Պաուլու Կոելյուն Հենրիխ Մխիթարյանին իր ստորագրությամբ գիրք է նվիրել - VNews

Պաուլու Կոելյուն Հենրիխ Մխիթարյանին իր ստորագրությամբ գիրք է նվիրել

29597500 1777297328997629 7456256601674418678 n - Պաուլու Կոելյուն Հենրիխ Մխիթարյանին իր ստորագրությամբ գիրք է նվիրել

Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոս» գրքով մի լուսանկար է հրապարակել ու նշել, որ գիրքը նվեր է ստացել հեղինակից՝ նրա ստորագրությամբ:

«Հենրիխին: Առաջնորդողը սերն է…», այսպես է մակագրել հեղինակը հայ ֆուտբոլիստին նվիրած գիրքը:

«Ալքիմիկոսը»` Հենրիխ Մխիթարյանի սիրելի գրքերից մեկը, Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Հմուտ վիպասանը հեքիաթներում հանդիպող մի շարք մոտիվների մշակմամբ վեպ է ստեղծել: Հերոսը մի երիտասարդ է, որ կարծես թե երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի, բայց մի բան պակասում է հոգում, նա ինչ-որ մեծի, հրաշքի սպասումով է լցված: Հենց այդ հրաշքը, հոգու անդորրը, կամ, այլ կերպ ասած, ինքն իրեն գտնելու համար տղան ճամփա է ընկնում՝ ինչպես հեքիաթների հերոսները գնում են բախտ որոնելու, կամ Աստծու մոտ՝ հարցում անելու: Նրանք թողնում են ունեցածն ու ճամփա ընկնում, բազում արկածներ ունենում, փորձությունների ենթարկվում, որոնց արդյունքում էլ իմաստնանում են և գնահատում նախկինում ունեցածը:Հենց այսպես էլ Կոելյուի հերոս Սանտյագոն:

Վեպը երազանք ունենալու, երազանքին հավատալու և դրա հետևից գնալու, սիրտն ու հոգին փոփոխությունների առաջ միշտ բաց պահելու, կյանքի ամեն վայրկյանի մեջ հրաշքի գոյությունը տեսնելու մասին է:

Կարդացե՛ք այս գիրքը, եթե ոգեշնչման, կենսասիրության պակաս ունեք, եթե չեք հավատում հրաշքներին, կամ ուզում եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր երազանքները, կամ եթե կարիք ունեք ձեր ունեցածն ավելի լավ գնահատել կարողանալու: Այս գիրքն, ինչպես Կոելյուի բոլոր գրքերը, լի են աֆորիզմներով, բանաձևային ձևակերպումներով:

Գրքի հայերեն թարգմանությունն արել է Անտարեսը, իսկ թե Կոելյուի էլ ո՞ր գործերը կան հայերեն թարգմանությամբ, կարող եք տեսնել այստեղ՝ Պաուլու Կոելյու. 5 վեպ, որ կա հայերեն:

otaragir poqr cover 1 - Պաուլու Կոելյուն Հենրիխ Մխիթարյանին իր ստորագրությամբ գիրք է նվիրել