Ֆիլմն ինքնարտահայտվելու ամենաբարդ և խրթին միջոցն է:
Ես երջանիկ մարդ չեմ, դա ուղղակի բնավորության հարց է: Ես հակված եմ տխրության` ես կարող եմ մեծ հաճույքով տխրել:
Ձանձրալի է, երբ պատասխաններ ես ունենում. միայն քաղաքական գործիչներն են տեղյակ բոլոր պատասխաններից:
Արտիստը մարդ է, որը պետք է ոչ թե պատասխաններ, այլ հարցեր տա. ես ոչ մի ասելիք չունեմ:
Ես փորձում եմ մոտենալ իրականությանը, մոտենալ հակասություններին: Կինոյի աշխարհը կարող է դուրս գալ մտացածինից և մոտենալ իրականությանը:
Եթե թելադրեմ հասարակությանը, թե որն է ճիշտ մտածելակերպը, կզրկեմ նրանց իրենց սեփական երևակայությունից, և իրենց համար կարևորի ընտրությունից:
Իմ բոլոր ֆիլմերն էքսպերիմենտներ են:
Սովորաբար ֆիլմերի երաժշտությունը նախատեսվում է դրանցում առկա խնդիրներն ու թերությունները քողարկելու համար:
Անտանելի է, երբ քո շրջապատի մարդիկ փոխվում են: Պատկերացրեք, որ ձեր կողակիցը փոխվում է, և այժմ նրա հետ շատ դժվար է համաձայնության գալ: Կամ պատկերացրեք, որ ձեր մայրը կամ հայրը փոխվել են. ժամանակին նրանք ուժեղ էին, իսկ այժմ՝ նրանք ասես երեխաներ լինեն… հավատացնում եմ ձեզ, որ դա բնավ ծիծաղելի չէ:
Երբ դու եկեղեցի ես կառուցում, հիմք ես դնում դոգմային, իսկ երբ գաղափարախոսություն ես ստեղծում՝ հիմք ես դնում վտանգի: Կոմունիզմը գեղեցիկ մտահղացում է, սակայն, երբ այն գաղափարախոսության վերածվեց, միլիոնավոր մարդիկ զրկվեցին կյանքից:
Դրաման կոնֆլիկտով է «սնվում»: Եթե դուք լուրջ եք վերաբերվում հասարակական խնդիրներին, ապա չեք կարող խուսափել դաժանությունից, նայե՛ք շուրջբոլորը. դաժանությունը մեր հասարակության մեջ է ներարկված:
Ես սիրում եմ դերասաններին: Իմ ծնողները դերասաններ են եղել և դերասանների հետ աշխատանքը ֆիլմի ստեղծման գործընթացի ամենահաճելի մասն է: Կարևոր է, որ դերասանները վստահ լինեն, որ պաշտպանված են և նրանց ոչ ոք չի խաբի: Եթե ստեղծեք վստահության մթնոլորտ, դերասանները կանեն ամեն հնարավոր բան, որ հաճույք պատճառեն ձեզ:
Ֆիլմ արտադրողների և քննադատների միակ խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նրանք պիտակավորում են մարդկանց, շատ դժվար է լինում ազդել նրանց կարծիքի վրա: Ես դա ալարկոտություն եմ համարում:
Այնժամ, երբ մարդիկ քո աշխատանքը սխալ են վերարտադրում, դու վերածվում ես անօգնական էակի: Կան մարդիկ, որոնք չեն կարող կամ պարզապես չեն ուզում հասկանալ կամ ընդունել այն, ինչ դու անում ես: Դու պետք է պատրաստ լինես դրան, երբ ռիսկի ես գնում՝ հանրության առաջ ինքդ քեզ ցուցադրելով:
Այն, ինչ անում ենք մարդկանց համար, ավելի կարևոր է նրանից, թե ինչ ենք զգում նրանց հանդեպ:
Ես չեմ ընդունում, որ երեխաներն անմեղ են: Իրականում ես համոզված եմ, որ ոչ ոք չի հավատում դրան. գնացեք խաղահրապարակ և տեսեք, թե ինչպես են նրանք խաղում ավազուտ: Կատարյալ երեխայի մասին ռոմանտիկ պատկերացումն ուղղակի յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է:
«Քաղաքացիական պատերազմը» աշխարհիս երեսին գոյություն ունեցող միակ բառն է, որ կարող է ճիշտ բնութագրել ֆիլմերս. «քաղաքացիական պատերազմ» ասելով ես նկատի ունեմ ոչ թե այն, ինչի մասին բոլորը գիտեն, այլ այն ամենօրյա պատերազմը, որը մենք տանում ենք մեր ներսում:
Մրցանակները կարևոր են բոլոր ռեժիսորների համար, քանի որ դրանք բերալավում են աշխատանքային պայմանները: Դու լավն ես այնքանով, որքանով լավն է քո վերջին ֆիլմը, և երբ մրցանակ կամ մեծ լսարան ես ստանում, ստանում ես հաջորդ ֆիլմդ ավելի լավ նկարահանելու համար շատ գումար:
Թատրոնում և հեռուստաընկերությունում ես շատ բան եմ սովորել, և դա եղավ հատկապես այն ժամանակ, երբ ես աշխատում էի դերասանների հետ: Թատրոնում դու ավելի շատ բան ես սովորում, քան ֆիլմ նկարահանելիս, քանի որ ֆիլմի նկարահանման ժամանակ դու դերասանների հետ աշխատելու այնքան էլ շատ ժամանակ չունես:
Մարդիկ կինոքննադատներ են դառնում, քանի որ հետաքրքրվում են ֆիլմերով: Ես վստահ չեմ, թե արդյոք կինոյի մասին շատ բան իմանալը կարող է երաշխիք հանդիսանալ, որ դուք լավ ֆիլմեր նկարահանեք, բայց ես վստահ եմ, որ դա ձեզ չի խանգարի:
Այո՛, ինձ «լույս աշխարհ» է բերել եվրոպական մշակույթը: Թեպետ կան մի քանի հզոր ռեժիսորներ, որոնցից ես շատ բան եմ սովորել, չկա այն միակը, որը կոգեշնչի ինձ:
Ինչպես յուրաքանչյուր ռեժիսոր, ես էլ ֆիլմեր նկարահանելիս ցանկանում եմ ինչքան հնարավոր է շատ մարդկանց ուշադրությունը հրավիրել դրանց վրա:
Գերմանացիների հետ ես ինձ հանգիստ եմ զգում. ես սիրում եմ իմանալ, թե ով ինչ է ասում և ինչ է անում: