պատմություններ Մոնթեի կյանքից, Մոնթեի մասին [պատմում են... ] - VNews

պատմություններ Մոնթեի կյանքից, Մոնթեի մասին [պատմում են… ]

monteaskkk - պատմություններ Մոնթեի կյանքից, Մոնթեի մասին [պատմում են... ]
Հայաստանի ու Արցախի պատմության մեջ, հայաստանցու ու արցախցու սրտում միշտ կա ու կմնա Մոնթեն։ Առհասարակ, «հայրենասիրություն» բառը լսելիս քիչ անուններ են միտքդ գալիս, ու դրանց առաջնագծում Մոնթե Մելքոնյանի անունն է, որն արտաբերելիս կամ լսելիս` սկսում ես ավելի զգույշ խոսել հայրենիքի մասին, ավելի զուսպ գնահատել քո սեփական հայրենասիրությունը։
Կալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանություն վերապրած մի ընտանիքում 1957 թվականին ծնվեց Մոնթե Մելքոնյանը: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդեց աշխարհի շուրջ 41 երկրում, թվում է, էլ ի՞նչ է պետք աշխարհի քաղաքացի լինելու համար։ Բայց Մոնթեի կյանքի անցումային կետը հենց այն պահը դարձավ, երբ նա իմացավ, թե այս աշխարհում որն է հենց իր տեղը։

Պատմում են…

Մի անգամ Կալիֆորնիայում ուսուցչուհին Մոնթեին հարցում է, թե նա ի՞նչ ազգություն ունի: Մոնթեն էլ, առանց երկմտելու, պատասխանում է, որ ամերիկացի է: Ուսուցչուհին ասում է, որ ամերիկացի լինելով հանդերձ պիտի նաև ազգություն ունենա: Մոնթեն շտապում է տուն, ծնողներին հարց ու փորձ է անում իր ազգային պատկանելիության մասին: Պատասխանը միանշանակ էր՝ «հայ ես»: Այդ պահից ի վեր Մոնթեն սկսում է իր արմատների ու երկրի ուսումնասիրությունը. ովքե՞ր են իր նախնիները, որտե՞ղ են ապրել, ինչպիսի՞ն է այն՝ Հայաստանը:

Հենց վերոնշյալ հարցերի պատասխանների հետևից էլ Մոնթեն այցելեց իր նախնիների երկիր։

Մոնթե Մելքոնյանը սովորել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում՝ հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժնում: Նա բացառիկ ընդունակություններ ուներ ու 4 տարիների ծրագիրը յուրացրեց երկուսուկես տարում: Մոնթեն տիրապետում էր 7 լեզուների, զբաղվում էր նաև հայանպաստ գործունեությամբ: Նա հիմնեց «Հայ ուսանողների միությունը», կազմակերպեց Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ: 1990 թվականին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո Մոնթեն շուրջ մեկ տարի գիտությամբ է զբաղվել, հետո իմացել է սահմանային լարվածության մասին, գիրն ու գիրքը ցած է դրել ու վազել առաջնագիծ։
Մոնթեն ուշադիր ու սրտացավ էր հայ զինվորների հանդեպ, իր նոր բաճկոնները նրանց էր տալիս, իսկ ինքը պտտվում հնամաշ կարկատաններով։ Բացի այդ, Մոնթեն մարդասեր էր. հատուկ վերաբերմունք ուներ գերիների հանդեպ։ 

Սլավիկ Հայրապետյանը պատմում է…

«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»։

Ասում են՝ Մոնթեն երկու տեսակի մարդկանց չէր սիրում. նրանց, ովքեր ալկոհոլ էին օգտագործում, մի բան էլ՝ չափն անցնում այդ հարցում, ու նրանց, ովքեր շողոքորթում էին իրեն։ Այդ երկու տեսակի մարդկանց Մոնթեն «էշ» էր անվանում, դրանից ավելի վատ բառ նրա բերանից դուրս չէր գա։ 

Աշոտ Ղարիբյանը պատմում է…

«Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։
– Դու ո՞վ ես։
-Ես հրամանատարն եմ։
– Դուն էշ ես։
– Դու ո՞վ ես։
-Ես հրաձիգն եմ։
-Դուն էլ ես Էշ։
Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց.
-Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
-Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես»:
Մոնթեն, իսկապես ժողովրդի հերոսն էր, բայց նաև այն քչերից էր, ում սիրում էին, թե հասարակ մարդիկ, թե զինվորներն ու հրամանատարները։

 Գուրգեն Մելիքյանը պատմում է…

«Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Ա’յ, այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր»։

Աղբյուրներ՝ razm.info, «Հայորդի» ֆեյսբուքյան էջ, armtimes.com