Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ] - VNews

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Սիրո պատմություններ, որոնք կհուզեն, կոգեշնչեն, սիրել կտան․․․ Այսօր կանդրադառնանք արևմտահայ մեծանունների սիրային պատմություններին, որոնք ի զորու եղավ ընդհատել միայն Մեծ Եղեռնը։

Դանիել Վարուժան և Արաքսի

Դանիել Վարուժանն ու Արաքսին հանդիպեցին, երբ պոետը նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանալուց: Այնտեղ նա  ունեցել էր սիրո մի տխուր պատմություն, որի հետևանքով պոետը դառնագին տողեր էր նվիրել այդ անծանոթ կնոջը.

«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.

Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:

Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝

Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:

Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է: Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում ֆրանսերենի մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որն էլ  հետագայում դառնում է բանաստեղծի կինը:

Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած: Ծնողներն ուսուցչին  հարմար թեկնածու չեն դիտարկում ամուսնության համար: Եվ Արաքսիի կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.

«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Այս նամակը հենց նշանադրության օրը պատահաբար ընկնում է թուրք փեսացուի ձեռքը: Կարդալով այս տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝  նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:

Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։ Հայկակին, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915 թվականի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…Արքասիի համար մահն ու կյանքը մեկտեղվում են՝  խառնելով իրար վիշտը և ուրախությունը:

Հետագայում Դանիել Վարուժանի զավակները տեղափոխվում են ԱՄՆ: Տղաները հաստատվում են Ֆրեզնոյում ՝ ամուսնանալով հայուհիների հետ, իսկ աղջիկը տեղափոխվում է Նյու Յորք՝ ամուսնանալով հայկական ծագում ունեցող մի տղայի հետ․․․

Ռուբեն Սևակ և Յաննի Ապել

1915 թվականին մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է ազդեցիկ ու հարուստ մի թուրքի աղջկա: Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, առաջարկում է 30-ամյա բժշկին ամուսնանալ իր աղջկա հետ և ընդունել մահմեդականություն՝ այդկերպ խուսափելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդ գրողն ու բժիշկը չի համաձայնում՝ ասելով. «Հավատափոխությունը ազգադավություն է»:Այդ բժիշկը Ռուբեն Սևակն էր…

Յանիին և Ռուբեն ծանոթացնում է Ռուբենի մտերիմ ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ Յանիի ծնողներն իմանալով աղջկա սիրահարվածության և Ռուբենի հետ սիրային կապի մասին՝ նրան հետ են կանչում Գերմանիա: Բայց չեն կարողանում բաժանել սիրող ու այնքան ներդաշնակ զույգին: Ռուբենն ու Յաննին ամուսնանում են Փարիզում: Շուտով ծնվում է նրանց առաջնեկը՝ Լևոնը, իսկ երկու տարի անց՝ դուստրը՝ Շամիրամը:

Հետագայում Սևակի ընկերները պատմում էին, որ Յաննին հետաքրքրվում էր հայկական մշակույթով, Սևակից հայերենի դասեր էր առնում: Իսկ Ռուբենն իր հերթին ուղղակի պաշտում էր գեղեցկուհի կնոջը: Յաննիին գրած նրա բոլոր նամակները մի յուօրինակ սիրո պատմություն են՝ նուրբ, հուզական և այնքան խորը:

«Եկ, իմ Յանիի, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից: Անծայրածիր բաներ: Հազար ու մի գիշերների երազներ: Քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ…»:

Լոզանի համալսարանում սովորելու տարիներին Ռուբեն Սևակը տպագրում է իր մի քանի գործերը եվրոպական մամուլում: Նաև աշխատում է իր մասնագիտությամբ Լոզանի հիվանդանոցներից մեկում՝ մասնագիտական հմտություններն ամրապնդելու և դրանք հայրենիքում կիրառելու մեկ նպատակով:

1910 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր գիրք» բանաստեղծությունների ժողովածուն: Գրելով սոցիալական անարդարության, պայքարի ու ընդվզման թեմաներով՝ Սևակը առաջին հերթին առանձնանում է իր սիրային քնարերգությամբ: Նա սիրային բանաստեղծութունների մի ամբողջ շարք ունի:

«Եկուր ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի,
Ես, մեղապարտ անոթը Սուրբ համբույրիդ…
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կդեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ:
Եկուր ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի…»:

Այս սիրային հրաշալի տողերն իսկական զգացմունքի նրբություն են… Բայց զարմանալին այն է, որ Ռուբեն Սևակը ոչ միայն բասնաստեղծություններ էր գրում և զբաղվում էր բժշկությամբ, նա նաև հետաքրքրվում էր գեղանկարչությամբ: Էջմիածնի թանգարանում են պահվում Ռուբեն Սևակի մի քանի գծանկարներ, Վիկտոր Հյուգոյի և Բեթհովենի դիմանակարները: 1914 թվականին հակառակ կնոջ աղաչանքներին՝ Ռուբեն Սևակը վերադառնում է հայերիք՝ չնայած որ ահագնացող լուրեր էին հասնում այնտեղից: Ինչպես և շատ մտավորականներ, նա էլ պատրաստակամ էր իր հայրենիքի փրկության գործում:

Հաջորդ տարի Սևակին Օսմանյան կայսրության բանակի բժիշկ են զորակոչում: Իսկ մի քանի ամիս անց նրան աքսորում են Չանղըրա, որտեղ և տեղի է ունենում հայտնի հարուստ մահմեդականի առաջարկությունը: 1915 թվականին հունիսի 17-ին Չանղըրայից նա գրում է Յաննիին.

«Շատ հանգիստ եմ: Մի մտահոգվեք ինձի համար: Շուտով արդարությունը կվերականգնվի, և մենք միասին կըլլանք…»

Սևակի կինն իր հերթին ամեն ինչ անում է, որ ազատի ամուսնուն բանտից: Նա խնդրում է օտարերկյա ընկերների օգնությունը, դիմում է բազմաթիվ բարձր ատյաններ ամուսնուն փրկելու համար, բայց ամենն ապարդյուն է լինում…

1915 թվականի օգոստոսի 26-ի հինգշաբթի առավոտյան 5 հոգի կառքով ուղարկվում են դեպի մեկ այլ աքսորավայր՝ Այաշ: Կառքում ուղևորներից 3 հայտնի բանաստեղծներ են՝ Դանելի Վարուժան, Սիամանթո և Ռուբեն Սևակ: Ժամեր անց նրանք սպանվում են ամայի մի վայրում: Ասում են, որ թուրքերը սպանել են երիտասարդ Սևակին ամենավերջում: Նա տեսել է, թե ինչպես են մահանում իր աչքի առաջ հոգեկից ու գրչակից ընկերները…

Ասում են նաև, որ ամուսնու մահից հետո կինն արգելել է երեխաներին գերմաներեն խոսել և պահանջել է հետևել հայկական ավանդույթներին ու ծեսերին:

Գրիգոր և Կլարա Զոհրապ

Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան ապրեցին 27 սիրաշատ տարիներ. ինչե՜ր ասես, որ չտեսան, հարյուր անգամ բաժանվեցին ու միացան, բայց դարձան արևմտահայ գրականության ամենասիրուն ու դրամատիկ սիրո պատմություններից մեկը, որն ի զորու եղավ ընդհատել միայն համաժողովրդական աղետը՝ Մեծ Եղեռնը։

Նրանք ծանոթացան 1885 թվականին, արդեն երեք տարի անց Զոհրապը ամուսնության առաջարկություն արեց սիրելի կնոջը։ 1888 թվականի հունվարի 31-ին բոլոր հարազատ-բարեկամները հրավիրված էին Գրիգորի և Կլարայի հարսանյաց հանդեսին։ Զոհրապը դառնում է հոգատար ու շռայլ ամուսին, նվերներով ու զարդերով կնոջը երջանկացնելը դառնում է սովորական մի բան։ Գրողի մեկ այլ նախասիրությունն էլ թղթախաղն էր, ինչի վրա նա չէր սիրում խնայել։ Այսուհանդերձ Գրիգորի ու Կլարայի ամուսնական կյանքը հանդարտ չէր ընթանում, այդ տարիների ընթացքում նրանք հաճախ են բաժանվել. պատճառները՝ խիստ տարբեր, մեկ պաշտոնական գործերն էին խանգարում, մեկ քաղաքական դրությունը, սակայն առավել հաճախ պատճառը խանդն էր։ Կլարան խանդում էր ամուսնուն և ոչ անհիմն։

1911 թվականին, երբ գրողը Վիսբադենում էր, նա հանկարծ վերհիշում է իր պատանեկության սերը: 1881 թվականն էր, երբ նա տեսավ ու սիրեց Մաթիլդին, վերջինս մի համակրելի կաթոլիկ հայուհի էր: Եվ ահա տարիներ անց այդ անունը կրկին փոթորկեց Զոհրապի հոգին: Սակայն այդ հիշողությունները գտան միայն գրական դրսևորում. «Նախանձը», «Հրաժեշտը» և «Անհետացած սերունդ մը»  գործերը դարձան Զոհրապի երբեմնի սիրո միակ կենդանի ապացույցը։

Հետաքրքիր է, որ

Ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) համարող Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի մասին: Նա կանանց սիրում էր  նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար: Զոհրապի համար հակաբնական էր երկու սեռերի իրավահավասարության մասին նոր-նոր ծլող հայացքներն, առավել ևս դրանց հայկական դրսևորումները: Նա ընդգծված հակաֆեմինիստ էր։ Երբ տարիներ անց Զոհրապն ամուսնացավ Կլարայի հետ, երկու սեռերի հավասարության մասին կարծիքը նույնը մնաց, բայց դարձավ ավելի հանդուրժող ու մեղմ։

Զոհրապի անժառանգ ժառանգները

Այսուհանդերձ, կանանց ակտիվ գործունեության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքը հակառակ ազդեցությունը թողեց նրա դստեր՝ Դոլորես Նվարդ Զոհրապի կյանքում։ Վերջինս մեծ մասնագիտական հաջողությունների հասավ, սակայն չկարողացավ դառնալ իր հոր պատկերացրած «իդեալական կինն» ու այդպես էլ իր ընտանիքը չկազմեց։ Զոհրապները չորս զավակ ունեցան. 1889 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ ընտանեկան այն ջերմությունը, որը կար Գրիգորի և Կլարայի միջև: Զոհրապի չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ:

Նրանց բաժանեց Մեծ Եղեռնը

1915 թվականի հունիսի 2-ին Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ էր: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Այդ ժամանակ ոտքի կանգնեց նաև Թալեաթ փաշան, մոտեցավ Զոհրապին ու նրա համբուրեց այտը… Հետո պիտի պարզ դառնար, որ դրանից երկու օր առաջ Թալեաթն արդեն ստորագրել էր Գրիգոր Զոհրապին և մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին, ձերբակալելու հրամանը: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն ներխուժեցին և ձերբակալեցին նրան։

Տես նաև՝

 


«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

QUIZ. Գուշակիր հեղինակին

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից