Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Գարունը սեր է, սերը` մեղեդի, չկա գարուն առանց սիրուն և սիրաշատ երգերի։

Ձեզ համար առանձնացրել ենք գարնան մասին և գարնանային տրամադրությամբ հայկական 3 ամենասիրուն հին և նոր երգերն ու դրանց ստեղծման պատմությունները:

1 Էլվինա Մակարյան՝ «Իմ կյանքի գարուն»

«Առանց քեզ, խենթ եմ ես,

իմ հրաշք գարուն,

ես քեզ շատ եմ սիրում․․․»։

Էլվինա Մակարյանի «Իմ կյանքի գարուն» երգի ստեղծման պատմությանը ծանոթանալու համար զրուցել ենք խոսքերի հեղինակ, հայտնի կոմպոզիտոր Գայանե Կեսոյանի հետ, մարդ, որն Էլվինա Մակարյանի մասին երկու ֆիլմի հեղինակ է՝ «Մենախոսություն» և «Չեմ կարող լռել կամ դարձյալ Էլվինա»։

Պատմում է Գայանե Կեսոյանը.

 «Այն բոլոր երգերի նման է գրվել։ Հենց մեղեդին լսեցի, այս թեման զգացի։ Ես և Էլվինան երկար տարիներ ենք համագործակցել, ստեղծագործական առումով շատ-շատ էինք կապված, և բնականաբար մեղեդին առաջինն ինձ պետք է ցույց տար. այդ ժամանակ նրա երգերի խոսքերը միայն ես էի գրում։ Մեր համատեղ աշխատանքը մի շատ գեղեցիկ պրոցես էրերգերը մեկը մյուսի հետևից էին ծնվում, արագ էին գրվում, չէր լինում, որ ամիսներ տևեր, բավական էր՝ Էլվինան ինչ-որ բան գրեր ասում էի՝ մի րոպե, ու էդպես ծնվում էր երգ։ Իմ կյանքի գարունայստեղ խոսքը հենց սիրո մասին է, իսկ սերը գարուն է»։

2 «Դոգմա» և Արտո Թունջբոյաջյան՝ «Գարունը»

«Սարիցը գարունը իջելա ինձ վրա,

Սրտումս արյունը եռում ա, ա՜յ տղա…»:

 «Դոգմա» խմբի և Արտո Թունջբոյաջյանի ամենագարնանային «Գարունը» երգի մասին խոսել ենք խմբի մենակատար Զառա Գևորգյանի հետ։

«Մեր բոլոր երգերի հեղինակը մեր կիթառահար Հենոն է՝ ամուսինս։ Երգի բառերը ես եմ գրել: Երբ Հենոն տանը երգի թեմաները նոր-նոր բզբզում էր, միացրեց լսեցի ու կատակով հարցրի՝ կարո՞ղ ա սա Արտոյի համար ես գրել։ Շատ արտոյական շունչ կար մեջը: Կատակը որոշեցինք իրականում փորձել ու առաջարկեցինք Արտոյին միանալ մեր երգին: Արտոն էլ իրեն տեսավ երգի մեջ ու սիրով միացավ: Երգը շատ հայկական կառուցվածք ու ելևէջներ ունի, չկրկնվող տներ ունի, սիրային կատակ-երգ է, երաժշտությունը կյանքով ու էներգիայով լի է, ուրեմն՝ բառերը պետք է ներդաշնակ լինեին երաժշտության տրամադրության հետ, իսկ ինչն է ամենից առավել նոր կյանքի խորհրդանիշը, եթե ոչ գարունը: Երևի դրա համար էլ մտքումս անընդհատ պտտվում էր առաջին տողը՝ «Սարիցը գարունը իջելա ինձ վրա», իսկ շարունակությունը սարիցը ինքնաբերաբար գլորվեց՝ հավաքելով հայկական լեզվական ու բառբառային տարբեր երանգներ, վերածվելով իսկական ժամանակակից հայկական երգի: Արտոն էլ իրեն հատուկ ձեռագրով հպվեց երգին ու իրեն հատուկ երանգն ավելացրեց: Էսպես ծնվեց մեր խենթ գարնանային դուետը»։

3. «Լավ էլի»՝ «Գարուն է եկել»

«Գարուն է եկել, գարուն է բացվել,

Իմ մարած սրտին տանտեր է դարձել,

Ա՜խ քանի տարի

Ես գարուն չէի տեսել…»:

Սկսելով Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորից՝ այս խմբի երգերը կարողացել են լսելի դառնալ աշխարհի տարբեր անկյուններում։ «Գարուն է եկել» երգն էլ խմբի ամենահայտնի գործերից է։ Երգի մասին պատմում է խմբի անդամ (կիթառ, վոկալ), երգի հեղինակ Մհեր Մանուկյանը։

«Գարուն է եկել» երգի ստեղծման շրջանում շատ էի հետաքրքրված մաքուր ժողովրդական երգը նոր ձևերով մատուցելու գաղափարով։ Դրանից ոգեշնչված գրեցի երգի սկիզբը։ Որոշ ժամանակ անց Վանաձորի տիկնիկային թատրոնում, որտեղ փորձեր էինք անում, նստարանին պառկած, եկավ երգի առաջին մասը։ Կամաց-կամաց գրվեց երգի կեսը մինչև կրկներգն ու առաջին մեղեդու կրկնությունը։ Ու հետո ամեն ինչ կանգ առավ։ Ոչ մի կերպ չէի կարողանում շարունակություն գտնել։ Տանջվեցի-տանջվեցի, հետո մի օր Գոռի ձայնագրած մի պստիկ կտոր ընկավ ականջովս, ընդամենը մի քանի նոտա վերցրի, նվագեցի ու երգը վազելով գնաց մինչև վերջ։ Սա մեղեդային առումով։ Իսկ բառերի առումով՝ մինչև հիմա չեմ հասկանում, թե ոնց եմ գրել ու որտեղից է եկել։ Զարմանում եմ»:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Մի երգի պատմություն. «Black Velvet»

Մի երգի պատմություն. «Aerosmith»՝ «Dream On»

Մի երգի պատմություն. Բոբ Մարլի՝ «No, Woman, No Cry»

Մի երգի պատմություն. «The Beatles»՝ «Hey Jude»

Մի երգի պատմություն. Ջոն Լենոն՝ «Imagine»

Մի երգի պատմություն. «Queen»՝ «Bohemian Rhapsody»

Մի երգի պատմություն. Լուի Արմսթրոնգ՝ «What a Wonderful World»

Մի երգի պատմություն. Ռեյ Չարլզ՝ «Georgia On My Mind»


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. «Black Velvet»