ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [5 առակ իմաստության] - VNews

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [5 առակ իմաստության]

գոշ - ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [5 առակ իմաստության]

ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ

Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին ու Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.

– Եթե քեզ դրախտ տանեմ, դա կհամբերե՞ս։

Եվ գեղջուկն ասաց.

– Ե՞րբ կլինի այդ։

Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում էին դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.

– Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը։

Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.

– Այլևս չե՛մ խոսի։

Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց.

– Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:

Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ։ Եվ նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.

– Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք…

Եվ գեղջուկ մարդն ասաց, «Լավ է, ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։

 

ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.

— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես, մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

 

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։

Համարձակություն ստանալով՝ ձկները պատասխանում են.

— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։ Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

 

ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ

Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.

— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան:

Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.

— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:

Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.

— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:

Նա պատասխանում է.

— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։

Ասում է.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։ Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։

Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ։ Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.

— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։

Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։

Եվ գնալով, մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին։

Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։

Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։ Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.

— Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բերումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։

ՓՂԻ ՈՐԴԻՆ՝ ԻՄԱՄՏԱՍԻՐՈԻԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏ

Փիղն իր որդուն հանձնեց Պլատոնին՝ իմաստասիրություն ուսանելու: Եվ ուսուցիչը հանձնարարեց աշակերտին չոքել լսարանում, իսկ նա չկարողացավ: Պատվիրեց նաև որ գլուխը խոնարհի գետնին, այդ ևս չկարողացավ: Պլատոնը ետ վերադարձրեց նրան հորը և ասաց.

— Վայել է, որ քո որդին թագավորի պալատում լինի՝ միշտ ոտքի կանգնած, և ոչ իմ լսարանում, քանի որ ո՛չ նստել կարող է և ո՛չ գլուխ խոնարհել: