Նախորդ դարի սեքս-սիմվոլները - VNews

Նախորդ դարի սեքս-սիմվոլները

 

Սեքս-սիմվոլ տերմինը կիրառում ենք այն անձանց դեպքում, որոնց հասարակությունը համարում է սեքսուալ գրավիչ։ Այս հասկացությունը սկսել են կիրառել 1911 թվականից։ Մեր ժամանակներում սեքս-սիմվոլները ամենուր են և անբաժան մասն են կազմում փոփ-մշակույթի, կինոյի, նորաձևության, սպորտի ու անգամ քաղաքականության մեջ։

Ձեզ ներկայացնում ենք 1950-60-ական թվականներին սեքս-սիմվոլներ հռչակված արվեստի ներկայացուցիչներին, որոնց տարիներ առաջ ընտրել է ամերիկյան ամսագրերից մեկը։

Ուրսուլա Անդրեսս

 

Շվեյցարացի այս դերասանուհին սկսել էր իր կարիերան Հռոմում որպես մոդել, որից հետո էլ հայտնվել էր իտալական կինոստուդիայում։ 1962 թ. ստացել էր դեր Ջեյմս Բոնդի մասին պատմող «Դոկտոր Նոու» ֆիլմում։ Ինչից հետո Անդրեսսի դեմքը հայտնի էր դարձել բոլորին։

 

 

«Դոկտոր Նոու» ֆիլմում Անդրեսսը Կարիբյան ծովից դուրս էր գալիս սպիտակ բիկինիով։ Սա համարվում էր կինոյի պատմության ամենասեքսուալ կադրերից մեկը, որն էլ Ուրսուլա Անդրեսսին  դարձրեց միլիոնավոր տղամարդկանց սիրելին։
60-ականներին նրան ամուսնության առաջարկ էին անում հոլիվուդյան այնպիսի հայտնի տղամարդիկ, ինչպիսին էին Ջեյմս Դինը, Շոն Քոններին, Մառլոն Բրանդոն։

«Դոկտոր Նոու»  ֆիլմում Անդրեսսի հագած բիկինին 2001 թվականին վաճառվեց 35000 եվրոյով։

 

Պոլ Նյուման

 

1925 թ. Օհայո նահանգում ծնված Պոլ Նյումանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր ԱՄՆ ռազմածովային նավատորմում։ Սրանից տասը տարի անց, 1954 թ. նա նկարահանվեց «Արծաթե բաժակ» ֆիլմում ու միանգամից դարձավ կանանց սիրելին։ Հետագայում Պոլը նկարահանվեց բազմաթիվ այլ ֆիլմերում, ապա դարձավ հայտնի ձեռնարկատեր ու ավտոմրցաարշավորդ։ Նա մահացավ 2008-ին` 83 տարեկանում։

 

 

50-60-ականներին Պոլ Նյումանը համարվում էր լեգենդար սեքուալ գրավիչ տղամարդ։ Նա շատ հազվադեպ էր ժպտում լուսանկարներում, սակայն նրա կապույտ աչքերից խելքահան էին լինում կանայք։

 

 

Կանայք ջանք չէին խնայում ծանոթանալ ու մտերմանալ Նյումենի հետ, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց։ Պոլ Նյումենը ողջ իր կյանքն ապրեց մի կնոջ հետ։

 

 

Ռաքել Ուելչ

 

Չիկագոյում ծնված Ռաքելը դեռևս պատանեկության տարիներից աշխատում էր ամենատարբեր բնագավառներում` օդերևութաբանից մինչև ֆոտոմոդել։ 1960-ականների կեսերին «20th Century Fox» կինոստուդիայից նա առաջարկ ստացավ նկարահանվելու։ Ուելչին հռչակ բերեց «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» ֆիլմում իր գլխավոր դերակատարումը։ Նրան վաղ տարիքից գրավիչ էին դարձնում իր երկար շագանակագույն մազերն ու գեղեցիկ աչքերը։

 

 

Սակայն, Ուելչին սեքս-սիմվոլի համբավ ձեռք բերեց  «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմում խաղացած դերը։ Այստեղ Ռաքելը հանդիստաստեսին գրավում էր իր նախնադարյան, կենդանական կաշվից բիկինիով, որը յուրահատուկ ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։

 

Միք Ջագեր

 

Անգլիայում ծնված Միգ Ջագերը մանկուց սիրում էր երգել։ 1961 թվականին նա Քիտ Ռիչարդսի հետ տեղափոխվեց կիթառահար Բրայն Ջոնդսի բնակարան ապրելու։ Այս տրիոն կարճ ժամանակահատվածում վերածվեց The Rolling Stones լեգենդար ռոք խմբի։ Ազատության ոգին ոչ միայն այս երիտասարդների երաժշտության մեջ էր, այլ նաև նրանց ապրելակերպում։ Ինչը նրանց շատ գրավիչ էր դարձնում, հատկապես, կանանց շրջանում։

 

 

Միք Ջագերը չնայած իր ոչ այնքան գեղեցիկ դիմագծերին, համարվում է կանանց սրտերի տիրակալ։ Նա ամուսնացավ չորս անգամ, ունի յոթ երեխա։ Երաժշտության 76 տարեկան գերաստղն այսօր նույնպես շարունակում է գերել բոլոր տարիքի կանանց սրտերը։

 

Բեթթի Փեյջ

 

Բեթթի Փեյջը երիտասարդ տարիներից մոդել էր աշխատում, սակայն նրան մինչև 1952 թվականը ոչ ոք չէր նկատում։ Նա ճանաչում ձեռք բերեց, երբ սկսեց նկարվել փոստային բացիկների համար։ Շատ կարճ ժամանակ անց, Բեթթին դարձավ ամենահայտնի մոդելը և ամենագեղեցիկ աղջիկը Նյու Յորքում։ Նա մերկ նկարվում էր պլակատների համար մինչև այն պահը, երբ նրան նկատեց Հյու Հեֆները` ամերիկացի հայտնի հրատարակիչ, «Playboy» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1955 թ. Բեթթի Փեյջը հայտնվեց այս ամսագրի շապիկին։

 

 

Բեթթի Փեյջը սևահեր հարավցի գեղեցկուհի էր, որը մերկ ոճի ամսագրերում հայտնվում էր պրովոկացիոն դիրքերով նկարված։ Նա հայտնի էր նաև նորաձեևության ասպարեզում։ Սակայն 50-ականների վերջին նյարդային պոռթկման ժամանակ նրան տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ  ախտորոշեցին «սուր շիզոֆրենիա»։ Բեթթին հիվանդանոցից դուրս եկավ 1992 թվականին, մահացավ 2008-ին` 85 տարեկանում։

 

Ջեյն Մենսֆիլդ

 

Ամերիկացի շիկահեր դերասանուհի Ջեյն Մենսֆիլդը խելացի, երիտասարդ,  գեղեցիկ կին էր, որը խոսում էր հինգ լեզվով, նվագում է դաշնամուր և ջութակ։ «20th Century Fox» կինոստուդիան նրա հետ անժամկետ պայմանագիր ուներ կնքած, ինչի շնորհիվ Ջեյնը նկարահանվում  էր բազմաթիվ ֆիլմերում։1963 թ. Մենսֆիլդը համաձայնեց նկարահանվել ամբողջովին մերկ, մինչ այդ նրան մերկ տեսել էին մինչև գոտկատեղը։ Նա սկսեց նկարվել նաև Playboy-ի համար` դառնալով ամենավաճառվող մոդելը։

 

 

Նա շքեղ երկար մազերով շիկահեր էր և ուներ շատ նուրբ ձայն։ Մի տարվա մեջ Ջեյնը նկարվել էր 2500 տարբեր թերթերի համար։ Նրան է վերագրվում մասսայական մշակույթում սեքսուալ պատկերների ներմուծումը, որոնք այսօր մենք տեսնում ենք ամեն օր։ Ջեյն Մենսֆիլդը երեք  ամուսնությունից ուներ հինգ երեխա։ 1967 թ. նա 34 տարեկանում մահացավ ավտովթարից։

Էլվիս Փրեսլի

 

 

Էլվիս Փրեսլին պատանեկությունից շեղված էր երաժշտության վրա, դասընկերները նրան «միայնակ» էին ավանում։ Ավագ դպրոցում նա սկսեց առանձնանալ ու ուշադրություն գրավել։ Սկսեց բակենբարդներ պահել և մազերը հարդարել յուրահատուկ նյութերով։ Նրա հագուստը նույնպես  առանձնահատուկ էր, բարձրացված օձիքով և արձակած կոճակներով վերնաշապիկը խիստ տպավորիչ էր դարձնում նրան;
50-ականների ընթացքում Էլվիսը դարձավ ռոքն ռոլլի արքան։ Նա հազարավոր համերգներ էր ունենում, ֆիլմերում նկարահանվում, ձայնագրվում։ 1973-ին Փրեսլին կազմակերպեց արբանյակային հեռարձակմամբ առաջին համերգը, որն ունեցավ 1,5 միլլիարդ հանդիսատես։

 

 

Դեղորայքի չարաշահումը  քայքայեց Փրեսլիի առողջությունը և նա 1977 թ. մահացավ 42 տարեկանում։
Էլվիս Փրեսլին  ոչ միայն երաժշտության մեջ մնաց հայտնի ու նշանավոր կերպար, այլ նաև իր տեսակով, փայլուն սև մազերով, գայթակղիչ հագուստով ու հրաշալի պարային շարժումներով  դարձավ ու մնաց կանանց սիրելին։ Աղջիկները բառացիորեն խելագարվում էին նրան տեսնելուց։ Այսօր էլ շարունակում է Էլվիս Փրեսլին մնալ ռոքն ռոլի խորհրդանիշը երաժշտության մեջ և սեքս-խորհրդանիշը` կանանց շրջանում։

Բրիջիթ Բարդո

 

Բրիջիթ Բարդոի մարմնի կառուցվածքն ու պատկերը մեծ ազդեցություն ունեցավ 1950-60-ականների նորաձևության վրա: Նա հանրաճանաչ դարձրեց  «Bardot» բացվածքը, որը հայտնի է իր լայն բաց պարանոցով ՝ ներառելով նաև ուսերը: Բարդոն նպաստեց բիկինի լողազգեստների տարածմանը: Նրա թթված կաղամբի տեսք ունեցող մազերի  սանրվածքը ընդօրինակում էին բոլորը։

 

 

Նա ստեղծեց «սեքսուալ փիսիկ Բրիջիթ Բարդոյի»  կերպարը, որն այնքան սիրելի էր տղամարդկանց և ընդօրինակելի կանանց համար։ Բարդոն համաշխարհային ճանաչման արժանացավ «Եվ Աստված ստեղծեց մի կին» գայթակղիչ թրիլերում իր դերակատարմամբ։ 1960-ականներին Բարդոն աչքի էր ընկնում իր ազատ ապրելակերպով, նա ունեցավ բազմաթիվ սեռական հարաբերություններ և ամուսնություններ: Հետագա տարիներին Բրիջիթ Բարդոն դարձավ կենդանիների իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ տուգանվեց ՝ ռասայական ատելություն հրահրելու համար:

 

Մերլին Մոնրո

 

1940 թ. Մերլին Մոնրոն հաջողված մոդել էր մի շարք ամսագրերում։

«20th Century Fox»-ը նրան նկատեց 50-ականներին և պայմանագիր կնքեց երիտասարդ գեղեցկուհու հետ։ 1952-ին, երբ լույս տեսավ  Մոնրոյի մերկ լուսանկարներով օրացույցը,  նրան արդեն ճանաչում էր ողջ Ամերիկան։ Լուսանկարներն արել էր Թոմ Քելլին` որսորդության ժամանակ։ Մոնրոն վստահեցնում էր, որ ինքը դրան գնացել էր փողի բացակայության պատճառով։

 

 

Սրան հաջորդեցին բազմաթիվ գլխավոր դերեր ֆիլմերում։ Նա հայտնի էր իր վառ շեկ մազերով, նուրբ ձայնով ու ազատ պահվածքով։ Այնուհետև լուսանկարվելով  Playboy-ի համար, նա ամրապնդեց սեքս խորհրդանիշի իր համբավը և գրավեց մի շարք ազդեցիկ տղամարրդկանց ուշադրությունը, այդ թվում էին Քենեդի եղբայրները։  Մերլին Մոնրոն ամուսնացավ երեք անգամ։ Մահացավ 1962 թվականին անհասկանալի հանգամանքներում։ Մահվան պաշտոնական վարկածը թմրադեղերի մեծ չափաբաժինն էր։ Քննարկվում էր նաև ինքնասպանության վարկածը։