fbpx

Փաստեր «Իսկական դետեկտիվ» հեռուստասերիալի մասին

«Իսկական դետեկտիվը» հեռուստասերիալ է, որի կողքով անտարբեր չեն կարող անցնել դետեկտիվի սիրահարները և առհասարակ նրանք, որոնք սիրում են լարված սյուժեով ֆիլմեր ու սերիալներ: Հին ու բարի, մեր սիրելի դերասանները փորձում են պարզել առեղծվածային սպանությունների միջև եղած կապը, գտնել մեղավորին կամ մեղավորներին և ստիպել վճարել ոճրագործության համար:

Առաջին եթերաշրջանի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ, Լուիզիանա նահանգ, որտեղ դաժան սպանություն է տեղի ունենում: 2012 թ. նորից սպանություն է տեղի ունենում, որը շատ նման է 1995 թ. դեպքին: Մարդասպանի ձեռագիրը նույնն է: Դետեկտիվները սկսում են հետաքննությունը և ջանք չեն խնայում, որ պարզեն այս երկու սպանությունների միջև կապը:
Երկրորդ և երրորդ եթերաշրջաններում էլ դետեկտիվները փորձելու են բացահայտումներ անել:
Առաջին եթերաշրջանում գլխավոր դերերում են Վուդի Հարելսոնն ու Մեթյու Մակկոնահին, երկրորդ եթերաշրջանում՝ Վինս Վոնը, Քոլին Ֆարելը և Ռեյչլ ՄակԱդամսը, իսկ երրորդում՝ Մահերշալա Ալին:
Ահա 10+5 փաստ սիրված հեռուստասերիալի մասին:

1. Սերիալի համապրոդյուսեր և սցենարիստ Նիկ Պիցոլատոն հայտնել է, որ սցենարի հիմքում տարիներ առաջ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած ահասարսուռ դեպքերն են, որոնք հանգիստ չէին տալիս տեղացիներին: Եկեղեցու հետ կապ ունեցող մի խումբ մարդիկ դաժանաբար տանջել և սպանել են երեխաներին և կենդանիներին, պատճառաբանելով, որ ծառայում են սատանային և վերջիններիս զոհաբերել են սատանային: Այս ամենի ետևում էր քահանա Լյուիս Լամոնիկան, որը խոստովանել է, որ սատանիստ է:

Առաջին եթերաշրջանում գլխավոր հերոսները՝ Ռասթն ու Մարտին փորձում են պարզել մեկը մյուսի հետ կապ ունեցող պաշտամունքային սպանությունները, որոնցում իր մեղքի մեծ, շատ մեծ բաժինը ունեն եկեղեցին և իշխանությունները:

2. Ի սկզբանե Մեթյու Մակկոնահին պետք է մարմնավորեր վայելչատես և ավանդական դետեկտիվ Մարտի Հարթին: Այս մասին հարցազրույցներից մեկում ասել է Պիցոլատոն, որը խոստովանել է, որ “Lincoln Lawyer ” ֆիլմում Մեթյուն հենց այդպիսին է և նա Մարտիի կերպարը ստեղծելիս հենց Մակկոնահիին է պատկերացրել: Սցենարի հետ ծանոթանալուց հետո, սակայն, Մեթյուն առաջարկել է մարմնավորել Ռասթին: «…իսկ Մարտիին կարող է մարմնավորել Վուդի Հարելսոնը»,- հավելել է Մեթյուն:


Նախքան սերիալը HBO-ին վաճառելը, Պիցոլատոն արդեն Մեթյուի հետ համաձայնության էր եկել:

3. Առաջին եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի հարավում: Նշենք, որ Պիցոլատոն ծնունդով հենց այդ շրջանից է:

4. Սերիալի առաջին եթերաշրջանի աշխատանքները սկսվել են 2012 թ. և բոլոր էպիզոդները նկարահանել է Քերի Ֆուկունագան: Վերջինս երկար ժամանակ հետևում էր Լուիզիանա նահանգի ոստիկանության քրեական հետախուզության վարչության դետեկտիվների աշխատանքին:

5. Ավելի ուշ Մեթյու Մակկոնահին իր հերոսի՝ Ռասթ Քոլի կերպարում նկարահանվել է Lincoln մակնիշի ավտոմեքենաների երեք տարբեր գովազդային հոլովակներում:

Հոլովակների ռեժիսորն է «Ոսկե արմավենու» դափնեկիր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը:

6. Շատերը չգիտեն, որ ի սկզբանե սերիալի հավանական անուններից մեկը «Բալլադ սպանությունների մասին» էր, սակայն անվան չափից շատ պաթետիկ լինելու պատճառով այն անվանվեց «Իսկական դետեկտիվ»:

7. Առաջին եթերաշրջանի երկրորդ էպիզոդում դետեկտիվները այրված եկեղեցի են հայտնաբերում, որը ստեղծվել էր հատուկ սերիալի համար:

8. Մակկոնահին կարողացավ ստեղծել փաստաթուղթ, որը ժամանակագրում էր Ռասթ Քոլի կյանքի չորս կարևորագույն շրջանները: Այն հանդիսատեսին պատմում էր Ռասթի անցյալը, ներկան և ապագան: Իր նոթատետրում Մեթյուն նշում էր այդ տարբեր ժամանակաշրջաններում Ռասթի կյանքում տեղի ունեցած բոլոր կարևորագույն իրադարձությունները, որոնք ինչ-որ կերպ ազդեցին կերպարի վրա: Դրանք են՝ Ռասթի կյանքի այն շրջանը, երբ նա կախվածություն ուներ թմրանյութերից, 1995 թ., երբ նա վերադարձավ ոստիկանություն, 2002 թ., երբ տեղի ունեցավ առեղծվածային սպանություն և 2012 թ., երբ նա զրուցում է ոստիկանների հետ և մեկը մյուսի ետևից դատարկում գարեջրի շշերը:

Rolling Stone-ի իր հարցազրույցում Մակկոնահին նշել է, որ իր հերոսը. «…ապրել է ավելի երկար, քան ես կանխատեսել էի…Քոլը տղամարդ է, որը հրաժարվեց ուղղակի գոյատևելուց»:

Նշենք, որ սերիալում Մակկոնահիի հերոսը խմում է “Lone Star” գարեջուր, և նշենք նաև, որ 1996 թ. Մեթյուն նկարահանվել է “Lone Star” ֆիլմում:

9. Առաջին եթերաշրջանում դետեկտիվները տեղաշարժվում են 1995 թ. Chevrolet Caprice մեքենայով, որը 90-ականներին լայն կիրառություն ուներ ԱՄՆ-ի որոշ նահանգներում:

10. Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները տեղափոխվում են Կալիֆոռնիա: Նկարահանող անձնակազմը դա բացատրեց նրանոց, որ Լոս Անջելեսի բոլոր շրջանները օգտագործվել են և հայտնի են, իսկ Կալիֆոռնիայում կան շրջաններ, որոնց գեղեցկության մասին շատերը չգիտեն: Այսպես ընտրվեց Կալիֆոռնիայի հարավում գտնվող Վերնոն քաղաքը, որը սերիալում անվանում են Վինչի, և որը գրեթե զուրկ է բուսականությունից:

11. Երկրորդ եթերաշրջանի բացման երաժշտությունը ամեն էպիզոդում փոխվում է, սակայն շատերը չեն նկատել դա:
Հեռուստասերիալների բացման երաժշտությունները որպես կանոն ստանդարտ են և չեն փոխվում ողջ եթերաշրջանի ընթացքում: Այսպես առաջին եթերաշրջանի բացման երաժշտությունը “The Handsome Family” երաժշտական դուետի “Far From Any Road”  երգն է, իսկ երկրորդ եթերաշրջանում պատկերն այլ է: Կոմպոզիտոր Թի-Բոն Բըրնեթը պնդում էր, որ երկրորդ եթերաշրջանն ունիկալ է, և որպես բացման երաժշտություն ընտրեց Լեոնարդ Քոհենի “Nevermind” կատաորւմը, որն անընդհատ փոփոխությունների էր ենթարկում: Յուրաքանչյուր էպիզոդի համար նա ընտրում էր երգից տարբեր հատվածներ և այնքան հմտորեն էր դրանք փոփոխում, որ մեզանից քչերը կնկատեն դա:

12. Սերիալի երկրորդ եթերաշրջանը ցավոք չկրկնեց առաջինի հաջողությունը: Այս մասին խոստովանել են սերիալի երկրպագուները, որոնք դժգոհ են բոլոր այն խնդիրներից, որոնք բարձրաձայնվում են երկրորդ եթերաշրջանում, դրանք են՝ կաշառակերությունը, քաղաքականությանը, համակարգի թերությունները և դրանց վերացման անհրաժեշտությունը: Այս մասին շատ վաղուց խոսել է նաև HBO-ի եթերի տնօրեն Մայքլ Լոբմարդոն: Նա ասել է, որ մեղավոր է այնքանով, որ կարճ ժամկետներում ցանկանում էր Պիցոլատոյի հետ կրկնել առաջին եթերաշրջանի հաջողությունը:

13. Երրորդ եթերաշրջանի սցենարը գրելիս Նիկ Պիցոլատոն չէր էլ կարող պատկերացնել, որ այն ընկած է լինելու նոր եթերաշրջանի հիմքում. Նիկը պարաստվում էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց  սյուժեն գնալով ավելի ու ավելի խճճվում…


Դեպքերը երկու տարբեր ժամանակահատվածներում են զարգանում: Առաջինում Մահերշալա Ալիի հերոսը երիտասարդ դետեկտիվ է և զբաղվում է խրթին սպանությունների բացահայտմամբ, իսկ արդեն մեծ տարիքում զգում է հիշողության կորստի առաջին նախանշանները:

14. Երրորդ եթերաշրջանի իրադարձությունները տեղի են ունենում Օզարկ շրջանում, որը գտնվում է միաժամանակ Արկանզաս, Միսսուրի, Օկլահոմա, Կանզաս նահանգներում: Հենց այստեղ վերջերս նկարահանվեց Ջեյսոն Բեյթմանի մասնակցությամբ «Օզարկ/Ozark» հեռուստասերիալը:

15.  Ինչպես նախորդ եթերաշրջանների դեպքում էր, այս անգամ էլ սցենարի հեղինակն է Նիկ Պիցոլատոն, որը գրել է նոր եթերաշրջանի գրեթե բոլոր էպիզոդների սցենարները, բացառությամբ չորրորդ էպիզոդի: Այս էպիզոդի սցենարը գրվել է “Deadwood” հեռուստասերիալի սցենարիստ Դեյվիդ Միլչի հետ համատեղ ջանքերով:

Այս նոր եթերաշրջանի պրոդյուսերներն են Նիկ Պիցոլատոն, Մեթյու Մակկոնահին,Վուդի Հարելսոնը, Քերի Ֆուկունագան ևն:


Արտյոմ Մանուկյանը “Green Book”-ի սաունդթրեքի երաժիշտներից է

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 2]

«Օսկար 2019»-ի հաղթողները

Այն, ինչ պետք է իմանալ “Green Book” ֆիլմի մասին

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 2]

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա 2019»-ի հաղթողները

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 2]

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

2019 թ. ամենասպասված սերիալները [մաս 1]

5 գեղեցիկ ֆիլմ կինոմանների համար

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակից լավագույն ֆիլմերը

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմերի 10-յակը

Յորղոս Լանտիմոսի լավագույն ֆիլմերը