքն իրականացնում են ռուսերենով և հայերենով:

Այսօր «Հայոց Գերագույն օթյակը», որի հովանավորության տակ գտնվում են 11 օթյակներ: Հայոց օթյակի իրավասության տակ են մեկ դաստիարակչական ուսումնական օթյակ` Երևանում և երկու օթյակ` Վրաստանի
մայրաքաղաք Թբիլիսիում: Ըստ «Հայոց Գերագույն օթյակի» համահիմնադիր և նախկին Գերագույն վարպետ Արմեն Զանյանի՝ ներկայումս աշխարհում հայ մասոնների թիվը կազմում է 2500, որից 200-ը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում…

 

Աղբյուրը՝ «ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ» ՄՈՎՍԻՍՅԱՆ Ֆ., wikipedia.org


Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ինչպես Բալյանները կառուցեցին Օսմանյան կայսրության լավագույն կոթողները…

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Մայակովսկու կապը հայերի ու Հայաստանի հետ

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

Ինչպես հայերը կառուցեցին Թուրքիան…

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

7 փաստ Ժաննա Բարսեղյանի մասին

Արաքսի առասպելը…