-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մինչդեռ ամեն օր մենք փնտրում ենք այն հարցի պատասխանը, թե «էլ ինչո՞վ զբաղեցնել ինքներս մեզ այս օրերին», մի խումբ վանաձորցիներ կազմակերպում են մաֆիայի օնլայն խաղեր: Այսպիսով, եթե դուք մանկուց սիրում էիք բակում «գող-ոստիկան» խաղալ, եթե դուք կրիմինալ ֆիլմերի երկրպագու եք, կամ միշտ երազել եք ինքներդ բացահայտել քաղաքի ամենավտանգավոր հանցագործներին, ապա երազանքներն իրականացնելու օնլայն հարթակն այսուհետ ձեզ է սպասում:
Խաղի ականատեսներն ու մասնակիցները վկայում են՝ խաղերն անցնում են մաֆիային բնորոշ լարվածությամբ, մենք էլ հետաքրքրվել ենք նախաձեռնության մանրամասների ու խաղալու՝ ձեր հնարավորության մասին:
Պատմում են «Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության կազմակերպիչներ Դավիթ Այվազյանը ու Նորայր Ալեքյանը:
Կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մեզ «հորդորել են» մնալ տանը, ուստի մի փոքր ավելի ազատ ժամանակ ունենք, քան բնականոն կյանքում, և այն հարկավոր է հետաքրքիր անցկացնել: Հենց դա էլ առիթ հանդիսացավ իմ ու Դավիթի խոսակցության համար, թե ինչպես անենք, որ մարդիկ մնան տանը: Պարզվեց, որ զուգահեռաբար երկուսս էլ մտածել էինք օնլայն Մաֆիա խաղալու մասին, որպեսզի հետաքրքրացնենք մարդկանց մեկուսացումը: Այդպես էլ ծնվեց մեր սոցիալական ակցիան «online Մաֆիա. #մնատանը» խորագրով:
21-րդ դարը տալիս է ահռելի հնարավորություններ, որոնցից մեկը տեսազանգն է, մենք էլ որոշեցինք այն օգտագործել ոչ միայն հառավոր բարեկամների հետ կապ պահպանելու համար, այլև ընկերների ու նոր ծանոթների հետ մաֆիա խաղալու նպատակով: Քանի որ մեր հարազատ քաղաք Վանաձորը հայտնի է նաև, որպես կրիմինալ քաղաք, մտածեցինք, որ կարող ենք եզրույթը բեկել ու դրան հաղորդել սոսկ խաղային իմաստ. և թող կրիմինալությունը լինի միայն խաղային մակարդակում: Թեև հարկ է նշել, որ մեր նախաձեռնությունն այլևս հատել է Վանաձորի սահմանները: Սկզբում խաղում էինք նեղ ընկերական շրջապատով, հետզհետե խաղացողների թիվն ավելանում էր, իսկ աշխարհագրությունը՝ ընդլայնվում: Այժմ մեզ միանում են ոչ միայն Հայաստանի տարբեր քաղաքներից, այլև Ռուսաստանից ու այլ երկրներից:
Այժմ խաղում ենք օրական 7-8 խաղ, խաղավարների պակաս չունենք: Թեև խաղերն անցնում են դասական մաֆիայի բոլոր կանոններով, այնուամենայնիվ խաղի օնլայն տարբերակն ունի իր տեխնիկական որոշակի առանձնահատկությունները, որոնց մասին տեղեկատվությունը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան խմբում: Խաղերը հաճելի, ուրախ, ընկերական մթնոլորտում են ընթանում. մեր՝ մինչև լույս խաղացող մասնակիցները վկա՜: Իսկ նրանք, ովքեր դեռևս չեն հասցրել խաղալ կարող են ծանոթանալ խաղերին լայվ հեռարձակումների միջոցով։
Ի դեպ, նախաձեռնությանը միացած մասնակիցներից շատերը կամավոր հիմունքներով փորձում են աջակցել ակցիային` վարում են խաղերը, տարածում են խումբը, հրավիրում նոր մասնակիցներ, նվիրում անսահմանափակ բաժանորդագրություններ խաղային պլատֆորմում և օգնում տեխնիկական այլ հարցերով… Օգտվելով առիթից` ուզում եմ բոլոր այդ մարդկանց շնորհակալություն հայտնել:
Օնլայն մաֆիա խաղալու համար պետք է հետևել մեր ֆեյսբուքյան խմբին՝ «online Մաֆիա #մնատանը», սպասվող խաղերի մասին նյութերի մեկնաբանություններում դնել + նշանը, այնուհետև մեր ադմինիստրատորները կապ կհաստատեն ձեզ հետ և կուղարկեն խաղի հղումը, որի միջոցով կմիանաք խաղին: Հարկավոր է նաև ներբեռնել «zoom» հավելվածը:
Այսքանից հետո միակ բանը, որ կուզեմ նշել, կապված է տանը մնալու հետ. հարգելի քաղաքացիներ, տանը մնալը կենսական նշանակություն ունի մեր հասարակության և պետության ֆունկցիոնալության համար, ուստի մնացեք տանը և համարեք սա հիանալի հնարավորություն էլ ավելի խորը ընկղմվելու ձեր մեջ` փորձելով ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ: Հնարավորություն փոխվելու, զարգանալու և պատրաստվելու մեկուսացումից հետո սպասվող կյանքին. չէ ՞ որ այն այլևս նույնը չի լինելու: Սպասվում են գլոբալ փոփոխություններ ամբողջ աշխարհում, ուստի, աշխարհին զուգահեռ առաջ գնալու համար անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ մեր մտածելակերպի մեջ: Առողջ եղեք, մնացեք տանը և խաղացեք online Մաֆիա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո