Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային - VNews

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

նամակը - Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

Ապրիլի երեք, 1796թ. 

Ստացել եմ բոլոր նամակներդ, բայց դրանցից ոչ մեկն ինձ այնքան չի տպավորել, որքան վերջինը: Ինչպե՞ս ես, ի՛մ սեր, կարողանում նման բաներ գրել ինձ:Չե՞ս կարծում իմ իրավիճակն արդեն իսկ բավականին դաժան է, առանց իմ վշտին ավելացնելու ու ոգիս կոտրելու: 

Ի՜նչ գեղեցիկ ոճ, ի՜նչ զգացմունքներ ես արտահայտում: Դրանք կրակ են, որ այրում են իմ խեղճ սիրտը: 

Իմ միակ ու անկրկնելի Ջոզեֆի՛ն, քեզնից բացի ուրախություն գոյություն չունի: Քեզնից հեռու աշխարհն անապատ է, որտեղ ես միայնակ եմ և չեմ կարողանում բացել սիրտս: Դու ավելին ես, քան հոգիս, դու իմ կյանքի միակ իմաստն ես: 

Երբ հոգնում եմ աշխատանքի մասին անհանգստանալուց, երբ ինձ նյարդայնացնում են մարդիկ, երբ ես անիծում եմ իմ ողջ լինելը, ձեռքս սրտիս եմ դնում: Այնտեղ քո նկարն է կախված և ես նայում եմ դրան: Այդ սերն ինձ երջանկացնում է, և ամեն ինչ անցողիկ է թվում, բացի իմ սիրելի կնոջից հեռու անցկացրած ժամանակը:

Ի՞նչ արվեստով ես կարողացել ենթարկել ինձ քեզ ու կենտրոնացրել իմ ողջ գոյությունը քեզ վրա: Ապրել հանուն Ջոզեֆինայի. սա է իմ կյանքի պատմությունը: Փորձում եմ մոտենալ քեզ, բայց հիմար եմ: Չեմ նկատում, թե ինչպես եմ ավելի հեռանում քեզնից: Որքա՞ն երկրներ են բաժանում մեզ…  

Ե՞րբ կկարողանաս կարդալ այս բառերը, թույլ արտահայությունները, որ պատկանում են այս գերված հոգուն, որտեղ դու թագուհին ես: 

Օ՜հ, ի՛մ պաշտելի կին: Չգիտեմ՝ ինչ է ինձ համար պատրաստել ճակատագիրը, բայց եթե այն ավելի երկար ինձ հեռու պահի քեզնից, ուղղակի անտանելի կլինի: Իմ խիզախությունը բավական չէ մեր հեռավորությունը հաղթահարելու համար:

Ժամանակին ես հպարտանում էի իմ խիզախությամբ և երբեմն մտածում էի վատ ճակատագրի կողմից ինձ համար նախապատրաստված բաների մասին, ու այդ բոլոր սարսափների առջև ես չէի թարթում կամ դողում: 

Բայց այսօր միտքը, որ իմ Ջոզեֆինան կարող է անախորժության մեջ ընկնել, հիվանդանալ, կամ, որ ամենասարսափելի միտքն է, ինձ սկսել քիչ սիրել, ուղղակի ոչնչացնում է հոգիս, սառեցնում արյունս, ինձ տխուր ու մտահոգ դարձնում՝ առանց նույնիսկ բարկանալու ու հուսահատվելու խիզախություն թողնելու: 

Միշտ ասել եմ, որ մարդիկ չեն կարող վնասել այն մարդուն, որը մահանում է առանց ափսոսանքի: Բայց հիմա գիտեմ, որ մեռնելն առանց քո կողմից սիրվելու, առանց իմանալու, դժոխային տանջանք կլինի, միանգամայն ոչնչացման ամենավառ օրինակը: Զգում եմ ասես խեղդվում եմ:

Ի՛մ միակ ընկերակից, որին ճակատագիրն ընտրել է ինձ հետ միասին կյանքի դժվար ճանապարհն անցնելու համար, այն օրը, երբ քո սիրտն այլևս ինձ չպատկանի, ինձ համար բնությունը կկորցնի իր ամբողջ իմաստն ու ջերմությունը: 

Այստեղ կանգ կառնեմ, ի՛մ սիրելի ընկեր, հոգիս տխուր է, մարմինս՝ հոգնած, իսկ ոգիս՝ ճնշված: Մարդիկ ձանձրացնում են ինձ, ատում եմ նրանց. նրանք հեռացնում են ինձ իմ սրտից: 

Ես Օգնելիայի մոտ գտնվող Մաուրիսում եմ, վաղը կհասնեմ Ալբենգա: Երկու բանակներն էլ շարժվում են՝ փորձելով առաջ անցնել մեկը մյուսից: Թող հաղթի ամենախելացին: Ես հավանում եմ Յոհան Բոլյոյին. նա լավ է ղեկավարում իր զորքն ու ավելի ուժեղ է, քան իր նախորդը: Ես նրան լավ դաս կտամ, հույս ունեմ: 

Մի՛ վախեցիր: Սիրի՛ր ինձ այնպես, ինչպես սիրում ես սեփական աչքերդ, սակայն դա էլ բավական չէ: Սիրի՛ր ինձ այնպես, ինչպես սիրում ես ինքդ քեզ: Ո՛չ, դրանից էլ շատ:Սիրի՛ր ինձ քո մտքերից, կյանքից ու քո ողջ էությունից շատ: 

Ների՛ր ինձ, ի՛մ թանկագին սեր, ես զառանցում եմ: Մարդու միտքը թուլանում է, երբ խորը զգացմունքներ է տածում և երբ սիրվում է քո կողմից: 

Ցտեսություն, ցտեսություն: Անկողին եմ գնալու առանց քեզ, քնելու եմ առանց քեզ: Թո՛ղ քնեմ, աղաչո՛ւմ եմ: Մի քանի գիշեր է արդեն, որ զգում եմ ասես իմ գրկում ես: Ուրախ երազ է, բայց իրականում դու այստեղ չես… 

Բոնապարտ 

Թարգմանությունը՝ VNews-ի

Ողջ «Նամականի» շաքը՝ այստեղ 


Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Ստենդալ

2 սիրային նամակ պատմության խորքերից

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Սուլամիթայի նամակը Սևակին

5 հետաքրքիր փաստ Նապոլեոն Բոնապարտի մասին

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին