NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին - VNews

NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին

Nemra van - NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին

Հայկական Nemra բենդը նոր տեսահոլովակ է թողարկել իր «Because» երգի համար: Երաժշտության ու բառերի հեղինակն է խմբի մեներգիչ Վան Եղիազարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արուս Տիգրանյանը: «Because»-ի մասին ավելի մանրամասն զրուցել ենք բենդի անդամներից մեկի՝ մեներգիչ Վանի հետ:

-Երգի առաջին իսկ բառերը ինչ-որ բողոք են հիշեցնում: Կասե՞ս կոնկրետ ենթատեքստ կամ նախապատմություն ունի «Bacause»-ը:

– Այո, երգը ավելի շատ բողոքի է նման: Այստեղ «You» բառը օգտագործված է հոգնակի թվով, այսինքն՝ ԴՈՒՔ, և ուղղված է ոչ թե կոնկրետ մեկ մարդու այլ բոլորին՝ հասարակությանը։ Մարդու կյանքում լինում են պահեր, երբ իրեն առանձնացած է զգում հասարակությունից՝ կարծես հասարակությունը ամեն հարմար առիթ բաց չի թողնում նրա անձնական տարածություն ներխուժելու ու մարդուն թելադրելու համար, թե ինքն ինչպիսին պետք է լինի: Հասարակությունն ուզում է տեսնել քեզ այնպես, ինչպես սովոր է՝ մտածելով, որ միակ ճիշտ տարբերակը դա է։

Պատկերացրեք՝ քայլում եք փողոցով, ուզում եք վայելել քաղաքը ու մարդիկ իրենց բարձր ձայնով գոռում են ձեր ականջի տակ, առանց նկատելու, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում այս երկրագնդի վրա: Շատերը չեն գիտակցում՝ որտեղ է ավարտվում իրենց անձնական դաշտը և սկսում ուրիշինը․․․ Գալիս է մի պահ, երբ այդ զգացողությունները հասնում են գագաթնակետին ու դու ուզում ես ուղղակի փախչել, կամ թաքնվել քո սեփական տարածույթունում՝ ոչ մեկին չտեսնելու ակնկալիքով։ Երգը գրվեց հենց նման հոգեվիճակում։

-Եթե խնդրեին քեզ «պատմել» տեսահոլովակը, ինչպե՞ս կանեիր դա:

– Տեսահոլովակը, կարծում եմ, շատ ավելի լավ կպատմի Արուս Տիգրանյանը՝ տեսահոլովակի ռեժիսորն ու սցենարի հեղինակը։ Այնպես ստացվեց, որ նույն ժամանակաշրջանում, երբ գրեցի երգը, նա նույնպես նմանատիպ զգացողություններ ուներ և միացնելով մեր գաղափարները ստացանք այն, ինչ տեսնում եք այսօր։ Տեսահոլովակում ես եմ և հասարակությունը, որը փորձում է ներխուժել իմ անձնական տարածություն։ Հասարակություն ասելով ես նկատի ունեմ ճնշող մեծամասնությանը, այլ ոչ թե բոլորին, քանի որ, իհարկե, լինում են առիթներ, երբ հիանում ես ինչ-որ պատահական մեկով, բայց այդ դեպքերը հազվադեպ են: Ինքս մեր երկրում հիմնականում հանդիպում եմ միանման մարդկանց, որոնք ցանկանում են սեփական կոմպլեքսները խեղդելով առաջ գնալ այս կյանքում, բայց հենց դա իրենց դարձնում է ավելի բարդութավորված: 
Խոսքս այն հասարակության մասին է, որտեղ տղաները փորձում են նմանվել իրենց համար ինչ-որ բակային մասշտաբի հեղինակության, իսկ վերջինս հեղինակություն է վայելում իր տգիտության, նեղ մտածելակերպի, կամ դաժանության շնորհիվ, քանի որ այդպես է ընդունված: Աղջիկներն էլ, ունենալով նման եղբայրներ կամ հայրեր, նույնպես դառնում են նմանատիպ մտածելակերպի ջատագով, հետո արդեն որպես մայր դաստիարակում նույն արժեքներով երեխա. այսինքն այս ցիկլը անվերջ շարունակական է։
Տեսահոլովակում նկարագրված է հենց այս պրոցեսը. ամեն դետալ իր առանձին իմաստն ունի, անգամ փայտի համար նախատեսված սղոցով երկաթ կտրելու պրոցեսը հատուկ է մտածված։ Սրանից ավելի շատ չեմ մանրամասնի բառերն ու տեսահոլովակի դետալները, մնացածն արդեն լսողներն ու դիտողները թող իրենց երևակայությամբ բացահայտեն։

-Տեսահոլովակի նկարահանման ժամանակ ինչ-որ տարօրինակ, անհարմար կամ ծիծաղելի դեպք եղա՞վ:

-Տեսահոլովակի ընթացքում ամենածիծաղելին մեր կռիվներն էին կարծիքների բախուման ժամանակ: Սարսափելի պատերազմների մեջ էինք մտնում ով ում հետ պատահեր՝ ինչպես իսկական առողջ ընտանիք։ Վերջում էդ կռիվների նույն ուժգնությամբ բոլորս սիրում էինք իրար, երբ գործն արված էր ու բոլորս բավարարված էինք մեր աշխառանքով։ Շատ ենք ծիծաղել հատկապես տեսահոլովակը նկարելուց առաջ, երբ պայմանավորվում էինք այն կառույցների հետ, որտեղ պետք է նկարահանումներն անեինք, ծիծաղել ենք նաև մեր անելիքը պլանավորելու ու նկարահանումից հետո՝ մոնտաժի ժամանակ։

Նկարահանման ժամանակ ինձ համար ամենաանհարմար պահը գլխիս ցնցուղով սառը ջուր լցնելն էր։ Ինձ ասել էին, որ դա սցենարի մեջ էր մտնում, բայց ես կասկածներ ունեմ, որ Արուսն էդ ձևով իր մուռն էր հանում, քանի որ ընթացքում լավ սղոցել եմ իր նյարդերը տեսահոլովակի մեջ ձեր տեսած սղոցով: 

Ընդհանուր առմամբ տեսահոլովակի նկարահանումները սկսվել են առավոտյան 8-ին ու ավարտվել մյուս օրվա առավոտյան 6-ին, բայց անձամբ ես վայելել եմ էդ ամբողջ պրոցեսը ու չեմ էլ զգացել՝ ինչպես է ժամանակը թռչում։

-Նկարահանման հետ կապված ինչ-որ բարդություններ եղա՞ն:

– Դե, ամենաբարդն իմ, Արուսի, Համբարձումի, Մարիաննայի և հասարակությանը մարմնավորող երիտասարդների գործն էր, վերջիններիս անչափ շնորհակալ եմ, որ հերիք չէր էդ գրիմով էդքան մնացին, մի բան էլ լավ տրամադրություն էին փոխանցում: Ամբողջ նկարահանող թիմն էլ  շատ մեծ աշխատանք կատարեց։ Բարդությունները հիմնականում շտկելի ու հաղթահարելի էին, այնպիսի բան չեղավ, որի պատճառով շեղվեցինք մեր նախնական մտածածից։ Ամեն ինչ արվեց էնպես, ինչպես պլանավորել էինք։ Տարածքները, որտեղ նկարահանեցինք տեսահոլովակը, շատ փոշոտ կիսակառույց շենքեր էին՝ մեկը կրկեսի շենքն էր, մյուսը՝ նախկին Մանկական աշխարհի շենքը: Տեսարան կա որտեղ պառկած եմ գետնին կողքի վրա ու երգում եմ. էդ ժամանակ ահագին գաջ կերա: 

-Երկրպագուներին ի՞նչ որ բան ունես ասելու:

– Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին Տիկնիկային թատրոնում կլինի տարվա մեր վերջին համերգը։ Անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը։ Անչափ կարոտել ենք բոլորին։ Իսկ երգի հետ կապված՝ հուսով եմ հավանել են և եթե հավանել են՝ թող կիսվեն իրենց ընկերների, մտերիմների հետ: Ես գիտեմ, որ մեր որոշ երկրպագուներ չեն ուզում, որ տարածվեն մեր երգերը, որ միայն իրենք մեզ լսեն, բայց խորհուրդ եմ տալիս էդքան խանդոտ չլինեն, քանի որ ինչքան շատ տարածվեն մեր երգերը, էդքան ավելի մեծ կլինի պահանջարկը և հետևաբար ավելի շատ համերգներ ու նոր երգեր կլինեն: 


Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

5 ֆիլմ + 5 գիրք [Վան Նեմրա]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]