Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանն իր 60–ամյակի առթիվ բեմադրել էր «Սիրո Մենյու» մոնո կատակերգությունը, որը, չնայած նրան, որ ինքնակենսագրական է հիշեցնում, իրականում մենյու է՝ սիրո մասին:
Երեկ՝ հուլիսի 17-ին, Բոհեմ թատրոնում հերթական անգամ հանդիսատեսը հնարավորություն ստացավ սիրուն օր և ժամեր անցկացնել Նարեկ Դուրյանի հետ և դիտել «Սիրո Մենյուն»:
Մենք ևս ներկա էինք և որոշեցինք պատմել՝ ինչու արժե դիտել այս ներկայացումը:
- «Սիրո Մենյու» իր տեսակի մեջ յուրահատուկ ներկայացումը դիտելիս հասկանում ես՝ աշխարհում ամեն-ամեն ինչի հիմքում սերն է: Ներկայացման ընթացքում Նարեկ Դուրյանը պատմում է դրվագներ իր կյանքից և ներկայացնում սիրո բոլոր հնարավոր և անհնար տեսակները: Բացատրում դրանց լավ և վատ կողմերը, արժևորում սերը:
- Ներկայացման ընթացքում հանդիսատեսը հասցնում է զգալ բոլոր հնարավոր էմոցիաները. տխրել, մի կուուուուշտ ծիծաղել, ապրել ու զգալ հերոսի՝ Դուրյանի հետ միասին: Դուրյանական հատուկ հումորն ու մտերմիկ զրույցները հենց այն են, ինչ պետք է լավ երեկո անցկացնելու համար: Հանդիսատեսն իրեն մենակ չի զգում և ոչ մի վայրկյան չի վրիպում հերոսի՝ Դուրյանի աչքից:
- «Սիրո Մենյուի» համեղ ճաշացանկում միայն ու միայն դուրյանական պատմություններն են: Պատմություններ, որտեղ դերասանը հաճախ է հիշում ծնողներին, ընկերներին և անծանոթներին, որոնք այս կամ այն կերպ կարողացել են հետք թողնել նրա կյանքում:
- Սիրուն են դուրյանական համեմատությունները: Դրվագներից մեկում դերասանը կին-տղամարդ խոսակցությունը հնչեցնում է երաժշտության և նոտաների լեզվով: Մաժոր, մինոր, ֆալցետներ… Իսկական երաժշտասեր հանդիսատեսը հաստատ կգնահատի «Սիրո Մենյուն»:
- Ներկայացման ընթացքում Դուրյանին օգնության են գալիս թատրոնի երիտասարդ դերասանուհիները, որոնց հետ դերասանը երաժշտական, ռիթմիկ համարներ է ներկայացնում:
- Խոսելով կին-տղամարդ պարզ թվացող հարաբերությունների մասին դերասան-բեմադրիչը մի հստակ բաժանում է անում՝ «Սեր, ֆլիրտ ու անվեջ սկանդալներ». հենց սա է ըստ դերասանի կին-տղամարդ հարաբերությունների ողջ պատմությունը:
- Խոսելով սիրո բաժանումների մասին բեմադրիչն առանձնացնում է սերը, որոնք մարդիկ զգում են տաղանդավորների հանդեպ և մի սիրուն միտք հնչեցնում.
«Տաղանդավոր մարդիկ իրենց միամտության մեջ էլ են տաղանդավոր»:
- Մտքեր, որոնք ստիպում են անընդհատ մտածել, խորհուրդներ, որոնք ստիպում են ապրել ու սիրե՜լ, անմնացորդ, սիրել ուզածի պես, ապրել միայն ու միայն սեփական կյանքը և ուզածդ ձևով ու շատ-շա՜տ սեր… Սերը միայն կնոջ և տղամարդու միջև չէ, որ լինում է: Ուժեղ կարելի է սիրել սեփական ես-ը, մասնագիտությունը, անվերջ բողոքելը, շատ ուտելը, կյանքն ու ամեն-ամեն ինչ, կարելի է սիրել անփոխադարձ ու ոչնչանալ, կարելի է սիրել սիրուն, բայց պետք է սիրել, մի՜շտ… Այսպիսին է Դուրյանի «Սիրո Մենյուն», որը մենք խորհուրդ ենք տալիս անպայման դիտել:
Լուսանկարները՝ Բոհեմ թատրոնի ՖԲ-յան էջից: