Մի սիրո պատմություն. Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան - VNews

Մի սիրո պատմություն. Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան

Երջանիկ է այն մարդը, որն ունակ է սիրելու, որն ունակ է անձնազոհության… Երջանիկ է այն մարդը, որին այդպես սիրում են․․․Հենց այսպիսի մեծ սիրո մասին է այսօրվա մեր պատմությունը:

Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան. զույգ, որին հաճախ նմանեցնում են Ջոն Լենոն և Յոկո Օնո զույգին: Պատճառը, թերևս մի լուսանկար է, որն առանց նրանց իմացության պտտվեց ամբողջ աշխարհի տարբեր ցուցասրահներում:

Լուսանկար, որն արվել էր «Ար» հեռուստաընկերությում՝ Գերման Ավագյանի կողմից: Դա զույգի միակ լուսանկարը չէ. ինպես ասում է Նաիրա Զոհրաբյանը՝ գրկախառնությունների շարք կա, որը դեռևս հրապարակված չէ: Իսկ Վենետիկում այս աշխատանքն արժանացել է մրցանակի: Միայն տարիներ անց՝ ամուսնու մահից հետո Նաիրա Զոհրաբյանը կտեսնի այս հայտնի լուսանկարը Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջում:

Հավերժ սեր, որը դիմակայեց ժամանակին ու նույնիսկ բաժանմանը…

«Ես Ջոն Լենոնը չեմ
Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.
Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով
Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան
Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.
Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը
Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։
Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան
Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։
Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։
Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։
Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝
Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։
Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։
Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։»

Սամվել Մկրտչյանի բանաստեղծությունը՝ նվիրված Նաիրա Զոհրաբյանին…

Իսկ  սկզբում…

Նրանք ծանոթացան 1992 թվականի հոկտեմբերի 16-ին՝ աշնանային մի անձրևոտ օր: Նարիա Զոհրաբյանն ավարտել էր Թատերական ինստիտուտը և բոլորովին ցանկություն չուներ ապագան կապել թատերագետի մասնագիտության հետ: Աշխատանքի անցավ «ԱՐ» շաբաթաթերթում, որի խմբագիրն էր Սամվել Մկրտչյանը: Նա թողեց թատերագետի իր մասնագիտությունն ու սկսեց լրջորեն զբաղվել լրագրությամբ:

Եվ ամեն բան սկսվեց․․․

Զարմանալի մի ձգողականություն կար նրանց միջև: Նրանք թե՛ վիճում էին, թե՛ համախմբվում մի գաղափարի շուրջ՝ չկարողանալով ապրել առանց մեկմեկու… Անգամ մի օր, մի ժամ…

Ամեն օր սեր խոստովանելով՝ ապրում էին կյանքի դժվար տարիներն ու ժամանակաշրջանը՝ ցրտից միասին պատսպարվելով մի քնապարկի մեջ և ծիծաղելի գներով Վերինսաժում վաճառելով հայտնի թարգմանչի օքսֆորդյան արժեքավոր բառարանները:

Այս օրինակելի սերը դիմակայեց ցրտին, կենցաղային ծանր պայմաններին, որ ապրի անմահություն

Դեպի անմահություն…

Դեկտեմբերի 7-ին 11:43 րոպեին Սամվել Մկրտչյանի սիրտը կանգ առավ:

Նա մահացավ  2014 թվականին՝ քաղցկեղից: Նաիրա Զոհրաբյանը կյանքում երկրորդ անգամ փակեց սիրելիներից մեկի աչքերը. առաջինը հայրն էր…

Կորցրած կյանքի հանդեպ սերն ու ապրելու ցանկությունը՝ նա փողոցում մի օր պատահաբար տեսնում է մի մարդու, որը կրում էր ճիշտ նույն բաճկոնը, ինչ սիրելի Սամվելը: Լավ հասկանալով, որ այդ մարդը Սամվելը չէ՝ Նաիրան երկար ժամանակ քայլում է այդ անծանոթ մարդու հետևից՝ սփոփելով իրեն, կարծես կարոտն առնելով այդ նմանությունից․․․

Բաճկոնը հիշեցնում էր այն միակին, որի հետ Նաիրան ապրեց 23 տարի, որն ընդամենը 55 տարեկան էր, երբ գնաց…

Մարդիկ հեռանում են, բայց մենք ստիպված ենք լինում ապրել առանց մեր սիրելիների, և ինչպես իր տողերից մեկում գրել է Մհեր Արշակյանը՝

 «Մեր սիրելիների մահը մեզ հաշտեցնում է մեր մահվան հետ»…

Ամեն օր մենք վերապրում ենք սիրելի մարդու կորուստը՝ հիշելով ու կապելով նրան բույրի, զգացողությունների ու ապրած վայրկյանների հետ: Սիրում ենք, ժպտում՝ ապրելով նրա սիրո թելերով կապված ու պարուրված երջանկության հետ:

«Ես երջանիկ կին եմ, որովհետև կարողացել եմ այդպես սիրել և սիրված եմ եղել աշխարհի ամենաֆանտաստիկ, ամենատաղանդավոր, ամենաջերմ ու ամենատղամարդկային տղամարդու կողմից»:

Սամվել Մկրտչյանը իր կյանքի ընթացքում թարգմանեց բազում արժեքավոր ստեղծագործություններ, բայց ինչպես նա է նշել ժամանակին՝

«Արեցի իմ կյանքի ամենակարեւոր գործը, հիմա կարող եմ մեռնել»…

Ձախից Աշոտ Գաբրիելյան, Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Սամվել Մկրտչյան և Արամ Պաչյան

Խոսքն իհարկե Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» հայտնի վեպի մասին է, որը նա թարգմանեց ընդամեը մեկ տարում՝ կոնյակի մեջ սուրճ լցնելով, օղու մեջ՝ նարնջի հյութ…

Ի դեպ, Օքսֆորդը Սամվել Մկրտչյանին ճանաչել է որպես աշխարհի 500 լավագույն թարգմանիչներից մեկը…

Նաիրա Զոհրաբյանն իր մեջ ուժ գտավ և որոշեց «ապրեցնել» Սամվել Մկրտչյանին այնքան, ինչքան ապրում է ինքը՝ հրատարակելով նրա թարգամանությունները,  զբաղվելով Սամվել Մկրտչյանի թանգարանի և «Ջոյսի» թարգմանական դասարանի ստեղծման աշխատանքներով և ամեն բացվող օրվա հետ շարունակելով ամուսնուն խոստովանել, որ սիրում է…

«Ձեր սիրելիներին ամեն օր ասեք, ասեք, որ սիրում եք իրենց․․․ Ասեք բառերով։ Այն, ինչ պիտի անեք ձեր սիրելիների համար, արեք այսօր, մի մտածեք, որ վաղը կանեք, որովհետեւ այդ վաղը կարող է չգալ․․․»:

Նաիրա Զոհրաբյան

կին, որ կարողանում է սիրել…

Աղբյուրներ՝ Հետք, Հ1, Bavnews


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ