«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Տաթև Հովակիմյանի հետ - VNews

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Տաթև Հովակիմյանի հետ

Ողջույն դեռահաս աղջիկներ, օրիորդներ, երիտասարդ ու հասուն կանայք, ես գիտեմ, որ մեզնից շատերը նայում են էկրաններից, բեմերից ու պոդիումներից փայլող կանանց ու մտածում՝ «ի՜նչ սիրուն է», «այ նա դժվար թե ինչ-որ բարդույթ ունենա»։ Ես նաև գիտեմ, որ մենք, երբեմն ամեն բան անում ենք՝ նմանվելու վերոնշյալ փայլողներին. մեզ քամում ենք մարզասրահներում, մեզ կեղեքում ենք դիետաներով, վերջին գումարները տալիս ենք լավ պիլինգին կամ բրենդային հագուստին. բայց մի՞թե «կոստյումն է, որ պիտի մեզ գեղեցկացնի»։ Սահմանված ու կարծրացած գեղեցկության պատկերացումների ետևից վազելով՝ մենք բաց ենք թողնում ուղղակի մեզ սիրուն զգալու հնարավորությունը, բաց ենք թողնում ժպտալու հազարավոր առիթներ, սնուցում ենք մեր փոքրիկ բարդույթները՝ դրանք դարձնելով դատավճիռներ ու այդ ինքնակործանարար պրոցեսի ողջ ընթացքում նայում ենք էկրաններին ու կրկնում՝ «այ նա հաստատ բարդույթներ չունի»…
Արի ու տես, որ դա այդպես չէ։ Մեր նոր շարքում հաջողակ ու սիրուն կանայք պատմում են իրենց բարդույթների մասին, սովորեցնում՝ հաշտ լինել դրանց հետ, հաղթահարել դրանք ու սիրել սեփական թերությունները։

Իր բարդույթների մասին մեզ պատմել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը։

Երբ 15 ֊16 տարեկան դարձա սկսվեց իմ հասունացման շրջանը։ Դպրոցն ավարտելուն ու համալսարան գնալուն զուգընթաց էլ՝ քայքայող կոմպլեքսները։

«Քիթս պետք է վիրահատել, պետք է վերացնել սպիները, որոնք մնացել են վիրահատություններից ու ակտիվ մանկությունից». ու սա դեռ ամենը չէր։

Կոմպլեքսավորվում էի ատամներիցս, խնդիրը բնատուր չէր, այլ առաջացել էր ատամի սխալ հեռացման արդյունքում։ Ես վստահ էի, որ առաջին հերթին կվիրահատեմ քիթս, բայց բարեբախտաբար չարեցի դա։ Ավելի ուշ, երբ սկսվեց ուրիշ հասունացման շրջափուլ, հասկացա, որ պետք է սկսեմ ներքին կուլտուրա զարգացնել,

հասկացա, որ քիթս իմ պատմությունն է, և այն ինձ երբեք չխանգարեց ստանալ լավ դերեր թե’ թատրոնում, թե’ կինոյում։

Ավելին՝ օգնեց. չէ՞ որ ես չէի ջնջել իմ դիմագիծը, որը կարևոր բան է լավ կինոյում։ Ինչ վերաբերում է ատամնաշարիս. իհարկե ես ուղղեցի ատամներս, թեև «Անավարտ թռիչք»-ում դեռ մի փոքր թեքված ատամնաշարով էի. միջամտության նպատակը ոչ միայն էսթետիկ էր, այլև առողջական։

Սպիների մասին…

Սպիներս դարձրի կյանքս պատմությունները։ Մի սպի ունեմ դեպքիս, որը առաջացել է հենց ծնվելուս պահին՝ բժիշկների անփութության պատճառով, կատակում եմ՝ ինչքան լավ է, որ դեռ աչքս չեն հանել։ Երկու փոքրիկ սպիներ էլ ոտքիս վրա են` շներիս կռիվների հետևանքով։ Գիտե՞ք, ես հասկացել եմ, թե որքան աննկատ են դառնում բոլոր թերությունները, երբ դու դրանք կարողանում ես ներկայացնել որպես առավելություններ, որպես քո մի մասնիկ։

Որոշակի տարիքում ես ուղղակի հաշտվեցի ինքս ինձ հետ, իմ արտաքինի հետ…

Հաշտվեցի հոնքերիս հետ, որոնք խնամում եմ, բայց այլևս չեմ դարձնում բարակ թել։ Շուրթերիս հետ, որոնք ներկելիս այլևս երբեք եզրագիծը չեմ հատում, և բազմաթիվ այլ մանր բաների։ Հավատացեք, արհեստական միջամտությունները չեն գեղեցկացնում մեզ, պարզապես «սարքած» են դարձնում, ու մենք կորցնում ենք կարևոր մի բան՝ մեր դիմագիծը։

Ինչևէ ամեն ինչ մեր ներսում է, ոչ թե արտաքինի մեջ։