fbpx

#ՆստեցինքԽոսեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Տաթևը ծնվել է 1992 թ. հունվարի 9-ին Երևանում: Դերասանուհին կրթություն է ստացել Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում: Համալսարանական տարիներին արդեն Տաթևը ակտիվորեն զբաղվում էր դերասանությամբ: 

Նա անկեղծացավ մեզ հետ զրույցում.

Ո՞վ է իրական Տաթև Հովակիմյանը:

Ես  ձգտում եմ, որ մարդ Տաթևը միշտ տարբերվի դերասանուհի Տաթևից: Երբեք չեմ ցանկացել ինձ և կերպարիս նույնականացնել, այսինքն՝ փորձել եմ կյանքում միշտ հեռու, շատ հեռու գնալ կերպարներից: Կարծում եմ, շատ վատ է, երբ դերասանը կյանքում էլ է խաղում: Մենք՝ դերասաններս, շատ հասարակ և պարզ մարդիկ ենք, և այս դեպքում ես միշտ շփման մեջ փորձում եմ պահել այդ պարզությունը:

Տաթև, կյանքիդ ամենավճռորոշ պահերը որո՞նք էին:

Միանշանակ ամենավճռորոշ քայլը Համալսարանից Թատերական ինստիտուտ տեղափոխվելն էր: Ես Երևանի Պետական համալսարանի Մշակութաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի էի, երբ հասկացա, որ իմ տեղը Թատերական ինստիտուտում է. գնացի և երկրորդ կուրս ընդունվեցի:
Անկեղծ ասած, փոքր ժամանակ դերասանուհի դառնալու երազանք չեմ ունեցել, ուղղակի ճանապարհն ինձ այդ ուղղությամբ տարավ:

Տաթև համաձա՞յն ես, որ դերասանը պետք է համարձակ լինի:

Ես միանշանակ համաձայն եմ այդ պնդման հետ, և ինքս էլ վերջերս նման խնդրի առաջ եմ կանգնել: Դիանա Կարդումյանի ֆիլմում էի նկարահանվում և փորձեցի հաղթահարել իմ միջի վախը, փորձեցի լինել ավելի ազատ ու համարձակ: Իհարկե, շատերը դեռ չեն դիտել ֆիլմը, և հետևաբար, չեն հասկանա՝ ինչ նկատի ունեմ, բայց վերջերս պրեմիերան եղավ, որից հետո մարդիկ չէին հավատում, որ այդ ես եմ գլխավոր դերում:
Կարդումյանի ֆիլմում ես անբարոյական կնոջ եմ մարմնավորում և ոչ մի կերպ չեմ արդարացնում այդ կերպարը, ու չնայած դրան՝ համաձայնվել եմ այդ դերին: Գիտես, մինչ օրս էլ չեմ կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե այդ ի՞նչն է դրդել նրան գնալ այդ քայլին: Անկախ նրանից արդարացնում ես հերոսներին, թե՝ ոչ, պետք է գտնես այն դրդապատճառները, որով նրանք առաջնորդվում են:

 

Կերպար ստեղծելը դերասանի համար ամենակարևոր բանն է…

 

Եթե չլինեիր դերասանուհի, ի՞նչ կլինեիր:

Չեմ պատկերացնում ինձ այլ մասնագիտության մեջ: Ես կարծում եմ, որ կարողանում եմ դերասանություն անել, և չկա այնպիսի մի բան, որ ինձ այսքան հաճույք կպատճառեր:
Նորից եմ կրկնում, որ երբեք դերասանուհի դառնալու մասին չեմ երազել, դա ինքնըստինքյան է ստացվել:

Տաթև, ո՞ր ռեժիսորի հետ կցանկանայիր աշխատել:

Անկեղծ ասած, ես հասկացել եմ, որ չպետք տանջվեմ այն մտքից, որ այս կամ այն ռեժիսորի հետ չեմ աշխատում, կամ երբեք էլ չեմ աշխատի: Իհարկե, ես չգիտեմ այնպիսի դերասան, որը չէր ցանկանա աշխատել Սկորսեզեի, կամ Տարանտինոյի հետ: Պոլանսկու հետ կցանկանայի աշխատել. ամեն անգամ նրա ֆիլմերը դիտելիս՝ ինքս ինձ մտածում եմ, որ այս կամ այն կերպարում շատ լավ կնայվեի, բայց ամեն դեպքում փորձում եմ չկորցնել իրականության հետ կապս:
Նաև Տարկովսկու, Փարաջանովի ֆիլմերում կնկարահանվեի, ափսոս դա այլևս հնարավոր չէ…

 Տաթև, որո՞նք են այն դերասանուհիները, որոնցից շատ բան ես սովորել…

Եթե խոսենք մերոնցից, ապա շատ եմ սիրում Նարինե Գրիգորյանին, Տաթև Մելքոնյանին: Եթե գլոբալ դիտարկենք, ապա Մերիլ Սթրիփն է ինձ շատ ոգեշնչում, ինչպես նաև Սյուզան Սարանդոնը, Քեյթ Ուինսլեթը և այլն և այլն: Երբեք չեմ սիրել կրկնօրինակել, սակայն այս կանանց մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմ դիտելիս՝ փորձում եմ ինչ-որ ժեստ, ինչ-որ միմիկա վերցնել և իմը դարձնել՝ այսինքն վերցնել նրանցից, բայց մատուցել իմ ձևով (ժպտում է):

Ինձ համար կյանքում ամենալավ բանը դիմացինի մեծությունը գնահատել և ընդունելն է…

Տաթև, իսկ դերասան/դերասանուհիներից ո՞ւմ հետ կխաղայիր:

Շատ կցանկանայի Տաթև Մելքոնյանի հետ խաղալ: Նարինե Գրիգորյանի հետ մենք հասցրեցինք նկարահանվել Դիանա Կարդումյանի ֆիլմում: Շատ եմ սիրում Բաբկենին Չոբանյան. նրա հետ կցանկանայի խաղալ:

Երազանքի դերը:

Յուրաքանչյուր դեր էլ ողջունելի է ինձ համար. ամեն անգամ, երբ ինձ դեր են առաջարկում ես փորձում եմ իմ բոլոր ուժերը կենտրոնացնել դրա վրա. կոնկրետ կերպարի վրա չեմ կենտրոնանում (ժպտում է):

Առօրյայում եղե՞լ է, որ դերասանություն անես:

Ինչքան էլ ասեմ, որ առօրյայում չեմ անում դերասանություն, սուտ կհնչի. կան մանր-մունր ստեր, որ էլի դերասանություն են պահանջում: Օրինակ, ամեն անգամ, երբ մեքենա եմ վարում, հայրիկիս չեմ ասում իմ գտնվելու ճիշտ վայրի մասին, քանի որ գիտեմ՝ անհանգստանում է, նույնն էլ մայրիկիս դեպքում: Կամ երբ փորձից եմ ուշանում, պատճառաբանումներ եմ բերում, եթե անգամ դա այդպես չէ: Եթե այսօրվա հարցազրույցից էլ շատ ուշանայի, գալու էի ու տեղում մի բան հորինեի  (ծիծաղում է):
Դա էլ է դերասանություն և անխուսափելի է, կարևորը՝ մարդկային շփման մեջ դերասանություն չանենք:

Հայտնի լինելը օգնո՞ւմ է տղամարդկանց հետ հարաբերություններում:

Չէ, չի օգնում, ասեմ ավելին՝ նույնիսկ հաճախ խանգարում է: Անկեղծ ասած, նախընտրում եմ, որ իմ կողքի տղամարդն այս ոլորտի հետ ոչ մի կապ չունենա (ժպտում է): 

 

Դերասանը պետք է դերի հետ միաձուլվել կարողանա…

Եղե՞լ է ժամանակ, երբ մտածել ես դերասանությունը թողնելու մասին:

Նման զգացողություն յուրաքանչյուր պրեմիերայից հետո ունենում եմ: Տարօրինակ է, բայց երբեք ոչ մի պրեմիերայից հետո չեմ ուրախացել, միշտ անհանգստություն եմ զգացել: Ինձ միշտ հարց եմ տվել. «Իսկ հետո՞», և այդտեղ հիասթափվում եմ, վախենում եմ և մտածում եմ, որ ավելի լավ կլինի, եթե հեռանամ ոլորտից:

Տաթև, իսկ հանուն դերի խելահեղ քայլերի պատրա՞ստ ես: Օրինակ սափրես գլուխդ կամ գիրանաս 20 կիլոգրամով:

Հա, իհարկե պատրաստ եմ: Բայց գիրանալը մի փոքր բարդ բան ես ասում, եթե կարողանամ, կգիրանամ, սակայն չգիտեմ՝ ինչքանով կստացվի (ծիծաղում է): Իսկ ինչ վերաբերվում է գլուխը սափրելուն կամ մազ կտրելուն, իհարկե պատրաստ եմ, արդեն նշել եմ, որ կերպարանափոխությունն ամենալավ բանն է և ես միանշանակ պատրաստ եմ այդ մարտահրավերին, եթե դա այդպես կարելի է կոչել:

Բացի կինոյից արվեստի ո՞ր ճյուղն է քեզ հոգեհարազատ:

Հմ… բացի կինոյից՝ միանշանակ թատրոնն է, նկարչություն էլ եմ սիրում: Հիշում եմ փոքր ժամանակ հայրիկիս հետ գնում էինք վերնիսաժ և ժամերով քայլում էինք այնտեղ: Չմոռանամ նշել նաև գրականությունը և երաժշտությունը: Արվեստի բոլոր ճյուղերն էլ փոխկապակցված են:

 

Տաթև, ինքդ քեզ ի՞նչ կմաղթեիր: 

Ամենապարզ բանը՝ հաջողություն (ժպտում է). ցանկանում եմ միշտ հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Նաև ցանկանում եմ երբեք չկոտրվել, այո՛, դիմադրել և չկոտրվել: Իմ խորին համոզմամբ կենցաղային խնդիրներն արվեստից պետք է շատ հեռու թողնել, սակայն մեր օրերում դրանք հաճախ են բերվում արվեստի ոլորտ և դա շատ, շատ վատ է:

 

 

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարներ՝ Լուսինե Գրիգորյանի
Օպերատոր՝ Աշոտ Ավագյան

 

 

  • 5