fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

#mustread. 5 ժամանակակից հայ արձակագիր, որոնց պետք է կարդալ [կրտսեր սերունդ]

Շատերը պնդում են, որ ժամանակակից հայ գրականություն չկա: Հենց այդ մարդկանց համար (ու նաև բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ ժամանակակից հայ գրականությունը բավական հարուստ է ու գունեղ) պատրաստել ենք այս հոդվածը ու առաջարկում ենք կարդալ այս 5 հայ արձակագիրների գործերը ու բացահայտել այն գույները, որ ունի մեր օրերի հայ գրականությունը:

Մենք զրուցել ենք գրականագետ Հասմիկ Հակոբյանի հետ և խնդրել նրան՝ առանձնացնել 5 երիտասարդ արձակագիրների անուններ, որոնց, ըստ նրա, պետք է անպայման կարդալ:

Կարդացեք նաև՝ 5 պատմվածք հայ ժամանակակից գրողներից, որ արժե կարդալ

1. Քրիստիան Բատիկյան

«Քրիստիանի տեքստերում փոքր տարածության մեջ դեպի ներս ընթացող բազմաշերտ պատմություններ կան:  Տարբեր մշակույթների, տարբեր կենսաձևով ապրող մարդկանց կյանքի ու ճակատագրերի խաչաձևում, որոնք միախառնվում են, դառնում մի հետաքրքիր ամբողջություն և պատմում մարդկային մենության, խոր ու ցավեցնող հուսահատությունների մասին», – ասում է Հասմիկ Հակոբյանը:

Հաւատացիր թէ հանդերձարանին դռնէն անդին Նարնիան պիտի գտնէիր, բայց միայն պզտիկ տղայ մը գտար. հանդերձարանին մէջ կծկտած կու լար: Առաջինը չէիր, այդչափ միամիտ: Այն ատեն հասկցար՝ երազներդ իրեն կը հետեւէին: Բնաւ չնեղուեցար: Եւ կեցար հոն՝ ճամբու եզրին, սպասելով:
Կենալ հոն եւ սպասել, այդքան տարիներ: Չանդրադառնալ որ ժամանակներ փոխուեցան,
«Հետեւիլ գետերուն…»՝
նայիլ մինչեւ ո՞ւր կ’երթան, պիտի տանի՞ն քեզ մինչեւ սկիզբ, մինչեւ հոն, ուրկէ եկար, ուրկէ քակուեցար, ուր լքուեցար, ուր լքեցիր,
«Օհ կ’աղաչեմ՝ կրնա՞մ քեզի հետեւիլ,
Օհ ըսէ՝ ինչո՞ւ ոչ մի՛շտ…»,
ու գետերը կ’երթան մինչեւ հոն, մինչեւ սկիզբը պատմութեան:
Ծովը կը թափին:

հատված «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» գրքից

Տես նաև՝ 2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

2. Անրի Գրիգորյան

Կարդա՝ Ես Անրի Գրիգորյանն եմ…

«Անրիի պատմվածքներում մի չտեղայնացված ներքին ազատություն կա, որ բոլորից շատ եմ հավանում. մանկություն ու թիֆլիսյան պատմություններ,  մերօրյա Երևան, Լոնդոն ու Բուդապեշտ, բոլոր այս քաղաքների ժամանակը, որ միավորվելով դառնում է մարդու ապրած գոյի ժամանակ՝ իր կասկածներով ու ապրումներով, սեփական փնտրտուքով, միևնույն ժամանակ՝ զերծ  որոշակի սահմանափակ տարածության կաշկանդող պարտադրանքից», – ասում է գրականագետը:

Մահվան ճանճ ա նստել վրաս, հանկարծ կասի վրացուհի տատս: Ո՞ւր ա, ո՞ւր՝ բռնեմ-սպանեմ: Փոքր ժամանակ հավատում էի մահվան ճանճի գոյությանը. նա մյուս սովորական ճանճերից ավելի խոշոր է, փայլուն, դառը մանուշակագույն, փրչոտ ոտքերով, ավելի անճոռնի, զզվելի ու սիրում է հատկապես տատուս, որովհետև նա բոլորից չաղ է, նրանից դաշտային ծաղիկների ու գոզինաղի հոտ է գալիս, նա միակն է ամբողջ Վրաստանում, ով լավ սացիվի սարքել գիտի, նրա թևերն ու կրծքերը փելամուշի պես փափուկ են, գրպաններում միշտ կոնֆետներ ունի, նրանցից, որ չկան խանութներում, տատս համով էպղնձից հենց նոր հանած չուրչխելայի ծայրից կաթկթող փելամուշի պես: Տատս ամեն տարի կարծում է, որ մայիսին մեռնելու է: Փոքր ժամանակ երազում իր մահացած տատուց հարցրել է՝ երբ եմ մեռնելու, նա էլ՝ տարել-բերել, թե՝ մայիսին: Ու ամեն տարի մայիսին, մահվան ճանճը գալիս-մտնում է մեր տուն ու նստում տատուս դոշին: Ամեն տարի մայիսին յասամանի հոտը մտնում է մեր տուն, ու ես ինձ մեղավոր եմ զգում մայիսը սիրելու համար…

Հատված «Լայլան» պատմվածքից

Կարդացեք անպայման՝ #mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

3. Գրիգ

«Երիտասարդների մեջ առանձնահանում է նաև Գրիգը՝ իր պարզ, անպաճույճ պատումի ոճով: Նրան բնորոշ է աարոյանական նրբանկատությունն ու մանկան հայացքը, անգամ ցավոտ թեմաներում՝ հիվանդ երեխաների մասին պատումներում, պահպանված է մանկան պարզ, մաքուր հայացքը». Հասմիկ Հակոբյան:

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին:
– Ի՞նչ է եղել,- հարցրի ոգևորված:
– Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել:
– Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը:
– Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեց Տիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է:
– Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում,- աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց:

հատված «Հիսուսի կատուն» պատմվածքից

Եթե սիրում եք պոեզիա՝ 5 ժամանակակից հայ պոետ, որոնց արժե կարդալ [երիտասարդ սերունդ]

4. Նարեկ Թոփուզյան

«Նարեկի  արձակի մասին երևի ամենից քիչ են խոսել, այնինչ Նարեկը մեկ գրքի ու բազմաթիվ պատմվածքների հեղինակ է: Ամենակարևորը, որ հավանում եմ նրա գրվածքներում, պատմություն պատմելու ունակություն է. նրա՝ ամենատարբեր մարդկանց ու իրադարձությունների մասին, երբեմն հատվածային, ընդմիջվող ու բոլորովին մեկ այլ կետից սկսվող դրվագներով պատմությունները էպիկական փոքր տարածության մեջ տարբեր մարդկային ճակատագրեր են տարեգրում», – նկատում է Հասմիկը:

Երեսուն տարի է Գուգոն ու Ժաննան ապրում են միասին ու վերջերս նրանց հարաբերությունները խառնվել են: Գուգոյի և Ժաննայի հարաբերությունները խառնվել են իրար ու նրանք թու-թու-թու, իրենցից հեռու՝ ոնց որ տիեզերքի անկշռության պայմաններում թթվածնային դեֆիցիտի մեջ հայտնված տիեզերագնացները՝ ստույգ չգիտեն էս ամբողջն ինչքան կտևի, դրա համար էլ աշխատում են միմյանց հետ շատ չխոսել, որ խոսքով թոքերը ողողող թթվածինն անհարկի չսպառվի: Նայես վաթսունն անց այս զույգին, կասես նրանք լռաձայն հայտարարված խռովությամբ փորձում են հետաձգել իրենց համատեղ կենցաղի վախճանն այնքան, որքան կբավարարի հանդուրժողականության ռեսուրսը, որ նրանք սպառում են ընտանեկան անկշռության պայմաններում: 

հատված՝ «Գուգոյի հայտարարությունը» պատմվածքից

Մեր ավագ սերնդի պոետները՝ 5 ժամանակակից հայ պոետ, որոնց ՊԵՏՔ Է կարդալ [ավագ սերունդ]

5. Նորայր Սարգսյան

«Նորայրի առաջին գիրքը՝ «Չինական պատ», ճիշտ է դեռ տպագրության ընթացքի մեջ է, սակայն մամուլում հրապարակված գործերը թույլ են տալիս խոսել խոստումնալից արձակագրի մասին: Նորայրի պատմություններում տարածաժամանակային հետաքրքիր անցումներ կան, որոնք մեկ կոնկրետ ժամանակի, բակային, առօրյա կյանքի դրվագներ են ներկայացնում, մեկ  խոսքի ընթացքը պտտվում է, և հերոսը հայտնվում է ինքնափնտրտուքի, տարբեր կետերից սեփական եսն ու  ճանապարհը դիտարկող  մտքերի ընթացքի մեջ», – ասում է գրականագետը:

Գնացքը կամաց-կամաց թափ է հավաքում` կարագի պես կտրելով ճանապարհը, ու ամառվա առավոտը ձգվում է` այդպես էլ չդառնալով ցերեկ։ Երևանից Գյումրի ճանապարհին թվում է՝ ժամանակը կանգ է առել եղանակային պայմանների փոփոխության պատճառով։ Այն, ինչ Երևանում մենք սովոր ենք համարել առավոտվա զով, այս հատվածում լինում է ցերեկը, և մենք ճանապարհորդությամբ կարծես խաբում ենք կյանքին։ Երեկ գիշեր տղերքը բակում՝ գարեջրի սեղանի շուրջ, ֆիլմից էին խոսում.
– Հասկանում ես, մի ժամը սև անցքի մոտ 7 տարի ա մեր մոլորակում։
– Ախպեր, չեմ հասկանում, ո՞նց է։
– Դե երևի օրգանիզմիդ պրոցեսները դանդաղում են։
– Չէ, չեմ հասկանում մի խոսքով։

հատված «ճանապարհ» պատմվածքից:

հատվածները՝ granish.org-ից

տես նաև 5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

 


Սիրադեղյան արձակագիրը…

Մի շնչով «ապրած տարիներ»…Վարդգես Պետրոսյան

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Նար-Դոս՝ «Ես և նա». Մի կորած մարդու հիշատակարանից

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված