Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին...[մեջբերումներ] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Նրա ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք… նա Հրանտ Մաթևոսյանն է…

Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է – իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…

«Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»…

Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

«Լինելության կռիվ է պահանջվում մի սերնդից, որ ստիպված է երես առ երես մենակ նստել դիվանագիտության քոքված գայլերի դեմ. մենակ կանգնել ռազմի արհեստում հմտացած մսագործների առաջ. հարաբերվել առևտուր անուն մի գործի, ուր խաբելը հաղթանակ և խաբվելը անբարո է. նորից սովորել հողի հին լեզուն և զրուցել արտի ու այգու հետ, որպես թե կուռքդ եզը չի եղել և ծիրանի ծառը քույրդ չի եղել. անկման ու փախուստի ճանապարհին կանգ առնել ո՛չ դատախազի կանչի վրա – սեփական խղճի. հաղթահարել բռնության, կողոպուտի, անիշխանության, շնության ստրկական ազատությունը և իրեն զսպել բարոյականության կապանքով»…

Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն…

«Իրականությունն արդեն ունի ընդհանրացման օրենքը։ Այդ օրենքն ունի առավել ևս գրողական իրականությունը. «Կռունկ» երգի հեղինակը չի չափել այսքան ու այսքան պանդուխտների կարոտները և ստացել նրանց համար կարոտների «Կռունկ» քանորդը. «Կռունկ» երգի հեղինակը չափել է ի՛ր կարոտը, որ կարոտն է աշխարհի բոլոր պանդուխտների»…

Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…

«Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք։
… միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը,- քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»: