«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Մադոննա Հարությունյանի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Մադոննա Հարությունյանի հետ

Գեղեցկության մասին պատկերացումները երկու՝ հակասական պրոցեսների մեջ են. դրանք և’ շարժվում են ժամանակին զուգընթաց՝ անվերջ փոփոխվելով ու նոր ստանդարտներ առաջ քաշելով, և’ սովորություն ունեն որոշակի ժամանակաշրջանի մեջ քարանալու՝ պարտադրելով այսօր ու այստեղ հետևել իր կոնկրետ չափանիշներին։ Մեր ժամանակները բացառություն չեն. մեր ուսերին են բարդում տասնյակ «անպայման»-ներ, որոնց չհետևելու դեպքում, թվում  է՝ չենք կարողանա համալրել ընդունված գեղեցկուհիների շարքերը։

Խոսելով «ընդունված գեղեցկուհիների» մասին. մենք վստահ ենք՝ բարդույթները նրանց չեն վերաբերում։

Սահմանված ու կարծրացած գեղեցկության պատկերացումների ետևից վազելով՝ մենք բաց ենք թողնում մեզ սիրուն զգալու բնատուր հնարավորությունը, բաց ենք թողնում ժպտալու հազարավոր առիթներ, սնուցում ենք մեր փոքրիկ բարդույթները՝ դրանք դարձնելով դատավճիռներ ու այդ ինքնակործանարար պրոցեսի ողջ ընթացքում նայում ենք այն նույն «ընդունված գեղեցկուհիներին» ու կրկնում՝ «այ նա հաստատ բարդույթներ չունի»… Դա այդպես չէ. մեզնից յուրաքանչյուրն ու մենք բոլորս անցնում ենք բարդույթների ու դրանք հաղթահարելու գործընթացի միջով, և եթե հաջողում ենք՝ ազատվում ենք դրանցից։

Իր բարդույթների մասին մեզ հետ կիսվել է մոդել և ոճաբան Մադոննա Հարությունյանը։

«Անցումային տարիքում կլորիկ այտեր ունեի և երբ ինձ հարցնում են իմ կոմպլեքսերի մասին, առաջինը հենց դա եմ մտաբերում: Երկար սև մազեր ունեի ու միշտ փորձում էի փակել դեմքիս՝ այդքան մեծ թվացող «թերությունները»՝ մեջտեղից «բախտ բացելով» ու ծածկելով երեսիս կեսը երկու կողմից:

Այդ ժամանակ պատկերացում չունեի, որ ժամանակի ընթացքում կնոջ արտաքինը փոխվում է՝ դառնում է ավելի կանացի: Քսան տարեկանում սկսեցի նկատել, որ փոխվում եմ, փոխվում է ամեն ինչ՝ և’ մարմինս, և’ դիմագծերս: Վերջապես մազերս կարճ կտրեցի ու արդեն կարող էի հավաքել՝ ինչպես ուզեի. էլ ի՞նչ էր ինձ պետք բարդույթներից ազատվելու համար: Ոչինչ: Երբեմն պետք է ուղղակի սպասել:

Ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում:

…Բայց եթե հանկարծ իմ թերությունները չվերանային, ես վստահ եմ, որ պլաստիկ միջամտության կդիմեի: Ես այն մարդկացից չեմ որ ասում են,  թե պետք է ընդունես ու սիրես քեզ այնպիսին, ինչպիսին կաս. ոչ մի դեպքում:

Չես կարողանում հաշտվել՝ փոխի՛ր:

Ամեն ինչ քո ձեռքերում է, կամ ավելի ճիշտ՝ պլաստիկ վիրաբույժի… Եվ վերջում կավելացնեմ, որ ոչ մի վիրաբույժ չի կարող կնոջը լիարժեք գեղեցիկ դարձնել, եթե չբացառենք առաջին սխալ տպավորությունները:

Գեղեցիկ լինելը երևույթ է, ընթացք, կենսաձև, ձայնի նրբերանգ, խորություն և թռիչք: