Մերիլին Մոնրո - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մերիլին Մոնրո

1962 թվական, 5 օգոստոսի, Լոս Անջելես

Յունիս Մյուրեյը սովորականի պես առավոտյան  աշխատանքի է գալիս:

Սպասուհին նույնիսկ իր վատ երազում չէր տեսնի, որ այդ առավոտ  լինելու է առաջինը, ով վկայություն է տալու ոստիկաններին…

Ննջասենյակի դուռը բացելով՝ սպասուհին հայտնաբերում է բոլոր ժամանակների ամենականացի ու ճակատագրական կանանցից մեկի դին. Մերիլին Մոնրոն անգիտակից պառկած էր անկողնում, սեղանին դրված էին դեղերի դատարկ սրվակներ, իսկ  ձեռքին մնացել էր հեռախոսի խոսափողը…

Ահա այս տեսարանն էր բացվել սպասուհու առաջ, որն էլ զանգահարեց շտապօգնություն և ոստիկանություն:

Հետագայում Մոնրոյի մահը կարձանագրվի որպես ինքնասպանություն, բայց որոշ տեղեկությունների համաձայն՝ կշրջանառվի այն վարկածը, որ Մերիլին Մոնրոյին մահաբեր ներարկում են կատարել՝ խուսափելով նրանից հետագայում սպասվելիք վտանգներից.  նա ճանապարհներ էր փնտրում նախագահի հետ հանդիպմանների համար, իսկ վերջինս նրան չէր ընդունում, հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իրականում Մոնրոն դարձել է Ջոն Քենեդու գլխացավանքը: Նա նույնիսկ խնդրել էր եղբորը՝ Ռոբերտ Քենեդուն, որ մտերմանա Մոնրոյի հետ և հասկացնի նրան, որ իրենց միջև ամեն ինչ ավարտված է: Արդյունքում՝ Ռոբերտն ու Մոնրոն փոքրիկ սիրավեպ ունեցան…

Ասում են

…Որ մահվան նախօրեին դերասանուհին սպառնացել էր, թե հրապարակելու է իր օրագիրը, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվում էր իր սիրային կապը նախագահի հետ: Ի դեպ, վերջինս կուշտ էր արդեն Մոնրոյի անվերահսկելի պահվածքից: Դժգոհությունը հասավ իր գագաթնակետին, երբ Մոնրոն  ելույթ ունեցավ նախագահի 45- ամյակին, որտեղ էքսցենտրիկ դերասանուհին այնքան  սիրառատ շնորհավորեց նախագահին իր` Սվարովսկի քարերով զարդարված թափանցիկ զգեստով, որ դահլիճում նույնիսկ երեխաների համար պարզ դարձավ նրանց մտերմության մասին․․․

Այս հոդվածով մենք որոշել ենք անդրադառնալ Մոնրոյի տղամարդկանց ու սկսեցինք վերջինից, վերջին տղամարդուց, որն այնքան մեծ ու ճակատագրական դեր խաղաց դերասանուհու կյանքում: Իսկ նրա մահը հավիտյանս շաղկապվեց Ջոն Քենեդու անվան հետ՝ այդպեսլ էլ վերջնական լույս չսփռելով իրական պատճառների և եղելության վրա:

Իսկ պաշտոնապես…

Մոնրոն ամուսնացած է եղել երեք անգամ, բայց սիրեկանները և հատկապես՝ սիրելի տղամարդիկ միշտ էլ նրա շուրջը պտտվել են:

Մոնրոն՝ Նորմա Ջին Բեյքերն առաջին անգամ ամուսնացավ 16 տարեկանում: Նրա ընտրյալը դարձավ Ջիմ Դոգերթին, որը շարքային բանվոր էր գործարանում: 1942 թվականի հունիսի 19 էր…

Իրականում Ջիմին դժվար հաջողվի սիրելի անվանել, որովհետև Մոնրոյի համար նա դարձավ գիշերօթիկից խուսափելու միակ հնարավորությունը, որտեղ աղջնակը հայտնվել էր այն բանից հետո, երբ նրան լքել էին խորթ ծնողները:

«Իմ առաջին ամուսնության ժամանակ ես ոչ դժբախտ եմ եղել, ոչ` երջանիկ, մենք օրերով չէին խոսում, ու պատճառն այն չէր, որ կռված էինք, ուղղակի ասելիք չունեինք:

Անկեղծ ասած` նրա հետ ես ձանձրանում էի»:

Մերիլին Մոնրո

Հակառակ այս խոստովանության՝  Դոգերտին վստահեցնում էր, որ նրանք երջանիկ էին, սիրում էին միմյանց, բայց Մոնրոյի՝ փառքի հասնելու մոլուցքը քանդեց նրանց ընտանիքն ու ամուսնությունը: Երբ Մոնրոն սկսեց մոդել աշխատել, զույգը բաժանվեց:

Մերիլինն ու Ջիմն ամուսնության օրը

Հովարդ Հյուզ

Հայտնի սրտակեր և համատեղության կարգով նաև միլիոնատեր Հովարդ Հյուզը Մոնրոյին առաջին անգամ նկատեց Life ամսագրի շապիկին և անմիջապես ցանկություն հայտնեց հանդիպել նրա հետ: Մինչ այդ միլիոնատիրոջ սիրուհիների շարքում էին հայտնվել Ավա Գարդները, Քեթրին Հեբփերնը, Ջանիթ Լին և այլ հայտնի գեղեցկուհիներ: Գուցե Հյուզի հետ հանդիպումը Մոնրոյի համար պատահականություն էր և ճակատագիր, բայց զարմանալիորեն նրան առաջարկեցին ֆիլմում նկարահնվել, որն էլ դարձավ Մերիլինի դերասանական կարիերայի սկիզբը:

Հովարդ Հյուզ

Ջո դի Մաջիո

Մոնրոյի կենսագիրները վստահեցնում են, որ հայտնի բեյսբոլիստ Ջո դի Մաջիոյին դերասանուհու համար որպես ամուսին  ընտրել էր կինոստուդիայի տնօրինությունը, որտեղ Մոնրոն աշխատում էր:  Նրանք կանխատեսում էին, որ Մոնրոյի համար նա իդելական ամուսին կլինի, ավելի կբարձրացնի սկսնակ դերասանուհու համբավը: Այս միության շնորհիվ Մոնրոյի մասին սկսեցին խոսել, հրավիրել նկարահանումների: Իրականում իտալացին Մոնրոյի կյանքում դարձավ միակը, որը նրան չդավաճանեց նույնիսկ բաժանումից հետո: Ավելին՝ նա միակն էր, որը մասնակցեց Մոնրոյի թաղման արարողությանը, հանձն առավ բոլոր կազմակերպչական հարցերը, մինչդեռ մյուսներն ուղղակի անտեսեցին Մոնրոյի վախճանը:

Ջո դի Մաջիո, Մոնրո

Արթուր Միլլեր

Մերիլին Մոնրոյին և դրամատուրգ Արթուր Միլլերին միավորում էր ոչ միայն սերը, այլ նաև չոր հաշվարկը:  Մի կողմից նրանք խենթի պես սիրում էին իրար, մյուս կողմից էլ ամեն մեկը ձգտում էր շահեկան մի բան վերցնել այս միությունից: Մոնրոն հույս ուներ, որ դրամատուրգ ամուսինն իր կապերով և տաղանդով կօգնի դերասանուհուն դուրս գալ շիկարեր հիմարկի կերպարից, որ նա ավելի դրամատիկ դերեր կստանա և իր կարողությունները ցուցադրելու հնրավարություն կունենա, իսկ Միլերն իր հերթին ցանկանում էր ուղղակի Մոնրոյի հեղինակության ու վարկանիշի հաշվին ձեռք բերել սեփականը, քանի որ մարդիկ նրան մեղմ մասած չէին սիրում փոքրոգի, չոր և ժլատ լինելու համար: Այս հարաբերությունները երկար կյանք չունեցան. Մոնրոն սկսեց ձանձրացնել Միլլերին, ամուսինը դրաձավ սառը, պահանջկոտ և կոպիտ: Բայց սա վերջը չէր. Մոնրոն պատահաբար ամուսնու օրագրում կարդում է նրա «դրական» կարծիքը Մոնրոյի մասին.

«Իմ նման տաղանդավոր մարդու համար դժվար է գտնվել ու մի հարկի տակ ապրել այնպիսի տգետի հետ, ինչպիսին Մերիլինն է»:

Այս բացահայտումների, ընտանեկան վեճերի պատճառով Մոնրոն նույնիսկ նյարդային համակարգին խնդիրներ ունեցավ, որոնց պատճառով էլ ստիպված եղավ բուժվել հոգեբուժարանում:

Մորիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Իվ Մոնտան

Ֆրանսիացի հայտնի դերասանի և Մոնրոյի սիրային կապը սկսվեց նկարահանման հրապարակում: Նրանք խաղում էին «Զբաղվենք սիրով» ժապավենում: Մոնտանը ժամանել էր ԱՄՆ կնոջ` դերասանուհի Սիմոն Սինորեի հետ, որը չէր թաքցնում անձնական անբարյացակամությունը Մոնրոյի նկատմամբ: Ու չէր զլանում իր այս կարծիքը կիսել և քննարկել Արթուր Միլլերի հետ, որն այն ժամանակ դեռ Մոնրոյի պաշտոնական ամուսինն էր…

Հետագայում ճիշտ, թե՝ սուտ, Մոնտանը խոստավանում է, որ Մոնրոն ուղղակի նրան այլ ելք չէր թողնում, սպիտակ մուշտակի տակ ամբողջովին մերկ ներխուժում էր դերասանի հյուրանոցային համար… Մոնտանին այլ բան չէր մնում: Արթուր Միլլերն իմանում է այս սիրային կապի մասին և հրաշալի առիթ է համարում ազատվելու Մոնրոյից: Ինչը չի կարելի ասել Մոնտանի կնոջ մասին: Նա մինչև վերջ պայքարեց ամունու համար: Սակայն դա Մերիլինին չէր խանգարում  հայտնվել հյուրանոցներում, որտեղ կանգ էր առել Մոնտանը ու խնդրեր, աղաչեր լքել կնոջն ու մնալ իր հետ: Բանը հասավ նրան, որ Մոնրոն նույնիսկ Մոնտանին «բռնեցրեց» օդանավակայանում անմիջապես թռիչքից առաջ: Հենց այդ ժամանակ Մոնտանն իր մեջ ուժ գտավ և բացատրեց, որ չի լքի կնոջը ու վերադարձավ տուն՝ Փարիզ՝ մենակ թողնելով Մոնրոյին:

Իվ Մոնտան և Մերիլին Մոնրո

Ջոն Քենեդի

Պարզվում է, որ ապագա նախագահի և դերասանուհու սիրավեպը ունեցել է յոթ տարվա պատմություն: Մոնրոն դեռ ամուսնացած էր հայնտի բեյսբոլիստի հետ: Քենեդին այն ժամանակ սենատոր էր Մասաչուսեթս նահանգից: Առաջին անգամ նրանք հանդիպում են մի երեկույթի ժամանակ: Դերասնուհու խոսքերով Քենեդին այդ օրը նրանից աչք չէր կտրում: Հետագայում Մոնրոն կհիշի.

Ջոն Քենեդի, Մերիլին Մոնրո

«Ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ մի պահ ես ինձ անհարմար զգացի»:

Քենեդու հետ սիրավեպը սկսվեց Մոնրոյի կյանքի ամենադժվար ժամանակահատվածում. դերասանուհին խմում էր, հակասթրեսային հաբեր էր օգտագործում: Գիշեր-ցերեկ զանգում էր նախագահին, տեսարաններ սարքում՝ սպառնալով հանրայինացնել նրանց հարաբերությունները:

Իսկ հետո եղավ այն, ինչ կարդացիք հոդվածի առաջին տողերում…

Լուսանկարները՝ Getty Images 

Կարդացեք նաև՝