Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ] - VNews

Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

tumanyann 1 1 - Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]

Մեր նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էին Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի «Հուշագրությանը»:

Շարունակելով ներկայացնել Թումանյանին, նրա մարդ տեսակը, սովորություններն ու հայրական հատկանիշները՝ անդրադարձել ենք «Հուշագրության» երկրորդ մասին:

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։ Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառով՝ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։
***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր, կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
«Հա է´, հա՜…»:
ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց .
«Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
Tumanyan150 04 - Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]
Թումանյանը զավակների հետ
***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:
Tumanyan150 020 - Թումանյանական «Հուշագրություն» [մաս երկրորդ]
Թումանյանի ընտանիքը
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
«Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա»:

Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

Թումանյանի քառյակները. [Quiz]

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

«Դառնացած ժողովուրդ». Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը զորավար Անդրանիկին գրել է…

Հովհաննես Թումանյան, Թիֆլիս, 1914 թվական…

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

ԱԽԹԱՄԱՐ [Եվ Թամարը սըրտատըրոփ…]

Թումանյանի արժանի զավակը՝ Արտավազդ Թումանյան

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Թումանյանի զավակները

Հուշագրություն. Նվարդ Թումանյան