fbpx

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Երբ Էժենը պատրաստվում էր քնելու, ասաց իր մտքում. «Աստված վկա, ես իմ ամբողջ կյանքում կլինեմ ազնիվ մարդ: Լավ է, երբ մարդ հետևում է խղճի ձայնին»:

Գուցե միայն Աստծուն հավատացողներն են, որ բարիք են գործում մարդկանցից թաքուն, իսկ Էժենը հավատում էր Աստծուն։

Հաջորդ օրը Ռաստինյակը գնաց տիկին Դը Բոսեանի մոտ, որը նրան տարավ դքսուհի Դը Կարիլյանոյի տունը՝ պարահանդեսի։ Մարշալի կինը ուսանողին ամենաջերմ ընդունելություն ցույց տվեց։ Այնտեղ էր և տիկին Նյուսինգենը։ Դելֆինը զուգվել էր՝ բոլորի ուշադրությունը գրավելու մտադրությամբ, որպեսզի Էժենին ավելի դուր գա։ Նա անհամբերությամբ որսում էր Էժենի հայացքը՝ կարծելով, որ թաքցնում է այդ անհամբերությունը։ Կնոջ հուզումները գուշակող տղամարդու համար բերկրանքով լի է այդ պահը։ Ո՞ւմ հաճույք չի պատճառել ուրիշին չարչարել գովասանքի սպասումով և կոկետաբար իր ուրախությունը չի թաքցրել անտարբերության դիմակի տակ՝ առաջացնելով մտատանջություն, որպեսզի դրա մեջ գտնի սիրո ապացույցներ, և հրճվելով ուրիշի երկյուղների վրա՝ չի ցրել դրանք իր ժպիտով։ Պարահանդեսի ժամանակ ուսանողը հանկարծ չափեց իր դրության ողջ արժեքը և հասկացավ, որ ինքը, որպես տիկին Դը Բոսեանի զարմիկ, բավական մեծ տեղ ունի այդ հասարակության մեջ։

Բարոնուհի Նյուսինգենին նվաճելը, որի մասին արդեն գիտեին, բավական էր եղել, որ Էժենը նկատելի դառնա, որ բոլոր երիտասարդները նախանձով սկսեն նայել նրան, իսկ երբ նա բռնեց այդ հայացքներից մի քանիսը, զգաց ինքնագոհության առաջին հրճվանքը։ Մի սրահից մյուսն անցնելիս, մեկ խմբից մյուս խմբին մոտենալիս նա լսում էր գովաբանություններ իր բախտավորության մասին։ Կանայք բոլորն էլ նրա հաջողությունների մասին գուշակություններ էին անում: Դելֆինը, վախենալով, որ նրան կարող է կորցնել, խոստացավ այդ երեկո չմերժել այն համբույրը, որ դժկամել էր տալ նախորդ օրը։ Այդ պարահանդեսի ընթացքում Ռաստինյակին բավական առաջարկներ արին։ Տիկին Դը Բոսեանը նրան ծանոթացրեց մի քանի կանանց հետ, որոնք բոլորն էլ էլեգանտ լինելու մարմաջներ ունեին, և որոնց տները հաճելի տների շարքին էին դասվում։ Ռաստինյակը տեսնում էր այլևս, որ ընկել է Փարիզի ամենամեծ և ամենագեղեցիկ շրջանը։ Այդ երեկույթը նրա համար դարձավ հիասքանչ, փայլուն հաջողությունների մի սկիզբ, որը չի մոռանալու մինչև իր ամենախոր ծերության օրերը, ինչպես երիտասարդ աղջիկն է հիշում այն պարահանդեսը, որտեղ հաղթանակ է տարել։

Հաջորդ օրը, երբ Էժենը ճաշասեղանի առաջ բոլորի ներկայությամբ պատմում էր հայր Գորիոյին իր տարած հաղթանակների մասին, Վոտռենը սկսեց դիվային եղանակով ժպտալ։

– Եվ Դուք կարծում եք,- ասաց այդ կատաղի տրամաբանողը,- որ նորաձև երիտասարդը կարո՞ղ է ապրել Նյով-Սենտ-Ժնեվև փողոցում՝ Վոքեի մոտ՝ այն հյուրանոցում, որ, անտարակույս, բոլոր կողմերով հարգված է, բայց հեռու է փարթամությունից։ Ճիշտ է, Վոքեի հյուրանոցը ճոխ է, այնտեղ ամեն ինչ առատ է, Վոքեի հյուրանոցը հարուստ է նրանով, որ Ռաստինյակի ժամանակավոր բնակության վայրն է, բայց և այնպես Նյով-Սենտ-Ժնեվև փողոցումն է գտնվում, այնտեղ պակասում է շքեղությունը, Վոքեի հյուրանոցը պարզապես նահապետականառամա է։ Իմ երիտասա՛րդ բարեկամ,- վերսկսեց Վոտռենը՝ հայրական երգիծող տոնով,- եթե Դուք ուզում եք աչքի ընկնող ֆիգուր դառնալ Փարիզում, այդ դեպքում Ձեզ անհրաժեշտ է երեք ձի ու մի տիլբյուրի՝ առավոտյան և մի կուպե՝ երեկոյան. ընդամենը կառքի համար Դուք պետք է հատկացնեք ինը հազար ֆրանկ։ Ամոթալի կլինի Ձեր պատվի համար, եթե չտաք դերձակին երեք հազար ֆրանկ, անուշահոտ յուղեր վաճառողին՝ վեց հարյուր էկյու, կոշկակարին՝ հարյուր էկյու, գլխարկ կարողին՝ հարյուր էկյու։ Ձեր լվացարարուհին Ձեզ արժելու է հազար ֆրանկ։ Նորաձև երիտասարդը ոչինչ չի խնայի ճոխ սպիտակեղեն ունենալու համար։ Չէ՞ որ ամենից առաջ նրանց սպիտակեղենին են նայում։ Սերը և եկեղեցին իրենց զոհասեղանի համար գեղեցիկ սփռոցներ են պահանջում։ Մեր հաշիվը արդեն տասնչորս հազարի հասավ։ Էլ ես չեմ խոսում այն մասին, թե Դուք որքան եք կորցնելու խաղի մեջ, գրազի մեջ, նվերներ առնելով, իսկ գրպանում հո պետք է առնվազն երկու հազար ֆրանկ դրամ ունենալ։ Ես այդ կյանքը վարել եմ և գիտեմ, թե ինչ ծախսեր կան։ Այս նախնական անհրաժեշտություններին ավելացրե՛ք նաև երեք հարյուր լուի՝ ուտելու և հազար ֆրանկ՝ բնակարանի համար։ Իմ լա՛վ տղա, այս արդեն քեզ արեց տարեկան քսանհինգ հազար ֆրանկ։ Եթե այդ գումարը չունես, ցեխի մեջ ես, ծիծաղելի ես դառնում, շնորհազուրկ ես լինում ճակատագրից, հաջողություններից և սիրուհիներից։ Ես դեռ մոռացա հիշել մեծ ու փոքր ծառաների, լակեյների ծախսը։ Մի՞թե Քրիստոֆի նման մեկը պիտի լինի Ձեր սիրային նամակները տանողը, մի՞թե այդ նամակները Դուք պետք է գրեք այնպիսի թղթի վրա, որ հիմա եք գործածում։ Այդ միևնույն է, թե Դուք ինքնասպանություն գործեք։ Հավատացե՛ք ինձ, լսե՛ք փորձով հարուստ ծերունուն,- հարեց Վոտռենը՝ իր թավ ձայնը բարձրացնելով,- Ձեզ մնում է ընտրություն անել. կա՛մ պետք է ապրեք ձեղնահարկում՝ պսակվելով աշխատանքի հետ, կա՛մ ուրիշ ճանապարհ բռնեք։

Վոտռենը օրիորդ Տայֆերի ուղղությամբ աչքով նշան արեց. այդ հայացքով նա ուզում էր հիշեցնել և ցույց տալ եզրակացությունը այն գայթակղիչ դատողությունների, որ ուսանողի սրտում էր ցանել՝ նրան մոլորեցնելու նպատակով։

Դրանից հետո օրեր շարունակ Ռաստինյակը խիստ ցրված կյանք ապրեց։ Գրեթե ամեն օր նա ճաշում էր տիկին Նյուսինգենի հետ, որին ընկերակցում էր հյուրասրահներում։ Վերադառնում էր գիշերվա ժամը երեքի, չորսի մոտերը, արթնանում էր կեսօրին, լվացվում, հագնվում էր, և երբ եղանակը լավ էր լինում, Դելֆինի հետ գնում էր զբոսնելու Բուլոնյան անտառում։ Ժամանակն այդպես շռայլորեն վատնում էր նա՝ առանց հարգը իմանալու և էգ արմավենու ծաղկի բաժակի նման, որ անհամբեր է իր Հիմենեյի: բեղմնավորող փոշին ընդունելու. նույն եռանդով նա ձգվում էր դեպի փարթամության գայթակղություններն ու գիտելիքները։ Նա խաղում էր մեծ գումարներով, երբեմն՝ տանում, երբեմն՝ տանուլ տալիս, մինչև վարժվեց Փարիզի երիտասարդների ցոփ ու շռայլ կյանքին: Իր խաղից շահած առաջին գումարներից նա իր մորը և քույրերին ուղարկեց հազար հինգ հարյուր ֆրանկ՝ պարտքի հատուցմանը կցելով սիրուն նվերներ։

Թեև հայտարարել էր, որ թողնելու է Վոքեի հյուրանոցը, սակայն հունվարի վերջին օրերը հասել էին, իսկ նա դեռ շարունակում էր մնալ այնտեղ ու չգիտեր՝ ինչպես պիտի կարողանա դուրս գալ։ Երիտասարդները, գրեթե առանց բացառության, ենթակա են արտաքուստ անբացատրելի մի օրենքի ուժի, որի բացատրությունը, սակայն, երիտասարդության տարիքի մեջ է, այն մի տեսակ կատաղության մեջ, որով լցված երիտասարդը խոյանում է դեպի վայելքը։ Երիտասարդը, հարուստ լինի թե աղքատ, միևնույն է, կյանքի կենսական անհրաժեշտությունների համար երբեք փող չունի, այնինչ նա միշտ էլ կարողանում է փող գտնել իր քմահաճույքների համար։ Ապառիկ ձեռք բերվող ամեն բանի համար լինելով շռայլ՝ նա դառնում է կծծի, երբ հարկ է լինում վճարել իսկույն. ասես վրեժ է լուծում այն բանից, որ չունի՝ վատնելով այն ամենի համար, որ կարող է ունենալ։

Օրինակ՝ հարցն ավելի պարզ դարձնելու համար ասենք, որ ուսանողը իր կոստյումի համար ավելի քիչ է հոգում, քան գլխարկի համար, դերձակը ստացած հսկայական օգուտի պատճառով կարող է տալ ապառիկ, այնինչ գլխարկավաճառն իր պահանջած համեստ գումարի համար դառնում է մեկն այն անզիջող մարդկանցից, որոնց հետ ուսանողը ստիպված է սակարկություն անել։ Երբ թատրոնի պատշգամբում նստած մի երիտասարդ կարողացել է իր հագի փայլուն ժիլետով գրավել լոռնետով կնոջ ուշադրությունը, կարելի է մինչև իսկ կասկածել, որ նա ոտքին գուլպաներ ունի, որովհետև գուլպա վաճառողներն էլ ուսանողի քսակի ուտիճներն են։

Ռաստինյակն այդ օրին էր հասել։ Նրա քսակը, որ միշտ դատարկ էր տիկին Վոքեին վճարելու պահին և լիքը՝ սնափառության կարիքների համար, ձախողության և հաջողության այնպիսի կախարդական կողմեր ուներ, որ չէին համընկնում ամենաանհրաժեշտ վճարումների հետ։ Չէ՞ որ Վոքեի հոտած, խղճուկ հյուրանոցը թողնելու համար, հյուրանոց, որտեղ նրա հավակնությունները նվաստանում էին շարունակ, հարկավոր էր վճարել մեկ ամսվա պարտքը, հետո դենդիին վայել կարասիներ գնել մի նոր բնակարանի համար, սակայն դա միշտ էլ անհնարին էր լինում։ Եթե իր խաղի անհրաժեշտ գումարը հայթայթելու համար Ռաստինյակը կարող էր շահած ժամանակ թանկ գնով ժամացույցներ և ոսկե շղթաներ գնել իր գոհարավաճառից, իրեր, որոնք վերջիվերջո գնում էին գրավատուն՝ երիտասարդության թաքուն և մռայլ այդ բարեկամների մոտ, նա անճարակ էր դառնում և համարձակությունից զրկվում, երբ պետք էր վճարել իր սննդի, իր բնակարանի համար, կամ երբ պետք էր լինում ձեռք բերել էլեգանտ կյանք վարելու բոլոր անհրաժեշտ պարագաները։ Հասարակ անհրաժեշտությունների, սպառման կարիքների համար արված պարտքերն այլևս նրան չէին հետաքրքրում։ Բոլոր նրանց նման, որոնք սովորում են պատահմունքի, բախտի բերածի պես ապրել, Էժենը քաղքենիների համար նվիրական համարված պարտքը վճարելու համար սպասում էր ամենավերջին րոպեին, ինչպես անում էր Միրաբոն, որն իր հացավաճառին վճարում էր այն ժամանակ միայն, երբ բողոքարկված ահազդեցիկ պարտամուրհակն էին ներկայացնում։

Այդ շրջանում Ռաստինյակը տանուլ տվեց իր փողերը և պարտքերի տակ ընկավ։ Ուսանողը հետզհետե այն գիտակցությանը եկավ, որ առանց հաստատուն եկամտի՝ անկարելի է այդ կյանքը շարունակել։ Սակայն, ինչքան էլ նա տնքում էր անկայուն դրության սուր հարվածների ներքո, այնուամենայնիվ, իրեն անզոր էր զգում, չէր կարողանում միանգամից հրաժարվել այդ կյանքի վայելքներից և ամեն գնով ուզում էր նորից շարունակել այն։ Ցնորական էին սկսում դառնալ բոլոր այն ակնկալությունները, որոնց վրա նա հույս էր դնում, իսկ իրական արգելքներն ու դժվարությունները մեծանում էին։ Մոտիկից ծանոթանալով տեր և տիկին Նյուսինգենների ընտանեկան գաղտնիքներին՝ Էժենը նկատել էր, որ սերը հարստանալու աղբյուր ծառայեցնելու համար միայն մի եղանակ գոյություն ունի. դրա համար պետք էր տանել ամեն ամոթանք և հրաժարվել բոլոր այն ազնիվ մտքերից, որոնք երիտասարդական մեղքերի թողությունն են։ Նա դաշինք էր կնքել արտաքուստ՝ փայլուն և մեծափարթամ, ներքուստ՝ խղճահարության որդերից կրծոտվող այդ կյանքի հետ, որի վաղանցուկ հաճույքները հարատև անձկությունների թանկ գնով են վճարվում. նա այդ կյանքում, ինչպես ճահճոտ փոսի մեջ գցած մի անկողնում, թավալվում էր Լա Բրյուերի «Մտացրիվի» նման, և ճիշտ նույն «Մտացրիվի» նման նա դեռ իր զգեստներն էր միայն կեղտոտել։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված

Օնորե դը Բալզակ. հետաքրքիր դեպքեր կյանքից