Պատմում է Սոս Սարգսյանը - VNews

Պատմում է Սոս Սարգսյանը

Միշտ հետաքրքիր է կարդալ հուշեր մեր մեծերի մասին։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրանց կյանքի մանրամասները, այլ նաև նրանց մարդկային տեսակը, որակները, մտածողությունը, հույզերը, ներքին անհանգստությունները, ուրախություններն ու մտահոգությունները։ Այդպիսի մի գեղեցիկ հուշ է պատմում Սոս Սարգսյանը` իր ավագ գործընկերոջ` դերասան Ավետ Ավետիսյանի մասին։

«Առիթը չէինք փախցնում մեծերի հետ լինել, լսել նրանց, հարցեր տալ։ Էսպես մի գեղեցիկ օր ես ու Ֆրունզը ներկայացումից հետո Ավետ Ավետիսյանին ուղեկցում ենք տուն։ Ստալինն արդեն սատկել էր, ու մարդիկ ինչ-որ չափով շունչ էին առել։ Քայլում ենք գիշերային Երևանով. Ավետն էդ օրը բացվեց։ Սովորաբար, շատ զգուշավոր մարդ էր, միանշանակ հավատարիմ կոմունիստ։ Ժողովներին բոցավառ ճառեր էր ասում կոմունիստական կարգախոսներվ, բայց էդ օրը հանկարծ անկեղծացավ։ Պատմում էր, թե ինչ դժվար կյանք է ունեցել, ինչեր են գլխով անցել, ու ինչ սարսափներ։

Հրաչյա Ներսիսյանի հետ

 

Ավետը ուրիշ տեսակ երևաց մեզ` խորը, լուռ ու մունջ տառապած, հազար ու մի փորձանքից փրկված, հազար վախի միջով անցած։ Էսօր հեշտ է դատողություններ անել, էսօր դժվար է, գրեթե անհնարին պատկերացնել ստալինյան ժամանակները, քանի որ էդքան սուտ, էդքան դաժանություն երբևէ եղած չկա։

Մեծ տաղանդի տեր Ավետը ստեղծագործել է ու հետն էլ վախը սրտում։ Խուլ ձայնով կարծես ավելի շատ ինքն իր հետ մտորում էր, դառնացած պատմում Ջանանի մասին, թե ինչ դերասան էր, որ դերն ինչպես էր խաղում, և թե վերջը ինչպես տարան, տարան ու տարան։ Յաղուբյանի մասին էր պատմում, որ Փարիզից եկավ Հայրենիք ու տարան, կորցրին…  Ու էլի շատ մարդկանց մասին, որոնց հետ անձամբ ծանոթ է եղել, ընկեր բարեկամ…

 

 

Ազդվեցինք ու տխրեցինք շատ, արդեն լուռ հասցրեցինք նրան մինչև իր տուն ու բաժանվելուց առաջ հարցրեցինք.

– Ավետ Մարկիչ, բա դու ո՞նց փրկվեցիր, ինչպե՞ս է որ ձեզ չկարողացան ձեռք տալ։

Երկար լռեց, հետո «Կազբեկի» տուփը հանեց գրպանից, վառեց ծխախոտը, մի քանի անգամ խորը ներս քաշեց ծուխը.

– Ի՞նձ… Ե՞ս… Հա, ասեմ։ Ինձ ժողովուրդս պահեց… Հա, ժողովուրդս։

Ու աչքերը լցվեցին։ Էնպես էր հուզված։ Ինքը ժողովրդինն էր, ժողովուրդը` իրենը, ինչպես կհամարձակվեին։ Ժողովուրդը թույլ չէր տա…

Երեխայի պես միամիտ մարդ  էր Ավետը։