Նախադիտում. Ալֆոնսո Կուարոն, «Ռոմա» - VNews

Նախադիտում. Ալֆոնսո Կուարոն, «Ռոմա»

 

Աշխարհահռչակ մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ալֆոնսո Կուարոնը Լյումիեր 2018-ի պատվավոր հյուրերից մեկն էր: Կուարոնը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2001 թ. «Եվ քո մորը նույնպես/Y tu mamá también» ֆիլմից հետո, երբ արժանացավ Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։ Կուարոնի ամենահայտնի ֆիլմերից են 2004 թ.  Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը/Harry Potter and the Prisoner of Azkaban», 2006 թ. «Մարդկային Զավակ/Children of Men» հակաուտոպիան, և 2013 թ. «Գրավիտացիա/Gravity»  թրիլլերը, որը նրան արժանացրեց «Ոսկե Գլոբուս»«BAFTA» և «Օսկար» մրցանակների:

Փառատոնի շրջանակներում բացի իր մի շարք հայտնի ֆիլմերից Կուարոնը ներկայացրեց իր նոր՝ «Ռոմա» ֆիլմը: Ֆիլմը սև ու սպիտակ է, նկարահանվել է Մեքսիկայում, Մեխիկոյի հարակից Ռոմա բնակավայրում, որտեղ մեծացել է ռեժիսորը, և պատմում է 70-ականների Մեքսիկայի միջին խավի կյանքի մասին:

Կարելի է միանշանակ ասել, որ 2001-ից ի վեր սա ռեժիսորի լավագույն աշխատանքն է. այն կենսագրական է, հիմնված է Կուարոնի մանկության պատմությունների վրա, բայց դրա հետ մեկտեղ այն բոլորինն է, քանի որ արծարծում է մի քանի կարևոր խնդիրներ, օրինակ՝ սոցիալական անհավասարություն, Մեքսիկայում 1971թ. հունիսի 10-ին տեղի ունեցած ուսանողական ցույցեր և զինվորական ճնշումներ, որոնք շատերը կոչում են «Ալկոնազոյի կոտորած»: Այն նաև կարևոր հաղորդագրություն է տալիս բոլոր կանանց, ցույց տալով, որ անկախ նրանց սոցիալական ստատուսից, բոլորն էլ կարող են բախվել նույն խոչընդոտներին, բոլորն էլ կարող են  հավասարապես դժբախտ լինել :

«Կապ չունի, թե նրանք ինչ են ասում, մենք միշտ միայնակ ենք», -ասել է հերոսներից մեկը:

Սցենարը ունի երկու ճյուղավորում. մի կողմից մենք ականատես ենք լինում միջին խավին պատկանող ընտանիքի՝ բժիշկ Անտոնիոյի, նրա կնոջ և 4 երեխաների պատմության զարգացումներին, իսկ մյուս կողմից, մենք տեսնում ենք նրանց համար աշխատող Կլեոյին, ով միաժամանակ և′ ընտանիքի անդամ է, և′ ոչ: Չցանկանալով բացահայտել ֆիլմի սցենարը՝ կասեմ, որ Կլեոյի և ընտանիքի հարաբերությունները զարգանում են աննկարագրելի գեղեցիկ կերպով՝ անձնական դժբախտությունների և հանրային անհանգստությունների ֆոնին: Ֆիլմը պատմում է երկու կանանց պատմություն՝ խոսելով միաժամանակ միլիոնավոր կանանց սրտերից:

Ֆիլմում կան հատվածներ, որոնք սցենարում ոչինչ չեն փոխում: Շատերը նույնիսկ կարող են մտածել, որ դրանք կարելի էր ընդհանրապես չնկարել, կամ կտրել, քանի որ ֆիլմը բավականին երկար է ստացվել: Սակայն հենց այդպիսի տեսարաններն են ստեղծում այն էմոցիոնալ դաշտը, որը պտտվում է ֆիլմի շուրջ: Ինձ համար անակնկալ չէր, երբ դահլիճում ինձնից աջ և ձախ նստած մարդիկ չկարողացան զսպել իրենց արցունքները: Այնուամենայնիվ, որքան էլ տրագիկ լիներ ֆիլմը, հանդիսատեսներս դուրս եկանք դրական էմոցիաներով լի:
Ֆիլմի մյուս յուրահատկությունը այն է, որ այն չունի երաժշտություն: Հավատացեք, երբ չկա երաժշտություն, մութ դահլիճում, մեծ էկրանի դիմաց յուրաքանչյուր բառ շատ ավելի ազդեցիկ է հնչում, իսկ երկխոսությունները յուրահատուկ շեշտադրում են ստանում:

Հետաքրքիր էր տեսնել նաև Կուարոնի օպերատորական աշխատանքը: Եթե փորձեմ նկարագրել ֆիլմը հակիրճ, կասեմ, որ այն «չի շտապում» (ինչպես Կոարոնի գրեթե բոլոր ֆիլմերը): Որոշ կադրեր բավական երկար են, պետք է շատ համբերատար լինել և չակնկալել զարգացում կամ կուլմինացիա այն պահին, երբ մենք ուզում ենք: Կուարոնը ունի ֆիլմի զարգացումների իր սեփական ժամանակացույցը, որը բոլորին անակնկալի կբերի: Մյուս կողմից, խոշոր պլանով կադրերը բավական քիչ են, Կուարոնը մաքսիմալ փորձել է տալ տարածական պատկերներ՝ տեղափոխելով տեսախցիկը աջից-ձախ կամ հակառակը առավելագույնս սահուն կերպով :

Նկարահանման ընթացքը եղել է բացառիկ: 108 օրերի ընթացքում բացի Կուարոնից և գլխավոր պրոդյուսերից ոչ ոք չի ունեցել ֆիլմի սցենարը: Կուարոնը չի ցանկացել, որպեսզի դերասանները ունենան հստակ պատասխաններ, նա ցանկացել է դրանով ընդգծել էմոցիոնալ էլեմենտները, որոնք առաջացել են նկարահանումների ընթացքում:

Ֆիլմի գրեթե 90%-ը հիմնված է ռեժիսորի հիշողությունների և հին լուսանկարների վրա: Նա վերաստեղծել է իր հայրական տունը, ընտրել դերասանների, որոնք շատ նման են իր ընտանիքի անդամներին: Նա անգամ օգտագործել է իր հայրական տան կահույքը:

Ըստ ռեժիսորի՝ սա այն ֆիլմն է, որը ինքը միշտ ցանկացել է նկարել: «Գրավիտացիա» ֆիլմից հետո ես շատ առաջարկներ ստացա, որոնք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի գրավիչ էին: Բայց սա այն ֆիլմն է, որը ես պետք է նկարեի՝ ելնելով կինեմատոգրաֆիայի հանդեպ իմ մեծ սիրուց և հիացմունքից», –ասել է Կուարոնը:

Ֆիլմը հասանելի կլինի Netflix հարթակում դեկտեմբերի 14-ից: Ֆիլմի վարկանիշը ըստ Rotten Tomatoes- ի արդեն 99% է, չնայած այն դիտել են շատ սահմանափակ թվով մարդիկ: «Ռոման» արդեն առաջադրվել է 2019 թ. Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Նյութը պատրաստեց Վիկտորյա Մուրադյանը


Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

BAFTA2020-ի լավագույն լուքերը

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

5 ֆիլմ բաց տեսարաններով

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի