fbpx

Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված

Երբ ներքևում ոտնաձայները մարեցին, Դորիանը կողպեց դուռը և բանալին դրեց գրպանը։ Այժմ ապահով էր։ Ոչ ոք այլևս չէր տեսնի սարսափելի նկարը։ Միայն ինքը կտեսնի իր խայտառակությունը։

Վերադառնալով գրադարան՝ նա տեսավ՝ ուղիղ ժամը վեցն է։ Թեյը մատուցված էր։ Սադափազարդ, բուրավետ մուգ փայտե սեղանի վրա (դա լեդի Ռեդլիի՝ իր խնամակալի կնոջ նվերն էր. նա մշտապես հիվանդ էր և անցած ձմեռը անց էր կացրել Կահիրեում) մի երկտող էր դրված լորդ Հենրիից, իսկ կողքին՝ դեղին կազմը և անկյունները փոքր-ինչ մաշված մի գիրք։ Թեյի սկուտեղին դրված էր նաև «Սենթ Ջեյմս գազեթ»-ի երրորդ տպագրված օրինակը։ Հավանաբար Վիկտորը վերադարձել էր։ Հետաքրքիր է, բանվորներին չէ՞ր հանդիպել սրահից դուրս գալիս, հարցուփորձ չէ՞ր արել, թե ինչ էին անում։ Իհարկե, սպասավորը նկատած կլիներ, որ դիմանկարը չկա: Նկատած կլիներ թեյը բերելիս։ Վարագույրը տեղում չէր, և դատարկ պատը երևում էր։ Մեկ էլ տեսար՝ մի գիշեր Դորիանը բռնեց նրան վերնահարկ սողոսկելիս և դասասենյակի դուռը ջարդելիս։ Սարսափելի է տանը լրտես ունենալը։ Դորիանը լսել էր, թե ինչպես են հարուստներին ամբողջ կյանքում ահաբեկել սպասավորները, որոնց հաջողվել է նամակ կարդալ կամ ծածուկ խոսակցություն լսել, ձեռքն է ընկել հասցեագրված այցետոմս, տիրոջ բարձի տակ գտել են թառամած ծաղիկ կամ ճմռթված ժանյակի կտոր։

Նա հառաչեց և, թեյ լցնելով, բացեց լորդ Հենրիի երկտողը։ Լորդ Հենրին գրում էր, որ ինքն ուղարկում է երեկոյան թերթը և մի գիրք, որը կհետաքրքրի իրեն, իսկ ութն անց տասնհինգ կսպասի ակումբում։ Դորիանն անտարբեր բացեց լրագիրը և աչքի անցկացրեց։ Հայացքը կանգ առավ հինգերորդ էջում կարմիր մատիտով ընդգծված տողերի վրա։ Նա ուշադիր կարդաց հետևյալ պարբերությունը:

«Դատաքննություն դերասանուհու մահվան գործով։ Այս առավոտ Հոքսթոն ռոուդի վրա գտնվող Բելլ–Թևերնում տեղամասային քննիչ պարո՛ն Դենբիի կողմից հետաքննություն կատարվեց երիտասարդ դերասանուհի Սիբիլ Վեյնի մահվան կապակցությամբ, որ վերջերս հանդես էր գալիս Հոլբորնի թագավորական թատրոնում։ Դատաքննությունը հաստատեց, որ մահը տեղի է ունեցել դժբախտ պատահարի պատճառով։ Խոր ցավակցություն հայտնեցին հանգուցյալի մորը: Նա խիստ հուզված էր իր իսկ, ինչպես նաև դոկտոր Բիրրելի ցուցմունքի ժամանակ, որը կատարել էր դիահերձումը»:

Դորիանը կնճռոտեց դեմքը և լրագիրը երկու կտոր անելով՝ դեն նետեց։ Որքա՜ն տհաճ էր այս բոլորը։ Ի՜նչ ահավոր էին այլանդակ մանրամասնությունները։ Նա բարկացավ լորդ Հենրիի վրա հոդվածն ուղարկելու համար։ Իհարկե, մեծ հիմարություն էր ընդգծել տողերը կարմիր մատիտով։ Չէ՞ որ Վիկտորը կարող էր կարդալ։ Այդպիսի բաներ կարդալու համար նա բավականին լավ գիտեր անգլերեն։

Նա, թերևս, կարդացել և ինչ-որ բան կասկածում էր։ Բայց հետո՞ ինչ։ Ի՞նչ գործ ունի Դորիան Գրեյը Սիբիլ Վեյնի մահվան հետ։ Պետք չէր վախենալ։ Դորիան Գրեյը չէր սպանել նրան։

Հայացքն ընկավ լորդ Հենրիի ուղարկած դեղին գրքին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ գիրք է: Նա մոտեցավ ութանկյուն փոքրիկ մարգարտագույն սեղանին, որ նրան թվում էր, թե արծաթից պատրաստել են ինչ-որ եգիպտական անտեսանելի մեղուներ։ Վերցնելով գիրքը՝ Դորիանն ընղմվեց բազկաթոռի մեջ և թերթեց էջերը։ Մի քանի րոպե անց կլանվեց ընթերցանությամբ։

Դա ամենաարտառոց գիրքն էր, որ ինքը կարդացել էր երբևէ։ Թվում էր, թե զմայլելի զգեստներ հագած՝ քաղցրահունչ մեղեդիների տակ նրա աչքի առջևից համր շարքերով անցնում են աշխարհի բոլոր մեղսագործությունները։ Շատ բաներ, որոնց մասին նա աղոտ երազել էր, հանկարծ նրա աչքին իրական էին դառնում։ Շատ բաներ, որ նույնիսկ երազում էլ չէր տեսել, կամաց-կամաց բացվում էին նրա առջև։

Դա վեպ էր առանց սյուժեի, միայն մեկ հերոսով, որի հոգեբանական ուսումնասիրությունը, պարզապես, գրքի թեման էր։ Իրոք, նա փարիզի մի երիտասարդ էր, կյանքն անց էր կացրել՝ ջանալով XIX դարում պատկերացնել յուրաքանչյուր դարի բոլոր կրքերն ու մտայնությունները՝ բացի իր դարից, որպեսզի զգա այն բոլորը, ինչի միջով անցել է աշխարհի հոգին: Նրան հետաքրքրում էին ինքնահրաժարման անբնական ձևերը, որ մարդիկ հիմարաբար առաքինություն են համարում, և նույնքան էլ բնական ըմբոստ պոռթկումները, որ խելացի մարդիկ դեռ մեղք են կոչում։ Գիրքը գրված էր զարմանալի նրբակերտ ոճով, վառ, կենդանի, բայց երբեմն էլ՝ ինչ-որ չափով մշուշապատ բարբառով, արխայիզմներով, տեխնիկական արտահայտություններով և ընդարձակ մեկնաբանություններով լի։ Նման ոճով նկարում էին ֆրանսիական սիմվոլիստական դպրոցի ամենահիանալի նկարիչները։ Այնտեղ օգտագործվում էին խոլորձների նման արտասովոր փոխաբերություններ, որոնք նույնքան նրբերանգ էին։ Մարդու զգայական կյանքը նկարագրվում էր միստիկական փիլիսոփայության տերմիններով։ Երբեմն դժվար էր որոշել, թե ինչ ես կարդում՝ որևէ միջնադարյան սրբի կրոնական էքստազների նկարագրությո՞ւն, թե՞ ժամանակակից մեղսագործի անամոթ խոստովանություն։ Դա շատ թունավոր գիրք էր։ Կարծես էջերը ներծծված էին խնկի ուժեղ բույրով, որը մարդու ուղեղ էր թմրեցնում։ Համաչափ, ներդաշնակ դարձվածքները, մեղեդու փաղաքուշ միապաղաղությունը, բարդ կրկներգերը և նրբագեղ կրկնությունները համակում էին հիվանդներին երազանքով։ Եվ գլուխ առ գլուխ կլանելով գիրքը՝ Դորիանը չէր նկատում, որ օրը մոտենում է վախճանին, և ստվերները թաքնվում են տան անկյուններում։

Անամպ դահանակագույն երկինքը, որտեղից ճեղքել ու դուրս էր ցցվել մի աստղ, առկայծում էր լուսամուտների հետևում։ Դորիանը կարդում էր ու կարդում աղոտ լույսի տակ, քանի դեռ տառերը երևում էին։ Երբ սպասավորը նրան մի քանի անգամ հիշեցրեց, որ ուշ է, նա վեր կացավ, գնաց մյուս սենյակը, գիրքը դրեց ֆլորենցիական փոքրիկ սեղանին՝ մահճակալի մոտ, ապա սկսեց հագնվել ճաշի գնալու համար։

Մոտ ժամը ինն էր, երբ հասավ ակումբ։ Լորդ Հենրին, սաստիկ ձանձրացած, նստել էր միայնակ։

– Ներեցե՛ք, Հա՛րրի,– բացականչեց նա,– ես փաստորեն Ձեր մեղքով եմ ուշացել։ Ձեր ուղարկած գիրքն այնպես դյութեց ինձ, որ ես մոռացա, թե ինչպես է ժամանակը սահում։

– Այդպես էլ գիտեի, որ դուր կգա,– պատասխանեց լորդ Հենրին՝ բարձրանալով աթոռից։

– Չասացի՝ դուր է գալիս, Հա՛րրի, ասացի՝ դյութեց։ Տարբերությունը մեծ է։

– Օ՜, արդեն հասկացա՞ր տարբերությունը,– ասաց լորդ Հենրին։

Նրանք անցան ճաշասենյակ։

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված