«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Արևիկ Համբարձումյանի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Արևիկ Համբարձումյանի հետ

Մեկ ամիս և 11 օր ես չեմ կարողանում գրել գեղեցկության մասին։ Այն իմ շուրջ է։ Իսկ գուցե իմ մե՞ջ է կամ էլ, առհասարակ, բացակայու՞մ է։ Թերևս, հատուկ մի բան չէ… Կամ էլ կարևոր է այնքան, որ դրա մասին բառեր գտնելու համար ժամանակ պետք եղավ։

Ի՞նչ է գեղեցկությունը

Դրա ընկալումներն այնքան տարբեր են, որքան տարբեր ենք մենք, երբ արթնանում ենք առավոտյան. տարբեր դեմքով, տարբեր մարմնով, մազերի ու անփութության տարբեր աստիճաններով։ Արդյոք ամեն առավոտ մեր հեռացող կամ մոտեցող գեղեցկության տարբերությունները զգու՞մ ենք, շոշափու՞մ։ Չէ՞ որ հենց էդտեղից է ձևավորվում ընկալումը գեղեցկության։ Այն ապրում է մեր տրամադրության ու հայացքի արանքում, զգայարաններում ու գիտակցության մեջ։ Գեղեցկությունը արտացոլանքն է մեր լիարժեքության։

Անտեսանելի գեղեցկությունը

Տարիներ առաջ 41 համարի ավտոբուսի մեջ փնտրում ու գտնում էի աննկարագրելի գեղեցիկ կանանց ու աղջիկների, որոնք, որպես կանոն, վերջում են նստում։ Նրանք կրում են էժան, բայց կոկիկ հագուստ, պայուսակը հիմնականում դնում են ծնկներին և երկու ձեռքով բռնում այն։ Իրականում, այդ պահին ոչ թե բռնում են պայուսակը, այլ բռնվում են դրանից, որովհետև շփոթված են ու անվստահ, որովհետև խեղճ են զգում՝ իրենց հագածի, կերածի, բռնած պայուսակի ու մազերի ներկի որակի պատճառով։ Որովհետև կողքի «շքեղ» (մեծամասամբ՝ անճաշակ) մատնահարդարամամբ  ուսանողուհին՝ կեղծ  «Gucci»  հողաթափերով ու սխալ գրված «Chanel» պայուսակով, ավելի ինքնավստահ է նստած։ Մի քանի կանգառ ես վայելել եմ պատուհանի մոտ նստած այդ աներևույթ գեղեցկությունը, մի տեսակ մաքուր, չգիտակցված, որովհետև նրանք տեղյակ չեն, որ գեղեցիկ են, նրանց այդ մասին չեն ասել։

Մայրս 

Երբ ես ծնվել եմ, մայրիկիս ասել են` «վա՜յ, էս ի՜նչ մուկ է»։ Գիտե՞ս, շատ փոքր աչքերով ու մկան պես ճմռթված եմ եղել, էսպես «մի բուռ»։ Մայրս անհիշելի տարիքիցս ինձ ասել է, որ ես շատ սիրուն եմ, աստղով եմ, ուրիշ եմ, շքեղ եմ, Ջինա Լոլոբրիջիտան եմ, Սոֆի Լորենն եմ, Հասմիկ տատիկիս եմ նման (դա ամենաբարձր գնահատականն է)։ Մայրս ինձ նաև ասում է, որ ես ամենախելացին եմ, բայց սա ուրիշ պատմություն է։ ։) Ուզում եմ ասել՝ ես տանը միշտ լսել եմ իմ գեղեցկության մասին, որն այնքան էլ այդպես չէր։

Պատանեկությունս

Իմ դասընկեր Մարիաննան, ում ազգանունն իր պես ազնվական էր՝ Բագրատունի, ա՛յ նա էր գեղեցիկ՝ երկա՜ր, անսահման երկար ոսկեգույն, որակյալ վարսերով, կանաչակապտավուն աչքերով։ Մարիաննան լավ էր սովորում ու նստում էր առաջին նստարանին։ Ես գիտեի որ գեղեցիկը դա է։ Որովհետև մեզ ասում էին, որ սպիտակ մաշկով ու բաց գույնի մազերով աղջիկներն ամենագեղեցիկն են։

Ուսանողական 

Առաջին կուրսում ընկեր ունեի՝ Լևոնը, շատ էինք իրար սիրում։ Լևոնի մայրիկի համար սպիտակ մաշկով աղջիկն էր գեղեցկության չափանիշը, դե իսկ ես թուխ էի։ Բայց դա չէր խանգարում, որ նա ինձ շատ սիրի։ Հետո… Հետո ես մեծացա։ Մեծացա հակառակ սեռի շռայլ կոմպլիմենտներից, հիացած ու իմ վրա գամված հայացքներից, որովհետև գեղեցկությունը 25-ում այլ են ընկալում, 27-ում՝ այլ, 30-ում՝ այլ… Մի օր ինձ իմ ավագ ընկերն ասաց՝ լսիր, տղամարդիկ չեն նկատում մաշկիդ վրայի ակնեն, եղունգներիդ թռած լաքը կամ ոտքիդ բադամաշկը։ Ու ես սկսեցի կարծել, թե միայն տղամարդկանց համար ենք մենք գեղեցկանում։ Այսպես, կապույտ թարթչաներկը դարձավ իմ մշտական, ամենակիրառելի «զենքը»։

Սերը

Սերը տարբեր հատկություններ ունի, այն մեզ վրա առանձնակի ազդեցություն է ունենում՝ գեղեցկության համատեքստում։ Կամ ծերացնում ու թառամեցնում է կամ ծաղկեցնում ու ջահելացնում։ Կամ ստիպում է խամրել, կամ էլ փայլել։ Ես բախտ եմ ունեցել երկուսն էլ զգալ։ Հիմա փայլում եմ, ծաղկել եմ։ Իմ ապրած 36 (մի քանի օրից) տարիների ընթացում ինձ երբեք այսքան գեղեցիկ չեմ զգացել։ Առավոտյան վազում եմ հայելու առաջ կանգնում ու զննում դեմքս, մարմինս, մաշկս. ես ինձ գեղեցիկ եմ տեսնում, դու էլ ես ինձ գեղեցիկ տեսնում… Սերն է։ Երբ դու բողոքում ես քո ծաղկասպիներից (պեպեններից), իսկ նա շատ է սիրում այդ արևային պաչիկներն այտերիդ վրա, երբ բողոքում ես, որ մեծ կոնքեր ունես, իսկ նա ասում է, որ այ դմբո, բա դա նվեր է քեզ բնությունից, երբ բողոքում ես, որ ուղիղ վարսեր չունես այլ՝ գանգուր, իսկ նա՝ թե դու անխելք ես, այդ տրոպիկ ու վայրի գեղեցկությունը մարդիկ երազում են…

Հասարակությունն ու մենք

Մի պահ եկավ, որ այնքան էի ֆիլտրած սելֆիներ դրել, որ մոռացել էի իրական դեմքս։ Աչքերիս չափը, մաշկիս թերությունը և այլն… Մի օր առանց ֆիլտր նկարեցի ու ապշած մնացի, թե ինչ տգեղ եմ։ Կոնֆլիկտ սկսվեց իմ ու իմ միջև։ Էլ 41 համարով չեմ երթևեկում, Մարիաննան Մոսկվայում է (իմ դասարանի այն սիրունը), մայրս՝ Վանաձորում, Հասմիկ տատիկս վաղուց մեզ հետ չէ։ Սոֆի Լորենը ծերացել է, Լևոնն էլ Վարդենիսում է։ Իսկ ես մի միջավայրում եմ ու մի սոցիալ շերտում, որտեղ Արևիկ Համբարձումյանն եմ, ԼՈՖԹ-ի Արևիկը։ Այդ միջավայրն այնքան բազմաշերտ է, այնքան խառը… Ուր մի ընկերուհուս տոնային քսուկի գինն էն մյուսի կոշիկների արժեքին է, ում դեմքի խնամքի ու բժշկական տարբեր միջամտությունների արժեքը ԲՈՒՀ-ի երեք տարվա վարձավճարից շատ է։ Ու հա, իրենք գեղեցիկ են, ով ինչպես կարողանում է, ով ինչպես ուզում է։ Ու իրենք չեն զլանում իրար կոմպլիմենտ անել, ասել որ շատ սիրուն ես սարքել շուրթերդ ։Դ, շատ լավ ես մարզել մարմինդ, շատ լավ ես հրաժարվել շաքարից։ Երբ սկսեցի ինձ գեղեցիկ զգալ ու ընկալել (չեմ հիշում՝ դա երբ պատահեց), բոլորդ ինձ սկսեցիք առավել գեղեցիկ տեսնել։ Գաղտնիքն էդտեղ է։ Յուրաքանչյուրի մեջ ես առաջին բանը, որ տեսնում եմ, իր գեղեցկությունն է։ Շատ հաճախ ինձ վրա ծիծաղում են, թե դրա ինչն է գեղեցիկ, բայց հավատա, ազնիվ խոսք, ես տեսնում եմ։ Կարծես ամեն տեսնելուց ու հայտնաբերելուց, ամեն մի գեղեցիկ ստվեր ընկալելուց, ես դա գողանում եմ ու ներս քաշում։

 

 

Տես նաև՝