-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
1564 թվականի փետրվարի 18-ին, Ֆլորենցիայում` 88 տարեկան հասակում մահացավ իտալական քանդակագործության հանճարը` Միքելանջելոն։ Նա թաղված է Ֆլորենցիայի Սանտա-Կրոչե եկեղեցում։ Համեստ կյանքով ապրած, մշտապես քչով բավարարված այս մեծությունը մահից առաջ թելադրել է իր շատ համառոտ կտակը.
Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս` հողին, ունեցվածքս` բարեկամներիս։
Քանդակագործը համեստաբար լռել է այն մեծ ժառանգության մասին, որը թողել է մարդկությանը։ Հազարավոր քանդակներ, կտավներ, շենքեր, շինություններ և բանաստեղծություններ։ Այսօր նրա թողած հսկայական ժառանգությունից առանձնացրել ենք տասը ամենանանշակալի ստեղծագործությունները։
«Մադոննա Դոնի» տոնդոն (տոնդո են կոչվում կլոր նկարները) Միքելանջելոյի միակ պահպանված և մեզ հասած կտավն է: Այն պատվիրել է ֆլորենտացի բանկիր Անյոլո Դոնին՝ ի պատիվ հանրաճանաչ տոսկանական ազնվական ընտանիքի ներկայացուցիչ` Մադալենա Ստրոցիի հետ իր ամուսնության: Մինչև այժմ նկարը ցուցադրվում է իր բնօրինակ շրջանակով, որը նույնպես ստեղծել է հենց ինքը՝ Միքելանջելոն: Աշխատանքը 1635 թվականից գտնվում է ֆլորենտական Ուֆիցի պատկերասրահում:
Թերևս աշխարհում ամենահայտնի քանդակը` «Դավիթը» Միքելանջելոն ստեղծել է երեք տարվա ընթացքում։ Հինգմետրանոց այս քանդակի հիմքում ընկած է Դավթի և Գողիաթի աստվածաշնչյան պատմությունը, որն արվեստում ամենաշատ մեկնաբանված ու կիրառված դրվագներից մեկն է: Միքելանջելոյի ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ նա դարձավ առաջինը, որը ոչ թե պատկերեց Գողիաթի հետ ճակատամարտից հետո հաղթանակած Դավթին, այլ ներկայացրեց նրան` մարտից առաջ, իր ողջ լարվածությամբ ու կենտրոնացմամբ: «Դավիթը» ավելի քան 300 տարի տեղադրված էր Ֆլորենցիայի Սինիորիայի հրապարակում։ 1873-ին տեղափոխվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիա, որտեղ էլ գտնվում է այսօր: Հրապարակում քանդակը ցուցադրվում էր լուսարձակի տակ, որը հատուկ նախագծել է XIX դարի իտալացի ճարտարապետ Էմիլիո դե Ֆաբրիսը: Այսօր քանդակն ունի մեծ թվով պատճեններ և ձուլումներ: Դրանցից ամենահայտնիները գտնվում են Ֆլորենցիայի Սինիորիայի հրապարակում, Մոսկվայի Պուշկինի թանգարանի իտալական բակում և Վիենայի Ալբերտի և Վիկտորիայի թանգարանում:
Սիքստինյան կապելլայի առաստաղին պատկերված լեգենդար «Պարսկական սիբիլան» Միքելանջելոյի սքանչելի որմնանկարներից մեկն է: Իրականացվել է Հռոմի Պապ Հուլիոս II- ի պատվերով: Այս աշխատանքը Ծննդոց Գրքից ընտրված ինը պատմություններից մեկն է։ Ասում են, որ թեև Միքելանջելոն այս գործը սկսել է առանց մեծ ոգևորության, բայց այնուամենայնիվ, նա կարողացել է այնքան հրաշալի իրականացնել այն, որ մինչ օրս բոլորը շարունակում են հիանալ այս ստեղծագործությամբ: Ավելին, յուրաքանչյուր տարի 5 միլիոն մարդ այցելում է Վատիկան՝ տեսնելու այս գլուխգործոցը:
«Ադամի արարումը» Սիքստինյան կապելլայի առաստաղի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է, որը առանձնահատուկ կարևոր է Վերածննդի դարաշրջանիի համար: Հանրաճանաչության առումով այս աշխատանքը զիջում է միայն Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզային», իսկ «Խորհրդավոր ընթիրքի» հետ զուգահեռ համարվում է բոլոր ժամանակների ամենատարածված կրոնական նկարը: Աստծո և Ադամի գրեթե իրար դիպչող ձեռքերի պատկերը անհաշվելի անգամներ մեկնաբանվել, ընդօրինակվել և և նույնիսկ ծաղրանմանակվել է:
«Ահեղ դատաստանը» հայտնվեց Սիքստինյան կապելլայի զոհասեղանի պատին միայն 25 տարի անց՝ «Պարսկական Սիբիլան» պատկերելուց հետո: «Ահեղ դատաստան» որմնանկարը համարվում է Միքելանջելոյի ամենաբարդ գործերից մեկը: Այստեղ պատկերված է Քրիստոսի երկրորդ գալուստը և նրա վերջին ու ահեղ դատաստանը մարդկության հանդեպ: Նկարն ի սկզբանե հակասական է համարվել և ընկալվել կերպարների մերկության պատճառով: Տրենտոնյան ժողովի դատապարտմամբ և հրամանով 24 տարի անց թաքցվել է կերպարների անպարկեշտ համարված մերկությունը:
Սուրբ Պետրոսի տաճարը, որը գտնվում է Վատիկանում, համարվում է Վերածննդի ճարտարապետության ամենահայտնի կառույցը և աշխարհի երկու ամենամեծ եկեղեցիներից մեկը: 74 տարեկան հասակում Միքելանջելոն՝ որպես շենքի գլխավոր ճարտարապետ հաջորդեց Անտոնիո դա Սանգալո Կրտսերին: Իհարկե, Սանգալոն է համարվում տաճարի հիմնական նախագծողը, սակայն նրա մահից հետո գործն ավարտել ու շինությունը իդեալական է դարձրել Միքելանջելոն:
«Մեռնող ստրուկը» ստրուկների վեց քանդակներից մեկն է, որը Միքելանջելոն մի քանի տարիների ընթացքում ստեղծեց՝ Հռոմի Պապ Հուլիոս II-ի համար, որը դատարկել էր գանձարանը ու փորձում էր իր համար իդեալական տեղ ապահովել՝ երկրային կյանքը սկսելու համար: Բայց նախագիծը ամբողջությամբ չի իրականացվել, ինչը շատ վշտացրել է քանդակագործին, քանի որ նա գրեթե մեկ տարի կորցրել էր քարհանքներում քարե սալիկների որոնման համար:
1524 թ. Հռոմի Պապ Կլեմենտ VII-ը Միքելանջելոյին հանձնարարեց նախագծել գրադարան՝ Ֆլորենցիայի Սուրբ Լորենցո տաճարի համար: Միքելանջելոն նախագծեց ոչ միայն գրադարանի ինտերիերը, այլ նաև նախամուտքը: Նա դարձավ առաջինը, որը գրադարանի նախագծման մեջ կիրառեց մաներիզմի ոճը: Լաուրենցիանա գրադարանը Միքելանջելոյի կարևորագույն ճարտարապետական նվաճումներից մեկն է: Այս նախագծում նրա նորամուծությունները և տարածության օգտագործումը համարվում են հեղափոխական:
«Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» Միքելանջելոյի առաջին հայտնի նկարն է, որը ենթադրվում է, որ նա նկարել է 12 կամ 13 տարեկանում: «Չարչարանքները» հիմնված են 15-րդ դարի գերմանացի նկարիչ Մարտին Շոնհաուերի փորագրության վրա: Արվեստաբան ու Միքելանջելոյի կենսագիր Ջորջիո Վազարին և գրող և Ասկանիո Կոնդիվին իրենց գրվածքներում «Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» համարում են որպես առանձնահատուկ ու կատարյալ ստեղծագործություն:
Պիետան, ինչպես Դավիթը, համարվում է Միքելանջելոյի հրաշագեղ քանդակներից մեկը: Ի սկզբանե այն ստեղծվել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով: Քանդակը պատկերում է Մարիամ Աստվածածնին, որը ձեռքերի մեջ գրկել է Քրիստոսին՝ սգալով նրա մահը: Վերածննդի շրջանում այս թեման Իտալիայում հաճախ են օգտագործել մահարձաններ ստեղծելու համար: XVIII դարում «Պիետան» տեղափոխվեց Սուրբ Պետրոսի տաճար: Սա միակ քանդակն է, որը Միքելանջելոն ստորագրել է: Իր գոյության ընթացքում քանդակը զգալի վնասներ է կրել: Ամենաաղմկոտ դեպքերից մեկը տեղի է ունեցել 1972-ին, երբ ավստրալիացի երկրաբան-հոգեբան Լասլո Թոթը, իրեն Քրիստոս երևակայելով` մուրճով հարձակվեց քանդակի վրա: Այսօր վերականգնված Պիետան պահվում է անխոցելի ապակու հետևում:
Վիդեո
Ֆոտո