Նաիրի Սահյանի հուշերը հոր՝ Համո Սահյանի մասին - VNews

Նաիրի Սահյանի հուշերը հոր՝ Համո Սահյանի մասին

20-րդ դարի հայ գրականության ամենավառ, ամենաինքնատիպ, ամենահայկական ու բնապաշտ հեղինակին՝ Սահյանին անհնար է բացակա դնել մեզնից: Նա այն համեստ մեծությունն է, որը կընթերցվի դեռ երկար:

Սահյանը ծնվել է 1914թ.-ի ապրիլի 14-ին: Մանկությունը Զանգեզուրի Լորում է անցել, ինչն էլ հիմք է դարձել նրա բանաստեղծության մեջ հետագայում արտահայտվող բնապատկերների համար: Սահյանի ստեղծագործությունը երբեք չկորցրեց իր անքակտելի կապը հայրենի գյուղի, գյուղական կենսակերպի ու տան մասին քաղցր հիշողությունների հետ: Արդեն  Լորից ֆիզիկապես հեռացած, արդեն բանաստեղծ Համոն պարբերաբար վերադարձել է հայրենի գյուղ ոգեշնչման, ստհետքերով:

Սահյանի մասին՝ որդու շուրթերից

Նաիրի Սահյանը պատմում է.

«Հայրս հասարակ գյուղացի էր: Նա միշտ ասում էր. «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Նա մեծ կուլտուրայի տեր մարդ էր: Երբեք ոչ ոքի սպասեցնել չէր տալիս. միշտ առաջինը ինքն էր գնում հանդիպման:

Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ:

Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում:

Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք:

Հայրս գործի մեջ պարփակված մարդ էր: Երբ դեռ փոքր էինք, այդ ժամանակվանից մեզ համար Թումանյան ու Բակունց էր կարդում, կաթիլ-կաթիլ լցնում մեր մեջ: Իսկ, առհասարակ, նա համարում էր, որ ինչի արժանի ես, դրան էլ կհասնես: Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա:

Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ:

Մենք ապրում էինք մի շենքում, որտեղ մի շարք ուրիշ գրողներ էին ապրում: Բոլորն իրար հարեւան էին: Նրանց մասնակցությամբ հավաքներ մեր տանը շատ է եղել: Գալիս էին Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Նշան Մուրադյանը: Մեզնից մի հարկ վերեւում ապրում էր արձակագիր Քրիստափոր Թափալցյանը, ներքեւի հարկում` Սարմենը: Մեզ հարեւան էր նաեւ բանաստեղծ Արշալույս Սարոյանը: Մեր դռները միշտ բաց էին իրար առաջ:

Մի ուրիշ եղանակ էր այդ շենքում, բոհեմական հրաշք էր, որ չգիտեմ` երբեւէ կկրկնվի, թե ոչ:

Հիշում եմ, որ երբ մեծերով հավաքվում էին մեր տանը, խոսում էին գրականությունից, արվեստից, ընդհանրապես, մարդուց: Թե ուր է նա ձգտում, ուր է գնում, ժամանակը նրան ուր է տանում, ինչ է պետք մարդ մնալու համար: Նրանք տեսնում էին, որ քաղաքակրթությունը մարդու մեջ սպանում է լավագույն հատկանիշները:

Նրանք վախենում, սարսափում էին հագած-կապած, բայց դատարկ ու կաղապարված մարդկանցից:

Այդ մարդիկ Հայաստանի ապագայով էին ապրում: Հայրս իր հայրենիքը միշտ համեմատել է մոր հետ: Իր երկրի ճակատագրով մտահոգված է եղել միշտ: Նա այն համոզման էր, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, չնայած գիտեր, որ դժվարին ճանապարհ է սպասվում: Նա ասում էր, որ եթե ժողովուրդը իր հոգով բարձր է, ուրեմն կա: Հիմա մեր ազգը հոգեւոր հայր չունի: Սահյանը, օրինակ, կարող էր այսօր մի բան ասել, որ ոչ մեկը չի ասում: Բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, հիշենք նրա խոսքերը. «Իմ երգերում ինձ ման եկեք. ես ուրիշ տեղ չկամ»:

Վաղուց երևանաբնակ Սահյանը երբևէ չկորցրեց այդ ամուր կապն իր Լորի հետ՝ մայրաքաղաքում անգամ մնալով հողեղեն, հողոտ ու հողածին: Գրողի կյանքի վերջին տարիներն անցան 90-ականների երկրի ծանր կացության ու սեփական հիվանդության պայմաններում: Նա մահացավ 1993թ.-ի հուլիսի 17-ին՝ 79 տարեկան հասակում

Աղբյուրը՝ «Ժողովուրդ»

Տես նաև՝


Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր Համո Սահյանի կյանքից

Գարսիա Լորկա [բանաստեղծություններ, որ Համո Սահյանն է թարգմանել]

Շահեն Զաքարյան. «Հրաշքը»

Բակունցի մասին. Ռուբեն Զարյանի «Հուշապատում»-ից

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Համո Սահյան [սիրային]

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Փնտրում ես դու… [PROJECT LA-ն Սահյան է երգում դարձյալ] ու կա ինչ-որ քաղցրություն

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Համո Սահյանի պոեզիան երգ է դառնում. Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում

Գարնանային պոեզիա