«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լյուսի Հայրապետյանի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լյուսի Հայրապետյանի հետ

Ողջույն դեռահաս աղջիկներ, օրիորդներ, երիտասարդ ու հասուն կանայք, ես գիտեմ, որ մեզնից շատերը նայում են էկրաններից, բեմերից ու պոդիումներից փայլող կանանց ու մտածում՝ «ի՜նչ սիրուն է», «այ նա դժվար թե ինչ-որ բարդույթ ունենա»։ Ես նաև գիտեմ, որ մենք, երբեմն ամեն բան անում ենք՝ նմանվելու վերոնշյալ փայլողներին. մեզ քամում ենք մարզասրահներում, մեզ կեղեքում ենք դիետաներով, վերջին գումարները տալիս ենք լավ պիլինգին կամ բրենդային հագուստին. բայց մի՞թե «կոստյումն է, որ պիտի մեզ գեղեցկացնի»։ Սահմանված ու կարծրացած գեղեցկության պատկերացումների ետևից վազելով՝ մենք բաց ենք թողնում ուղղակի մեզ սիրուն զգալու հնարավորությունը, բաց ենք թողնում ժպտալու հազարավոր առիթներ, սնուցում ենք մեր փոքրիկ բարդույթները՝ դրանք դարձնելով դատավճիռներ ու այդ ինքնակործանարար պրոցեսի ողջ ընթացքում նայում ենք էկրաններին ու կրկնում՝ «այ նա հաստատ բարդույթներ չունի»…
Արի ու տես, որ դա այդպես չէ։ Մեր նոր շարքում հաջողակ ու սիրուն կանայք պատմում են իրենց բարդույթների մասին, սովորեցնում՝ հաշտ լինել դրանց հետ, հաղթահարել դրանք ու սիրել սեփական թերությունները։

Մեր առաջին հյուրն է մոդել ու հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը։

«Հետաքրքիր թեմա եք ընտրել։ Չգիտեմ էլ` ինչից սկսեմ։
Ողջ կյանքում ձգտել եմ լինել սևուկ` թուխ մաշկով և կատվազգիների աչքերով:
Պեպեններ եմ երազել ունենալ, փարթամ ու շատ երկար մազեր, երկար թարթիչներ ու ոսկրոտ մեջք…
Ամաչում էի լայն ժպտալ, որովհետև կարծում էի, որ ատամներս շատ մանր են ու տգեղ… Բայց արի ու տես, որ վերջերս առաջարկ ստացա նկարահանվել մի հայտնի խանութ-սրահի վալենտինյան ֆոտոշարքի համար, որի նկարներն ամբողջ քաղաքի պոստերներին եղան շուրջ մեկ ամիս: Ու գիտե՞ք` ինչու հենց ես. Առաջին պատճառը՝

«նա շատ անկեղծ ու գեղեցիկ է ժպտում»…

Թուխ մաշկի ու պեպենների համար տարին մի քանի անգամ մեկնում եմ էկզոտիկ երկրներ, դե իհարկե սերը դեպի արևն ու օվկիանոսը այլ աշխարհ են։
Հիշում եմ, որ մանկությանս կոմպլեքսներից մեկն էր աչքերս կողքերից ձգելով նկարվելը. ինձ թվում էր շատ սպիտակ են ու խոշոր։ Թարթիչներիս յուղեր էի քսում, որ երկարեն մինչև հատակը…

Եթե շարունակեմ թվարկել, կպարզվի, որ ինձ վրա շատ քիչ բան է սրտովս։

Գիտե՞ք, այս ամենն անդադար է, մենք անընդհատ նոր «թերություններ» ենք գտնում մեր արտաքինում և սկսում ենք դրանք շտկել:
Բայց մի օր մի տղա, ում շատ սիրում էի, ինձ ասաց՝ «Այնքան եմ սիրում մաշկիդ նուրբ երանգը, աչքերիդ վառ սպիտակը ու ժպիտդ, որ երեխայի պարզություն ունի»։ Հասկացա, որ մեր պատկերացրած թերությունը շատ հաճախ մյուսների աչքերում գեղեցկություն է:

Մեզ տգեղ թվացող բանը, շատ հավանական է, որ դառնա մեզնով տարված լինելու կարևորագույն տարրը:

Ես ինքս հաճախ սիրում եմ այն աղջիկների գեղեցկությունը, որոնք կատարյալ չեն, դիմագծերն անհամաչափ են, բնական են: Շատ սարքածն ու համաչափն էլ հաճախ վանող ու պաղ է թվում, կարծես՝ ոչինչ չասի: Կան բաներ, որ փոխել եմ ու դեռ կփոխեմ, խոստովանում եմ։ Իսկ ինչու՞ ոչ, եթե կա այդ հնարավորությունը։

…Բայց փոփոխությունների ձգտումը երբեք չպիտի դառնա կոմպլեքս, կաշկանդվածություն և ինքնանպատակ:

Ես ուզում եմ, որ մենք սրտանց սիրենք, և որ դա լինի փոխադարձ. այ սա է կարևորը: Ասացեք, որ հաճախ ենք տեսնում զույգեր, որոնցից, մեր կարծիքով, աղջիկը այնքան էլ հմայիչ ու գեղեցիկ չէ. այս բնավորությունը ունենք մեծամասնությունս։ Հետո խորն ենք մտածում ու հասկանում, որ արտաքինը չեն սիրում, որ արտաքինը մի քանի օրվա է, և որ կարևորը ներքինն է:
Իմ սիրուններ, կարևորը սիրեք ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Կարևորը եղեք խնամված և մաքրասեր, մի մոռացեք ներաշխարհի ու հոգու մաքրության մասին, բարին կամենալու և բարին շնչելու մասին, ու ամեն բան լավ կլինի:

Վերջիվերջո, ինչպես տատս է ասում՝ «մարդու բախտը պետք ա սիրուն լինի»»…

Տես նաև՝