fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի կնոջ պատմություն. Մատա Հարի

Մահապատիժ

1917 թվականի հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան բանտապահները գալիս են դատապարտված կնոջ հետևից…

Բանտարկյալը դժգոհ է. մահապատժից առաջ նրան նախաճաշ չեն առաջարկել: Եվ մինչ նա նախաճաշում է, բանտի շենքից հանում են նրա համար նախատեղված դագաղը: Նախաճաշելուց հետո Գրետա Զելլը հագնում է  սև թավշյա վերարկուն, գլխարկը, ձեռնոցներն ու բարձրակրունկ կոշիկները…

Մատա Հարիի մահապատիժը

Մահապատժի իրականացման վայրում ՝ Փարիզի մերձակայքում գտնվող կրակահերթերից մեկում, նրան արդեն սպասում են 12 հոգուց բաղկացած զինված ծառայողները: Մահապարտը խնդրում է ձեռքերը չկապել, աչքերն էլ չփակել և օդային համբույր ուղարկելով իր դահիճներին՝  ասում է. «Ես պատրաստ եմ, պարոնա՜յք»…

Կինը ամբողջովին հանգիստ տեսք ունի. նա ընդունում է իր մահը անհավատալի քաջությամբ. նա Մատա Հարին է…

Մարգարետա Գերդրուդա Զելլե

Մահախատժից հետո հարազատներից ոչ մեկը ցանկություն չի հայտնում վերցնել մահապատժի դին, ուստի նրան տեղափոխում են  անատոմիական թատրոն-ցուցասրահ, գլուխը տարանջատում են մարմնից, մշակում  և երկար ժամանակ պահում  Փարիզի Անատոմիայի թանգարանում, հետագայում՝ 2000 թվականին արխիվագետները անսպասելիորեն կպարզեն, որ կնոջ գլուխը չկա՝ կասկածելով, որ այն կարող է անհետացած լինել  1954 թվականին, երբ թանգարանը տեղափոխվում էր:

Մատա Հարի

Այս գայթակղիչ կնոջ, կրկնակի հետախուզական  գործակալի, աներևակայելի սեքսուալ պարուհու կենսագրությունը դեռ հետաքրքրում է շատերին, քանի որ նրա կյանքից բազում իրադարձություններ  այդպես էլ  բացահայտված չեն մինչև օրս, և Մատա Հարին մնում է անմեկնելի, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է  բազում  առասպելներ իր անձի շուրջը և միայն դրանցից մի քանիսը են գոնե ինչ-որ կերպ հաստատվում արխիվային տեղեկություններով: Թերևս դա է պատճառը, որ հայտնի կուրտիզանուհու և լրտեսուհու վերաբերյալ կենսագրական ակնարկները տարբերվում են այնպես, որ դժվար է ազատվել այն տպավորությունից, որ խոսքը բոլորովին այլ կանանց մասին է:  Հասկանալի չէ, թե ով է իրականում այդ զարմանահրաշ կինը և ինչպես է նա ազդել Առաջին համաշխարհային պատերազմի պատմության և իրադարձությունների ընթացքի վրա, քանի որ «Մատա Հարիի գործի» վերաբերյալ փաստաթղթերը դեռևս չեն գաղտնազերծվել ֆրանսիական կառավարության կողմից:

Մատա Հարի

Նախկին Մարգարետ Գերտրուդա Զելլը

Նրա իրական անունն է եղել Մարգարետ Գերտրուդ Զելլ: Ծնվել է 1876 թվականի օգոստոսի 7-ին Հոլանդիայի նահանգներից մեկի՝ Ֆրիզլանդի նահանգի Լեովվորեն քաղաքում: Աղջիկը Ադամ Զելլի և Անտջե վան դեր Մելենի երկրորդ երեխան և միակ դուստրն էր: Նրանից բացի, Զելա ընտանիքում մեծացել են նաև  3 որդի: Ընտանիքը ապահոված էր. ուներ գլխարկների խանութ և զգալի շահույթ էր ստանում նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներից:

Երեխաները հաճախում էին էլիտար դպրոց և ոչ մի բանի կարիքը չունեին, բայց ամեն ինչ փլուզվում է մի գիշերվա ընթացքում, երբ Ադամ Զելլը սնանկանում է: Ընտանեկան խնդիրներին հաջորդում են ֆինանսական խնդիրները, ծնողները ամուսնալուծվում են, երբ նրանց դուստրը լինում  է 13 տարեկան: Իսկ երբ Գրետան դառնում է  15 տարեկան, մայրը մահանում է՝  իր վրա ընկած դժվարություններից և տառապանքներից:

Հայրը հասուն դստերը ուղարկում  է իր կնքահոր մոտ՝ Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Սնեկ քաղաք: Երբ  նրա կրթության հարցն է առաջանում, հայրը նրան տեղավորում է  երկրի հարավ ՝ Լեյդեն քաղաք, որտեղ Մարգարետ Զելլը հաճախում է դպրոց՝ պատրաստելով դառնալ  մանկապարտեզի ապագա ուսուցիչ-դաստիարակ: Հենց այնտեղ էլ  երիտասարդ գեղեցկուհին  հասկանում է, որ կարող է գրավել տղամարդիկանց և գայթակղում է դպրոցի տնօրենին:

Կնքահայրը ստիպված է լինում անմիջապես աղջկան հեռացնել սկանդալի կիզակետից: Բայց Գրետան, ով ազատություն համը արդեն տեսել և զգացել էր, այլևս չի ցանկացանում ապրել պուրիտանական ​​միջավայրում խիստ կնքահոր հետ,  մի քանի ամիս անց նա փախնում է  Հաագա՝ իր հորեղբոր մոտ: Բայց նույնիսկ այնտեղ մթնոլորտը  չափազանց տհաճ էր և խիստ Մարգարետի համար, ուստի և 18-ամյա գեղեցկուհին որոշում է, որ իրեն բացարձակ ազատություն է անհրաժեշտ…

Ամուսնություն՝ ըստ հայտարարության

Մի անգամ նա փողոցում թերթեր գնելիս՝ նկատում է անկյունում տեղադրված գովազդները, որտեղ միայնակ տղամարդիկ  կյանքի ուղեկիցների են փնտրում: Աղջկա ընտրությունը ընկնում է 39-ամյա սպա Ռուդոլֆ Մակ-Լեոդի վրա: Հանդիպելուն պես՝  20 տարի տարբերություն ունեցող զույգը որոշում է օրինական ամուսնանալ: Սիրո մասին խոսք անգամ չկար. Գրետան  ուզում էր ազատվել «վանդակից»:

Մատա Հարին ամուսնու՝ Ռուդոլֆ Մակ-Լեոդի  հետ

«Ընտանիք»

Թերևս ամուսնության սկզբում Մարգարետ Գերտրոդ Զելին երազում էր երջանիկ ընտանեկան կյանքի մասին, բայց իրականությունն արագ սառեցնում է տուն ստեղծելու նրա ցանկությունը: Ինդոնեզիա տեղափոխվելուց հետո ամուսինը սկսոում է  բացահայտ խաբել և դավաճանել  երիտասարդ կնոջը: Շուտով Մակ-Լեոդը  Գրետայի կյանքը դժոխքի է վերածում՝ մեղադրելով նրան իր  ծառայության անհաջողությունների մեջև՝  հարբած կատաղությունը թափելով Գրետայի և երկու փոքր երեխայի վրա:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ապագա կուրտիզանուհին հենց Ինդոնեզիայում սկսում է, ի պատասխան ամուսնու արարքների, դավաճանել նրան երիտասարդ սպաների հետ: Սկանդալներից հետո նա տեղափոխվում է իր սիրեկանի տուն: Հաճույքի և հետաքրքրության համար Մարգարետը սկսում է հաճախել պարային խմբակ, որտեղ ուսումնասիրում է ոչ միայն ինդոնեզական ավանդույթներն, այլև՝ ազգային պարերը: Որոշ ժամանակ անց ամուսինը համոզում է  կնոջը վերադառնալ՝ խոսատնալով, որ խաղաղ կապրեն, բայց շուտով  նախկին կյանքը վերադառնում է՝ կրկին սկանդալներ, դավաճանություն… Երտասարդ կնոջը ընտանեկան դժբախտությունից միայն պարն է  շեղում: Գրետան իրեն անվանում է Մատա Հարի, որը մալայերենից թարգմանաբար բառացիորեն նշանակում  է «օրվա աչք»:

1899 թվականին սարսափելի վիշտ է տեղի ուենում առանց այն էլ անհաջող այս  ընտանիքում՝ հոգեվարքի մեջ մահանում է  Նորմանը՝ 2 տարեկան որդին: Տղայի մահվան պատճառը  մինչև այսօր դեռ պարզ չէ, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ նա մահացել է սիֆիլիսի բարդություններից, որը փոխանցվել է ծնողներից մեկի կողմից, իսկ ըստ մյուս տվայլների՝ երեխաներին թունավորել է սպասուհին, որի ամուսնուն վիրավորվել է Մակ-Լեոդը: Մեկ տարեկան դուստրը` Ժանն-Լուիզան հրաշքով փրկվում է  (նա մահանում է  21 տարեկանում՝ իբր սիֆիլիսից):

1902-ի գարնանը զույգը վերադառնում է  Նիդերլանդներ, որտեղ և ամուսնալուծվում է: Ամուսինը հրաժարվում է ալիմենտ վճարել նախկին կնոջն և աղջկան վերցնում է նրա մոտից:

Պարուհի… Մատա Հարի

Մատա Հարին աղքատության եզրին է հայտնվում և որոշում է Փարիզ մեկել՝ աշխատանքի հետքերով: Ավելի ուշ, երբ նրան հարցնում են, թե ինչու է ընտրել Փարիզը, նա պատասխանում է. «Չգիտեմ, բայց կարծում եմ, որ բոլոր կանայք, որոնք փախել են իրենց ամուսիններից, տարվում են Փարիզով»:

Փարիզում Մարգարետը փորձում է որպես բնորդուհի աշխատել, բայց մերժվում է՝ փոքր կուրծք ունենալու պատճառով և աշխատանքի է տեղավորվում Մոլլիու կրկեսում, որտեղ ելույթ է ունենում Լեդի Գրետա Մակ-Լեոդ կեղծանվամբ: Սովոր լինելով շքեղության՝ Մատա Հարին բավականաչափ գումար չէր վաստակում կրկեսում ձիավարություն անելով և  սկսում է  ավելի շատ գումար վաստակելու և Փարիզի բոհեմական միջավայրը ներխուժելու միջոցներ փնտրել: Վերիշում է  իր պարային հմտությունները…

Էկզոտիկ պարերը՝ էրոտիկ շեշտադրումներով աներևակայելի ուժեղ տպավորություն  են թողնում ֆրանսիացիների վրա: Այն ժամանակ «մերկապար» հասկացությունը նոր էր հասարակության համար: Հենց այս նորույթի և առավելագույնս բաց ելույթների վրա են դրվում Մատա Հարիի հաղթաթղթերը:

Նրա հաջողակ դեբյուտը տեղի է ունենում  1905 թվականի  մարտին՝ Արևելյան արվեստի հայտնի «Մյուե Գիմե» թանգարանում: Անսովոր արտաքինով պարուհին դուր է գալիս ամենահարուստ արդյունաբերող, արվեստի գիտակ և թանգարանի սեփականատեր մսյո Գիմեին, որը որոշում է օգնել իր երիտասարդ սիրուհուն՝ կարիերա ձևավարելու ճանապարհին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա է  հորինել է բեմական  ՄԱՏԱ ՀԱՐԻ անունը: Մսյո Գիմեի անձնական  հավաքածուից շքեղ հագուստներով թանգարանային ցուցանմուշների մեջ՝  Մատա Հարիի իր էրոտիկ պարով ցնցում է  հադիսատեսին. ելույթի վերջում պարուհու վրա մնում են միայն ապարանջանն և մարգարիտե վզնոցը…

Մատա Հարի՝ ժամանակակից մերկապարի հիմնադիրը

Մատա Հարիի հաղթանակը տեղի ունեցավ Ճապոնիայի և Գերմանիայի դեսպանների աչքի առաջ: Այդ գիշերը շրջադարձային է դառնում կուրտիզանուհու համար. նա  հասնում է նպատակին, ոչ թե մտնում, այլ «ներխուում է» Փարիզի բոհեմական կյանք և ամուր հաստատում  իր դիրքերը: Էրոտիկ պարերն՝ արևելյան էկզոտիկ ելևէջներով աննախադեպ հաջողություն են ունենում:

Լեգենդնե՜ր, լեգենդնե՜ր…

Շատերը հավատում էին այն լեգենդին, որ այս անսովոր պարուհին մեծացել է Ինդոնեզիայի հնդկական տաճարներում, որտեղ և սովորել է գաղտնի պարի արվեստը: Մատա Հարին առատաձեռնորեն «կերակրում է» լրագրողներին այդ ստահոդ  պատմություններով… որ ինքը Հնդկաստանի կայսր Էդվարդ VII- ի և  հնդկական արքայադուստրի անօրինական դուստրն է, թե իբր  իրեն մեծացրել են  Քանդա Սվանի տաճարի քահանաները,  որտեղ 13 տարեկանից նա մերկ պարել  է տաճարում….

Ի դեպ, ժամանակակիցները Մատու Հարիին համարում են արդի մերկապարի «նախատատը»:

Մատա Հարին՝ Եվրոպայի աստղը

Մատա Հարին դառնում է էլիտար կուրտիզանուհի, որը սերտ հարաբերություններ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ լուրերի՝  եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում Մատա Հարին  ունեցել է ականավոր սիրեկաններ, որոնք նրան ողողել են զարդերի և փողերի մեջ: Այնուամենայնիվ, Մատա Հարիին անընդհատ փողի կարիքը ուներ և պարտքերի մեջ էր. ասում են, որ  պատճառը ոչ միայն նրա՝ շռայլության ու արտակարգ շքեղության սովորությունն էր, այլև խաղաքարտերի նկատմամբ թուլությունը:

Ավելի ուշ Մատա Հարի անունը հայտնվու է գրեթե ամենուր՝ բացիկների վրա, ծխախոտի, հոլանդական բլիթների և քաղցրավենիքի  տուփերին: Մարգարետայի աղքատ հայրը գիրք է գրելու նրա մասին, որը լույս է տեսնելու 1906 թվականին և վերնագրված է լինելու այսպես՝ «Իմ դստեր կյանքի պատմությունը և իմ առարկությունները նրա  նախկին ամուսնուն»:  «Հեղինակին» այն բերելու է  բավականաչափ գումար, իսկ Մատա Հարիին՝ ավելի մեծ հեղինակություն:

Նա ելույթ է ունենալու Փարիզի հայտնի սրահներում և 3 անգամ՝ Բարոն Ռոթշիլդի առանձնատանը: Նա իսկական հաղթանակ է տանելու Օլիմպիական թատրոնի լեգենդար բեմում ելույթ ունենալուց հետո, որի  մասին գրելու են Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի թերթերը՝ նրան անվանելով հրաշք, մարգարիտ, ճկունության մարմնավորում, որը  հանդիսատեսի վրա ազդում է ոտքերի, ձեռքերի, աչքերի, շրթունքների և ամբողջ մարմնի խաղով: Մինչդեռ Մատա Հարիի նախկին ամուսինը կշարունակի պնդել, որ կինը երբեք պարել չի իմացել. հարթաթաթություն է ունեցել…

Լրտեսություն…

1906 թվականի ամռանը Մատա Հարին ելույթ է  ունենում Բեռլինում, որտեղ և «դիմավորում է».  Առաջին աշխարհամարտը: Այնտեղ նա ուներ նոր սիրեկան՝ հարուստ հողատեր և լեյտենանտ Ալֆրեդ Կիպերտը, որը  գեղեցկուհուն հրավիրում է Սիլեսիա, որտեղ սեպտեմբերին անցկացվելու էին  ռազմական զորավարժություններ:

Երկողմանի լրտես՝ Մատա Հարին

Նիդերլանդների քաղաքացի Մատա Հարին չի կարողանում լքել պատերազմ մտած Գերմանիան: Այստեղ նրան մի քանի անգամ ձերբակալում են՝ կասկածելով Ռուսաստանի հետախուզության հետ կապերի մեջ: Բայց կնոջը հաջողվում է փախչել հայրենիք՝ Նիդերլադներ, որտեղ և ապրում  է մի քանի ամիս: Նիդերլանդների բոհեմական կյանքն և աշխարհիկ շքեղությունը շատ ձանձրալի են թվում Մատա Հարիին, և նա վերադառնում է Փարիզ, որտեղ և ապրում է  բանկիր-սիրեկանի կողմից նվիրած տանը:

Կյանքը, որին նախկինում սովոր էր Մատա Հարին, փլուզվում է. նրա համար այլևս  դժվար է ճանապարհորդել Եվրոպայով մեկ` պատերազմին մասնակցող երկրների կողմից ճանապարհորդության արգելքի պատճառով: Նա տեղաշարժվում է Նիդերլանդների և Ֆրանսիայի միջև՝  հաճախակի անցումներ կատարելով Իսպանիա և Մեծ Բրիտանիա, քանի որ այդ երկրների տարածքները բաժանվում էին առաջնագծով:

…և ֆրանսիացի հակահետախուզությունը հետաքրքրվում է Մատա Հարի հաճախակի տեղաշարժումներով:

Հոլանդացի պարուհու հավաքագրման (вербовка) ճշգրիտ ժամանակն ու հանգամանքները  հայտնի չեն: Ֆրանսիացի հակահետախուզությունը կարծում էր, որ Մատա Հարիին ընտրել են որպես լրտես դեռ  պատերազմից առաջ: Առաջին տեղեկությունը, որ ինչ-որ կինը լրտեսություն է անում ֆրանսիացիներից Գերմանիայի օգտին,  հայտնվում է 1916 թվականին, երբ Մատա Հարին հասկանում է, որ գաղտնազերծված է և  անձամբ ներկայանում է ֆրանսիական հակահետախուզական գործակալություններին՝ առաջարկելով իր ծառայությունները՝ այպիսով դառնալով երկկողմանի լրտես…

Նոր գործակալին փորձարկելու համար  1917 թվականի սկզբին ուղարկում են Մադրիդ՝ վստահելով աննշան առաքելություն: Այստեղ հաստատվում են լրտեսության կասկածները. H-21 գործակալը, որը ֆրանսիացիների կողմից փոխարկվել էր (Մատա Հարիին  ծածկանունը), գերմանական հետախուզության կողմից հրաման է ստանում վերադառնալ  Փարիզ: Ֆրանսիացիները այդ տեղեկատվությունը ստանում են ռադիոհաղորդակցման կապի  միջոցով, և հաստատվում է Մատա Հարիի երկկողմանի լրտեսի գործունեությունը:

Հետմահու…

Հետազոտողների կարծիքով Մատա Հարիի  վերաբերյալ տեղեկությունները շատ տարբեր են: Ոմանք նրան համարում են խելացի կին, որը վարում էր լրտեսական ակտիվ աշխատանքներ՝ վարպետորեն ներխուժելով  պատերազմող երկրների բարձրագույն քաղաքական և ռազմական շրջանակներ, որոնց հետ մրցում էր Գերմանիան: Մյուսները պնդում են, որ Մատա Հարին իսկական լրտես չէր, նա վարում էր սովորական ապրելակերպ՝  ստեղծելով իր  անձի շուրջը մոգական մթնոլորտ, ինչի  համար էլ  բոլոր կողմերից լավ գումարներ էր ստանում:

Կենսագիրները հաշվել են, որ Մատա Հարին իր ողջ կյանքի ընթացքում ունեցել է ավելի քան 100 սիրեկան: Բայց ասում են նաև, որ նա ունեցել է մի իրական սեր՝ ռուս օդաչու Վադիմ Մասլովը, որը ծառայել է  ֆրանսիական ավիացիայում:

Օդաչու Վադիմ Մասլովի հետ

Մատա Հարին նրան հանդիպում է կյանքի վերջում՝ 1916 թվականին,  Վադիմ Մասլովը 21 տարեկան է լինում, իսկ լրտեսուհին՝ 40: Երիտասարդ գեղեցիկ տղամարդը նույն տարիքում էր, ինչ նախկին Գրետա Զելլայի մահացած որդին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մասլովն ու Մատա Հարին ցանկացել են ամուսնանալ, սակայն Վադիմին ուղարկում են ռազմաճակատ, որտեղ նա ծանր վիրավորվում է և կորցնում է աչքը: Ենթադրվում է, որ Մատա Հարին հենց նրա մոտ էր գնում Ֆրանսիա՝ առաջնգծի հիվանդանոց: Այդ նպատակով է նա դիմել  ֆրանսիական զինված ուժերին, բայց նրանք պայման են դրել. այն է՝ գերմանական զինված ուժերից գաղտնի տվյալներ ստանալ: Մատա Հարին համաձայնել է, որը և իրականացնելու համար նրան ուղարկել են Մադրիդ, որտեղ և գաղտնազերծվել է  H-21 գործակալը…

Վարկած կա, որ Գերմանիան կանխամտածված է գաղտնազերծել Ֆրանսիական հետախուզության  ռադիոհաղորդիչները՝ կրկնակի գործակալից ազատվելու համար: Մատա Հարիի և Վադիմ Մասլովի սիրային կապն էլ, ամենայն հավանականությամբ, ևս մի գեղեցիկ առասպել է կուրտիզանուհու մասին:

1917 թվականի հունվարին, երբ Մատա Հարին վերադառնում էր Փարիզ, նրան ձերբակալում են և բանտարկում Սեն-Լազարայում: Քննիչ Բուշարդոնը 4 ամիս հարցաքննել է կնոջը՝ փաստաբան Կլունետին թույլ տալով միայն ներկա գտնվել առաջին և վերջին հարցաքննություններին:

Մատա Հարին մինչև վերջ հերքեց իր կապը գերմանական հետախուզության հետ՝ պատճառաբանելով, որ բացի գերմանացի սպաների հետ սիրային կապերից, ոչինչ չի եղել, սակայն հետաքննության ընթացքում ֆրանսիական հետախուզությունը կարողացել է վերծանել գերմանացիների մի քանի հաղորդագրություններ,  որոնցում իբր, անհերքելի հաստատվել է N-21 լրտեսի գաղտնի գործունեությունը:

Դատավարություն

1917-ի հուլիսին տեղի ունեցած դատավարության ժամանակ Մատա Հարիին մեղադրանք է առաջադրվել թշնամուն տեղեկատվություն փոխանցելու համար: Դատախազ Անդրե Մորնն  ասել է. «Այս կնոջ վնասը աննկարագրելի է, նա մեր դարի մեծագույն լրտեսն է»:

Մատա Հարին բանտարկվել է 1917 թվականին

Դատարանը Մարգարետ Զելլային դատապարտում է մահվան, չնայած նա մինչև վերջ հույս ուներ, որ իրեն կարդարացնեն…

Փաստաբանը, որը ոմանց կարծիքով  սիրահարված է եղել Մատա Հարիին, խնդրանքով  դիմել  է Ֆրանսիայի նախագահ Ռայմոնդ Պուանկերեին՝  ներում շնորհել իր պաշտպանյալին, սակայն դիմումը մերժվել է:

Ինչ էլ որ լինի, միևնույն է, ամենահայտնի կուրտիզանուհու կյանքի պատմությունը մինչև այսօր դեռ հուզում է գրողներին, նկարիչներին և ռեժիսորներին: Նրանից ոգեշնչված՝ Պաուլու Կոելյուն  գրել է իր հայտնի «Լրտեսը» վեպը, որը  ընթերցողին հասանելի է արդեն  հայերեն թարգմանությամբ՝ Անտարես հրատարչության կողմից:

Կարդացեք նաև՝