Պաուլու Կոելյու. 5 վեպ, որ կա հայերեն - VNews

Պաուլու Կոելյու. 5 վեպ, որ կա հայերեն

Պաուլու Կոելիու

Պաուլու Կոելյուն բրազիլացի ամենահայտնի գրողն է ողջ աշխարհում: Նա հասցրել է գերել բոլոր աղջիկների ու կանանց սրտերն իր պատմություններով և թարգմանվել բազում-բազմաթիվ լեզուներով: Կոելյուի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ալքիմիկոսը» գրանցվել է Գինեսի ռեկրոդների գրքում. այն աշխարհում ամենաշատ լեզուներով թարգմանված վեպն է: Շատերս Պաուլու Կոելյուի ստեղծագործությունները կարդացել ենք ռուսերեն կամ անգլերեն: Սակայն եթե կան մարդիկ, որ սիրում են այս կախարդական և կենսասիրություն ներարկող գրականությունը և ցանկանում են հայերեն էլ կարդալ այդ վեպերը, ապա այս հոդվածը ձեզ համար է: Ձեզ ենք ներկայացնում Կոելյուի 5 լավագույն վեպերը, որոնք թարգմանվել են հայերեն բնագրից՝ պորտուգալերենից: 5 գրքերի թարգմանչուհին է Աննա Մարությանը:

1. Ալքիմիկոսը

«Ալքիմիկոսը» Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Հմուտ վիպասանը հեքիաթներում հանդիպող մի շարք մոտիվների մշակմամբ վեպ է ստեղծել: Հերոսը մի երիտասարդ է, որ կարծես թե երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի, բայց մի բան պակասում է հոգում, նա ինչ-որ մեծի, հրաշքի սպասումով է լցված: Հենց այդ հրաշքը, հոգու անդորրը, կամ, այլ կերպ ասած, ինքն իրեն գտնելու համար տղան ճամփա է ընկնում՝ ինչպես հեքիաթների հերոսները գնում են բախտ որոնելու, կամ Աստծու մոտ՝ հարցում անելու: Նրանք թողնում են ունեցածն ու ճամփա ընկնում, բազում արկածներ ունենում, փորձությունների ենթարկվում, որոնց արդյունքում էլ իմաստնանում են և գնահատում նախկինում ունեցածը:
Հենց այսպես էլ Կոելյուի հերոս Սանտյագոն: Վեպը երազանք ունենալու, երազանքին հավատալու և հետևելու, սիրտն ու հոգին փոփոխությունների առաջ միշտ բաց պահելու, կյանքի ամեն վայրկյանի մեջ հրաշքի գոյությունը տեսնելու մասին է:
Կարդացեք այս գիրքը, եթե ոգեշնչման, կենսասիրության պակաս ունեք, կամ եթե չեք հավատում հրաշքներին, կամ եթե ուզում եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր երազանքները, կամ եթե կարիք ունեք ձեր ունեցածն ավելի լավ գնահատել կարողանալու: Այս գիրքն, ինչպես Կոելյուի բոլոր գրքերը, լի են աֆորիզմներով, բանաձևային ձևակերպումներով:

Եթե մի բան ուզում ես, ապա ողջ տիեզերքն օգնում է քեզ:

ալքիմիկոսը

2. Լրտեսը

Պաուլու Կոելյուի «Լրտեսը» կամ «Մատա Հարի. լրտեսը» վեպն իրական փաստերի և իրական կնոջ մասին մի անհավանական և չափազանց գեղեցիկ պատմություն է՝ անհատականի և համամարդկայինի բախումների և շահերի, դժբախտությունների և հաղթանակների մասին:
Մատա Հարին հոլադուհի էր: Նա 18 տարեկանում ամուսնանում է իրենից 20 տարով մեծ մի հարբեցողի հետ և տեղափորվում Ճավա՝ Ինդոնեզիա: Այստեղ նա 2 երեխա է ունենում:
Վեճեր, հիասթափություններ, որոնցից փախչելու համար Մատան Փարիզ է տեղափոխվում: Այստեղ էլ սկսվում են նրա արկածները, որոնք էլ Կոելյուն վեպ է դարձրել: Մատան սկսում է պորտապար-մերկապար պարել՝ գումար վաստակելու նպատակով: Իսկ Առաջին համաշխարհայինի տարիներին Մատան լրտեսական գործունեությամբ էր զբաղվում: Մի խոսքով, եթե սիրում եք իրական պատմություններ հզոր կանանց մասին, սեր, կիրք, դավաճանություններ, վտանգներ, պարեր, ապա այս գիրքը ձեզ համար է:

լրտեսը

3. Վերոնիկան որոշում է մեռնել

«Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը Պաուլու Կոելյուի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն թարգմանվել է մոտ 50 լեզուներով՝ այդ թվում նաև հայերենով:
Սա պատմություն է մի աղջկա մասին, ով որոշում է ինքնասպան լինել: Մեծ քանակությամբ դեղորայքը, սակայն, նրան չի սպանում, և Վերոնիկան հայտնվում է հիվանդանոցում: Պարզվում է՝ աղջկան քիչ ժամանակ է մնացել ապրելու: Մեռնել ցանկացող մարդը, իմանալով մոտալուտ մահվան մասին, սկսում է մտածել կյանքի արժեքների, ունեցածի, սիրո, երջանկության մասին:
Ի՞նչ է սպասվում Վերոնիկային հոգեբուժարանում անցկացրած օրերին, ո՞ւմ կհանդիպի նա, ինչպե՞ս կփոխվի նրա վերաբերմունքը կյանքի ու մահվան նկատմամբ: Հոգեբանական հետաքրքիր փորձարկումներ, զրույցներ, բացահայտումներ, որոնք ապացուցում են՝ մարդն ինքն իրեն այնքա՜ն քիչ գիտի և միայն ծայրահեղ իրադրություններում են բացահայտվում մարդու ներքին անվերջանալի խորքերը:
Պաուլու Կոելյուի բոլոր գրքերին բնորոշ կենսասիրություն, բանաձևեր, աֆորիզմային բազմաթիվ տողեր, գեղեցիկ և սիրվող կերպարներ և լուսավոր պատմություններ: Գիրք, որ հաստատ արժե կարդալ:

պաոլո կոելիո Վերոնիկան որոշում է մեռնել

4. Անհավատարմություն

«Անհավատարմությունը» կամ «Ադյուլտերը» Կոելյուի վերջին վեպերից է. տպագրվել է 2014 թ.: Վեպի հերոսուհին այս անգամ էլ կին է. Լինդան լրագրող է, նա իդեալական կյանք ունի՝ սիրող ամուսին, երեխաներ, աշխատանք: Սակայն մի բան պակասում է նրան: Ամեն առավոտ աչքերը բացելուն պես՝ Լինդան իրեն դժբախտ է զգում, զգում է, որ ինչ-որ կարևոր բան է պակասում, հոգին դատարկ է: Համաձայնեք, նման սյուժեով բազմաթիվ գրքեր և ֆիլմեր կան: Բայց այս անգամ էլ հետաքրքիր է ամենապարզ և շարքային սյուժեների հանդեպ Կոելյուի վերաբերմունքը, նրա մոտեցումը:
Եվ եթե դուք էլ հոգնել եք ձեր առօրյայից, ամենօրյա կրկնվող նույնություններից, եթե դուք էլ եք ձեզ դատարկ զգում և կարիք ունեք ինչ-որ հրաշքի, ապա այս վեպը ձեզ համար է:

Անհավատարմություն

5. Աքրայում գտնված ձեռագիրը

«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթական ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:
1099 թ. Երուսաղեմը կաթվածահար է լինում՝ խաչակիների արշավանքների մասին լուրն առնելով: Քաղաքի բոլոր բնակիչները հավաքվում են հրապարակում՝ իմաստուն ծերունուն լսելու: Բոլորը բազում հարցեր ունեն, իսկ իմաստունը՝ բազում պատասխաններ, որոնք այսօր էլ չափազանց ուշագրավ են և արդիական:
Այս գիրքն էլ լի է աֆորիզմային արժեք ունեցող նախադասություններով, ձևակերպումներով, ապրելու, սիրելու, ունեցածը գնահատելու և անդադար երազներին հավատալու բանաձևումներով: «Առանց մանրուքների մեծ փոփոխություններ չեն լինում», «Արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության տեսանելի կողմն է: Եվ դուրս է հորդում այն լույսի հետ, որ ճառագում է աչքերից», «Նրանք, ովքեր ընկճված են մենությունից, պետք է հիշեն. Կյանքի ամենակարևոր պահերին միշտ էլ մենակ ենք լինելու», այսպիսի տողեր կգտնեք յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր պարբերության մեջ:

Աքրայում գտնված ձեռագիրը