Օգյուստ Ռոդեն. «Համբույր» - VNews

Օգյուստ Ռոդեն. «Համբույր»

es ashxatum em 2 24 - Օգյուստ Ռոդեն. «Համբույր»

19-րդ դարի ամենավառ, տպավորիչ և բացառիկ քանդակագործներից մեկը՝ Օգյուստ Ռոդենը ծնվել է 1840թ. նոյեմբեր 12-ին Փարիզում: Ռոդենի հայրը չէր ցանկանում, որ որդին արվեստագետ դառնա, բայց Օգյուստն, այնուամենայնիվ, ընդունվում է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Հենց այստեղից էլ սկսվում է Ռոդենի երկար, վերելքներով և անկումներով, հիասթափություններով, սիրով և ատելությամբ լի երկար ուղին..

Չկա և չի լինի մեկ այլ վարպետ, որը կկարողանա կավի, բրոնզի ու մարմարի մեջ այնպիսի խորն ու լարված պոռթկում առաջացնել, ինչպես արեց Ռոդենը:

Անտուան Բուրդել 

Ռոդենի հաջողության հարցում մեծ, շատ մեծ էր երիտասարդ քանդակագործ Կամիլ Կլոդելի դերը, որը 15 տարիների ընթացքում Ռոդենի սիրուհի էր, ուսանողը, մուսան, գործերի համահեղինակը և գաղափարներ ծնողը:
Տարիքային մեծ տարբերությունը չխանգարեց Ռոդենին սիրել աղջկան, որին տեսնելու առաջին իսկ վայրկյանից Ռոդենի ներսում բռնկվում է կիրք, նրան տանջում էին ցանկությունները:

Գեղեցիկ ճակատ, կապույտ և պարզ աչքեր, մեծ ու շատ զգայուն բերան, շագանակագույն մազեր, որոնք հնազանդորեն թափվում են Կամիլի ուսերին. հենց այս տեսակ գեղեցկություն է իր կտավներում պատկերել Բոտիչելլին: Նրա տեսքն այնքան վայրի է, այնքան տպավորիչ, երբեմն նաև մանկական: 
Ռոդենը Կամիլի մասին

Ռոդենի ոճը տարբերվում էր այն ժամանակների քանդակագործների ոճից. նա խիզախ էր,  վայրի և չէր ենթարկվում ավանդական քանդակագործության սկզբունքներին: Նա պատկերում էր իրական զգացմունքներ, ցանկություններ, կիրք, անսանձ կիրք, նրա քանդակները շարժի մեջ էին, նա չէր վախենում քննադատներից, որոնք պատրաստ չէին Ռոդենի թարմ և տարբերվող մատուցման ձևին, բայց որի շնորհիվ Օգյուստը կարողացավ մնալ պատմության էջերում:

Քանի դեռ Կամիլը Ռոդենի կողքին էր, նա կարող էր սարեր շուռ տալ: Այդ շրջանում ստեղծվեցին «Եվա», «Ծեր կինը», «Մտածողը», «Հավերժական գարուն», «Համբույր» և այլ հանճարեղ գործեր: Վերջիններս  «Դժոխքի դռները» բրոնզե քանդակի մաս պետք է կազմեին, որը ցանկանում էր ձեռք բերել Ֆրանսիայի կառավարությունը նոր կառուցվող Դեկորատիվ արվեստի թանգարանի համար: Նշենք, որ թանգարանն այդպես էլ չկառուցվեց:

адшщ - Օգյուստ Ռոդեն. «Համբույր»

Այս շարքի ամենահայտնի գործը Ռոդենի «Համբույրն» է: Մարմարե  այս քանդակն առաջին անգամ ներկայացվել է քննադատների դատին 1887 թ. և հենց նրանց կողմից էլ այն «Համբույր» է անվանվել. Ռոդենն այն Ֆրանչեսկա դա Ռիմինի է անվանել: Նշենք, որ Ֆրանսիական կառավարությունն առաջին անգամ պատվիրեց Ռոդենի «Համբույրը» 1888 թ., սակայն այն ցուցադրվեց միայն մեկ տարի անց՝ 1889 թ. Փարիզյան սալոնում: Քանդակի բրոնզե տարբերակը գտնվում է Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, իսկ բնօրինակը 1918 թ. գտնվում է Ռոդենի թանգարանում, Փարիզ:

Այն շրջանում, երբ Ռոդենը քանդակում էր «Համբույրը», նա շատ երջանիկ էր, նրա ներսում սերն էր բուն դրել և մարդիկ դա բացատրում էին միմիայն Կամիլով, որը  1885 թ. Ռոդենի ուսանողուհին և միակ ու անկրկնելի մուսան էր:

Սեր, կիրք, ցանկություններ՝ այս ամենն ընկան «Համբույրի» հիմքում և քանդակն այնքան բնական ստացվեց, որ այն քննադատությունների բուռն ալիք բարձրացրեց. ասում էին՝ այն անպարկեշտ է և չպետք է հանրությանը ցուցադրվի:
Քանդակը ստեղծելիս Օգյուստը ոգեշնչվել է Դանթեի «Աստվածային կատակերգությունից», որի հերոսուհին՝ հայտնի իտալուհի Ֆրանչեսկա դա Ռիմինին սիրահարվում է ամուսնու կրտսեր եղբորը՝ Պաոլոյին: Բակում ընթերցանության ժամանակ Ֆրանչեսկային և Պաոլոյին տեսնում են, և ամուսինը, կարծելով, որ կինը դավաճունում է իրեն, սպանում է և՛ նրան, և՛ եղբորը: Պետք է նշել, սակայն, որ դավաճանություն չի եղել…

пос 960x1280 - Օգյուստ Ռոդեն. «Համբույր»

Հետաքրքիր է նաև այն, որ քանդակում կրքոտ համբույրի մեջ խորասուզված սիրահարների դեմքերը  ստվերում են. Ռոդենը ցանկանում էր ցույց տալ, որ սիրող զույգի համար մյուսները գոյություն չունեն, ժամանակը կանգ է առնում և նրանք կորում են ցանկությունների լաբիրինթոսում, նրանք կարևորում են միայն մեկը մյուսի ներկայությունը, և այն, ինչ տեղի է ունենում նրանց միջև՝ նեղ անձնական է: Ռոդենը հարգում էր կանանց և նրանց մարմինները, իր քանդակներում նա փորձում էր ցույց տալ, որ վերջիններս ոչ մի բանով չեն զիջում տղամարդկանց, նա ցանկանում էր հավասարության նշան դնել տղամարդկանց և կանանց միջև:

Մեծ քանդակներ ստեղծելիս Ռոդենը հանձնարարում էր աշակերտներին ստեղծել այդ քանդակների փոքր ոչ մարմարե տարբերակները, որպեսզի վերջում, հիմնվելով դրանց վրա, մեծ քանդակներում փոփոխություններ մտցնի: «Համբույրը»  ստեղծվել է նույն սկզբունքով:

1900 թ. Ռոդենը ստեղծում է քանդակի պատճենը: Պատվիրատուն անգլիացի կոլեկցիոներ Էդուարդ Ուորենն էր, որի նկարիչ ընկերներից մեկը խորհուրդ է տալիս ձեռք բերել Ռոդենի այս գլուխգործոցը: Քանի որ բնօրինակը փոխանցվելու էր Ֆրանսիական կառավարությանը և չէր կարող վաճառվել, Ռոդենն առաջարկում է Էդուարդին քանդակի պատճենը: 1904 թ. քանդակն «ուղևորվում» է Էդուարդի տուն: Ուորենն այն ախոռում է տեղադրում, որտեղ սիրահարները 10 երկար տարիներ են անցկացնում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու պատվիրատուն գնաց այդ քայլին, բայց մարդկանց մի մասը ենթադրում էր, որ քանդակի չափերը թույլ չէին տալիս, որ այն տանը տեղադրվի, իսկ մյուս մասը պնդում էր, որ այն ուղղակի Էդուարդի սրտով չէր:
1914 թ. տեղական իշխանությունները մի որոշ ժամանակով վերցնում են քանդակը և ցուցադրում հանրությանը: Մարդիկ շարունակում էին պնդել, որ այն անհամեստ է և պետք չէ բոլորին այն ցուցադրել: Արդյունքում 1917 թ. այն վերադառնում է ախոռ:

rodin 960x639 - Օգյուստ Ռոդեն. «Համբույր»

Մինչև 1929 թ.՝ Էդուարդի մահը, քանդակը չի լքում Ուորենների ախոռը: Միայն 1955 թ. Ռոդենի «Համբույրի» պատճենը ձեռք է բերվում Թեյթ բրիտանական պատկերասրահի կողմից, բայց ժամանակ առ ժամանակ այն ցուցադրվում էր տարբեր թանգարաններում:
2012 թ. այն ժամանակավորապես գտնվում է Քենթի Ժամանակակից արվեստի թանգարանում:

Քանդակի մյուս պատճենը Ռոդենին պատվիրել էր դանիացի ձեռնարկատեր Կառլ Յակոբսենը, որը պատրաստվում էր Կոպենհագենում թանգարան կառուցել: Արդեն 1903 թ. քանդակը պատրաստ էր և 1906 թ. տեղադրվում է Կոպենհագենի արվեստի թանգարանում:

Հետագայում արձանի շատ մարմարե և բրոնզե պատճեններ են ստեղծվել:

 

տես նաև՝ Օգյուստ Ռոդեն և Կամիլ Կլոդել. սիրուց ատելություն մեկ քայլ է

տես նաև՝ Օգյուստ Ռոդենն ասել է…