Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
1912 թվականին Անգլիայի Մեյդա-Վեյլ փոքրիկ քաղաքի շոտլանդա-իռլանդական ընտանիքում ծնվեց 20-րդ դարի հանճարներից մեկը: Մաթեմատիկոս Ալան Թյուրինգի բացառիկ աշխատանքի շնորհիվ բրիտանական կողմի համար հնարավոր դարձավ ավարտել Երկրորդ համաշխարհային պատերազմը երկու տարի ավելի շուտ, քան կանխատեսվում էր և դրանով փրկել միլիոնավոր կյանքեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիայի կառավարությունը հավաքագրում է համալսարանի 27-ամյա պրոֆեսոր, մաթեմատիկոս և գաղտնագիր Ալան Թյուրինգին (Բենեդիքթ Քամբերբեթչ)՝ ֆաշիստական գաղտնագրման «Էնիգմա» մեքենայի աներևակայելի բարդ ալգորիթմը լուծելու համար: Այդ ժամանակ բրիտանական գաղտնագիրները աշխատում էին «Բլեթչլի պարկ» կենտրոնում, որը հայտնի է նաև Station X անվանմամբ։ Անգլիայի կենտրոնում գտնվող հատուկ նշանակության առանձնատունն իր հարկի տակ պետք է հավաքեր ոչ թե պարզապես տաղանդավոր մաթեմատիկոսների, այլ հանճարների, որպեսզի հաջողությամբ վերծաներ հակառակորդի հաղորդագրությունները։
Թյուրինգը հանճար էր։ «Համակարգիչների նախահայրը» աշխատում էր երկրի ամենափայլուն մաթեմատիկոսների հետ (ի տարբերություն ֆիլմի՝ իրականում «Բլեթչլի պարկում» հիմնականում կանայք էին, քանի որ տղամարդիկ մեկնել էին ռազմաճակատ), սակայն ֆիլմում պատկերված է միայն Ջոան Քլարքը (Քիրա Նայթլի), որը սերտ և քրտնաջան համատեղ աշխատանքի արդյունքում դարձավ Թյուրինգի ամենամտերիմ մարդկանցից մեկը։
Նորվեգացի ռեժիսոր Մորտեն Ֆիլդումի ռազմա-կենսագրական դրաման, որը համեմվում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլայի տրամադրող երաժշտությամբ, զրկված չէ սրամտությունից և մեյնսթրիմին հատուկ թեթևությունից, թեև պատկերում է պատերազմող թիկունքը, լայնածավալ կռվի դժվարլուծելի ու օրհասական ընթացքներից մեկը, ինչի շնորհիվ գերմանական «Էնիգմա» ռազմական մեխանիկանան մեքենան դադարեց լինել համաշխարհային գլուխկոտրուկ և պարտվեց բրիտանական ուղեղին։
Թյուրինգի տարօրինակ, տեղ–տեղ մի փոքր էքսցենտրիկ կերպարը և կարկառուն, սակայն կարճ կյանքը, որն ընդհատվեց Մեծ Բրիտանիայում այդ տարիներին նույնասեռականներին պատժող օրենքի պատճառով, 20-րդ դարի ամենաառեղծվածայիններից է։ Երկար տասնամյակներ հասարակությանն առհասարակ հայտնի չէր բրիտանացի մաթեմատիկոսների միջամտման մասին՝ այնինչ «Էնիգմա»-ի ապակոդավորումը անցյալ դարի ամենատպավորիչ գիտական ձեռքբերումներից մեկն է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո