Փոքր դերերի մեծ դերասանը - VNews

Փոքր դերերի մեծ դերասանը

 

1902 թվականի սեպտեմբերի 7-ին ծնվել է դերասան Մուրադ Կոստանյանը։

«Ես մի դերասան եմ, որն իր ողջ կյանքը նվիրել է փոքր մարդկանց կյանքին, նրանց ապրումներին, հույզերին, ուրախ ու տխուր պահերին»,- ասել է հայ թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը։

Մուրադ Կոստանյանին արվեստասերներն այսօր հիշում են հայ կինոյում ունեցած նրա մեծ ու փոքր դերերով։ Սակայն, մինչև կինոյում հայտնվելը, Կոստանյանը խաղացել է թատրոնում, դառնալով խաղընկեր այնպիսի մեծ անունների, ինչպիսին են Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և այլք։

 

 

Հաֆթվան հայաբնակ գյուղը

 

Մուրադ Կոստանյանը ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 7-ին Իրանի, Ատրպատականի նահանգի Սալմաստ գավառի Հաֆթվան հայաբնակ գյուղում։ Այստեղ թեև չունենալով կրթություն ստանալու որևէ հնարավորություն, այնուամենայնիվ մանուկ Մուրադը տարվել է փահլևանների խաղով, ազգային ծեսերով ու տոներով։ Բախտի բերմամբ, Կոստանյանների ընտանիքը կարճ ժամանակ անց տեղափոխվել է Վոլգայի ափին գտնվող Ցարիցին քաղաք, որտեղ Մուրադը սովորել է ռուսերեն, ինչը հետագայում օգնել է ապրել ու խաղալ Պյատիգորսկի ու Կիսլավոդսկի սիրողական ներկայացումներում։

 

 

Կոստանյանն  23 տարեկան էր, երբ տեղեկանում է, որ Մոսկվայում բացվել է հայկական դրամատիկական ստուդիան։ Նա մեկնում է մայրաքաղաք` սովորելու հայտնի այս ստուդիայում ու ծանոթանալու, ինչպես ինքն է ասում` «նոր սքանչելի աշխարհի» հետ։ Մուրադ Կոստանյանի դերասանական կրթության վրա իրենց հետքն են թողել Կոնստանդին Ստանիսլավսկին և Եվգենի Վախթանգովը, որոնց թատերական ավանդույթներին ու թատերական սիստեմին նա իր ողջ կյանքում երբեք չդավաճանեց։ Մոսկովյան այս շրջանի մասին դերասանը գրել է. «Ինձ թվում է, թե ես մի գեղեցիկ երազի մեջ եմ և ուզում եմ, որ այդ երազը վերջ չունենա»։

 

 

Այս երազն, իհարկե ավարտվում է, սակայն սկսվում է մեկ այլ երազ։

Մուրադ Կոստանյանը Մոսկվայից տեղափոխվում է Թիֆլիսի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ սկսում է խաղալ արդեն պրոֆեսիոնալ բեմում` հայտնի դերասանների հետ։

 

 

Մի անգամ «Մարտակոչ» ներկայացման մի դրվագում, երբ Հովհաննես Աբելյանը ըստ դերի պիտի հենվեր Մուրադ Կոստանյանի վրա, վերջինս չի դիմանում հաղթանդամ Աբելյանի ծանրությանը և երկուսով փռվում են հատակին։ Այս դեպքից հետո Աբելյանն ասում է. «Դերասանը բեմում պետք է կարողանա լինել այնպիսին, ինչպիսին իր խաղացած կերպարն է»։ Կոստանյանը վստահեցնում է, որ այս փոքրիկ դասը հետագայում միշտ հիշել է։

 

 

Թիֆլիսի թատրոնում նրա գործընկերներից էր Վարդան Աճեմյանը, ում հետ նրանք մեկնում են Լենինական ու 1928-ին հիմնում այսօրվա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը։ Մուրադ Կոստանյանը այս թատրոնում 2 տարվա մեջ խաղում է ավելի քան 10 դեր։ Սակայն, Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հրավերը շատ գայթակղիչ էր ու նաև ճակատագրական։ 1930 թ. տեղափոխվելով մայր թատրոն, Մուրադ Կոստանյանն այստեղ ապրում ու  ստեղծագործում է իր կյանքի կեսից ավելին, ուղիղ կես դար։

Թատրոնում Մուրադ Կոստանյանը խաղում է ավելի քան 50 դեր, սակայն նրան հայտնի են դարձնում նրա մոտ 15 կինոդերերը։

 

Կինոյում, ինչպես թատրոնում Մուրադ Կոստանյանը հիմնականում ունեցել է փոքր դերեր։ Սակայն, նա իր այդ փոքր ու երկրորդական դերերով էլ տպավորել ու ուշադրություն է գրավել։ Յուրաքանչյուր կերպարում փորձել է գտնել կատակերգական տարրեր, որով էլ հենց դարձել է սիրելի ու հիշվող հանդիսատեսի համար։

«Ես խարակտերային կոմիկ դերասան եմ։ Եվ անչափ գոհ եմ, որ այդպիսին եմ, քանի որ այդ կարգի դերերը անսահման հնարավորություն են տալիս դերասանին։ Գույներն առատ են, գունապատկերը հարուստ. փնտրիր ինչքան կարող ես։ Հենց սկզբից, ամենառաջին քայլերից սկսած, ես իմ տարերքի մեջ եմ եղել»,- ասել է դերասանը։

 

 

Եվ այսպես, Մուրադ Կոստանյանը իրար հետևից կինոյում ստեղծում է դաշնակցական սպայի («Զանգեզուր»), Տիգրան Վարունցի հարևանի («Առաջին սիրո երգը»), քարտաշի («Սիրտն է երգում»), գյուղացու («Ձախորդ Փանոսը»), Մատվեյ Եգորիչի («Ժայռը»), Պետրոսի («01-99»), Արտավազդի («Երջանկության մեխանիկան») կերպարները:

 

 

Սակայն, Մուրադ Կոստանյանին իրական հռչակ է բերում 1975 թվականին Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում` Մուրադի դերակատարումը։

Այս ֆիլմից հետո սիրված դերասանին ոչ միայն ճանաչում էին բոլորը, այլ նաև նրա կերպարը ընօրինակում էին ու բազմաթիվ մտքեր թևավոր խոսք դարձած կիրառում կյանքում։ «Ուզում ա ես կատաղեմ», «Եթե ասում եմ ես, ուրեմն Արուսը հետս ա», «Ջրի գող էլ դառանք», «Ուրեմնս ես` Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ ու ինձ ասեն նյե՞տ» և այլն։

 

 

Ինքը դերասանը հիշում է. «Այս ֆիլմից հետո ես այնքան հայտնի էի դարձել, որ փողոցում հետևիցս գոռում էին. «Մուրադ, Մուրադ»։ Շրջվում էի` մարդիկ նույնությամբ կրկնում էին. «չբռնեմ կատաղե՞մ»։ Ավելի հետաքրքիր էր շուկայում։ Բոլոր վաճառողներն ուզում էին, որ իրենց մոտենամ ու բոլորն իրենց ապրանքը համարյա կես գնով էին ինձ վաճառում։ Ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանին միշտ ասում եմ. «դու իմ դերակատարման համար ինձ այնքան փող չտվեցիր, որքան շուկան է ինձ տալիս»։

 

 

 

Մուրադ Կոստանյանը մահացավ 1992 թվականին, երբ մեր երկրում պատերազմ էր, ցուրտ ու մութ։ Ճիշտ է նրա մահն աննկատ մնաց այն սարսափելի ծանր օրերին, սակայն ժողովուրդը նրան չմոռացավ։ Մուրադ Կոստանյանի մասին շարունակում են պատմել նրա կինոդերերը, որոնք նույնքան սիրելի են նաև մեր օրերում։