«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լիլի Էլբակյանի հետ - VNews

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լիլի Էլբակյանի հետ

Բարդույթ, կամ ինչպես ընդունված է ասել՝ կոմպլեքս. այս հասկացությունը հոգեվերլուծություն է մտցրել Կարլ Գուստավ Յունգը. դեռևս նրանից առաջ Զիգմունդ Ֆրեյդը բնութագրել է բարդույթը, որպես «պատկերացումների խումբ՝ կապված միևնույն աֆեկտով»։ Առօրյա-խոսակցական նշանակությամբ հոգեբանական բարդույթ հասկացությունը ունի բացասական ենթատեքստ և օգտագործվում է մարդու հոգում «ցավոտ տեղի» նկարագրման համար։

Այս ամենը բարդույթի տեսական ու հոգեբանական մոտավոր սահմանումն է. իսկական մարդու իսկական կյանքում բարդույթներն ու դրանց հաղթահարումը  ինքնաճանաչման անքակտելի մասն են։ Բարդույթների հաղթահարման ինչպիսի՞ ճանապարհ են անցել բեմերից ու էկրաններից փայլող գեղեցկուհիները. պատմում ենք մեր «Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք» խորագրում։

Մեր այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Լիլի Էլբակյանը

Ես Լիլին եմ, ես մարդ եմ, որը միշտ իր մեջ թերություններ է գտնում, շատ ավելի, քան՝ առավելություններ… և դա իմ ամենամեծ թերությունն է։ Մինչդեռ մարդն ինքն իր հանդեպ սուբյեկտիվ է և առանձին-առանձին տեսնում է բոլոր մանր թերությունները, շրջապատն այս հարցում ավելի «հանդուրժող» է. այն գնահատում է մարդուն ամբողջությամբ՝ ուշադրություն չդարձնելով մասնավոր, առանձին բաներին, օրինակ՝ ինչ կառուցվածք ունի քիթը, որքանով են արտահայտիչ շուրթերը կամ այտոսկրերը։

Սա մի երևույթ է, ինչը պատճառ է հանդիսանում, որ մարդն ինքն իր թշնամին դառնա։

Ես «փոքր-մոքր» եմ, բարձրահասակ չեմ. նախկինում, երբ ավելի փոքր էի, դա իմ առավելությունն էի համարում, այսպես ասած՝ «չամիչությունը». կարող էի ուր ասես մտնել, ինչ դեր ասես խաղալ։ Տարիների հետ, երբ սկսեցի շուրջս ավելի բարձրահասակ կանանց տեսնել, սկսեցի ափսոսալ, որ ժամանակին շատ գազար չեմ կերել։ Թեև բեմը մի հատկություն ունի. շատերն իրական կյանքում ինձ տեսնելով զարմանում են, ասում՝ «փաստորեն դու այսքան փոքր-մոքր ես, իսկ էկրանից ու բեմից խոշոր ես երևում»։ Պարզվում է՝ այն, ինչն ինձ կոմպլեքսավորում է, շատերը չեն էլ նկատում։

Այն, ինչը կյանքում թերություն է, բեմում կարող է առավելություն հանդիսանալ։

Ի դեպ, թեև ես միշտ բողոքում եմ իմ հասակից, ամուսինս հենց «կոլոտ» աղջիկների է սիրում, և ինձ միշտ ասում է՝ «քո չամիչությունը հենց քո ցածրահասակության մեջ է»։

Մի բան եմ ուզում խորհուրդ տալ կանանց. երբ մարդն ինքն իրեն լիարժեք է զգում, երբ նայում է ինքն իրեն, որպես լիարժեք անձ, ոչ թե՝ առանձնացված, մասնատված, եթե չի ֆիքսվում մանր թերությունների վրա, ապա ուրիշները չեն էլ նկատում դրանք։ Բոլորս ունենք թերություններ, բոլորս ինչ-որ բանի պակաս ունենք, մեզնից ոմանք գանգուր մազեր են ուզում, ոմանք երազում են փոքրիկ քթի մասին, բայց երբ դրանք ձեռք ենք բերում, ի հայտ են գալիս նոր ցանկություններ… ես ամբողջ կյանքում ուզում էի մայրիկիս պես փոքրիկ քիթ ունենալ, արդյունքում, երբ ունեցա այն, հասկացա, որ դրա մեջ չէ գեղեցկությունը…

Գեղեցկությունը ներքին բալանսի, ինքդ քեզ հետ հաշտ լինելու, ինքդ քեզ հավանելու զգացողության մեջ է։

Կարդացեք նաև՝

 

 


«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Արևիկ Համբարձումյանի հետ

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Անի Խաչիկյանի հետ

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Տաթև Հովակիմյանի հետ

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Մադոննա Հարությունյանի հետ

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Լյուսի Հայրապետյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

«Սև արկղ». Կամերայինի նոր ներկայացումը

Աֆիշա. ի՞նչ կա թատրոններում մարտի 26-ապրիլի 1