«Փոքրիկ պարուհին» սարսափ առաջացրեց դիտողների մոտ - VNews

«Փոքրիկ պարուհին» սարսափ առաջացրեց դիտողների մոտ

 

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգային հնարավոր չէ շփոթել մեկ այլ նկարչի հետ։ Նրան բոլորը ճանաչում են, հատկապես, իր բալետի պարուհիների պատկերներով։ Դեգայի կտավների մշտական հերոսը Փարիզն է` իր գեղեցիկ տեսարաններով ու բնակիչներով, սակայն նրանց շարքում առանձնահատուկ տեղ ունեն բալետի պարուհիները։ Դեգային բալետը չէր հետաքրքում որպես արվեստ, նա տարված էր պարուհիների շարժումներով, ժեստերով, հույզերով, թռիչքներով ու անկումներով։

 

 

Նախորդ դարասկզբին, Փարիզում գործող բալետն ու բալետային դպրոցները նույն դրական ու լուսավոր էմոցիաները չէին արտահայտում, ինչպես հիմա է։ Դա մեղքերի, արատների, բամբասանքների ու ինտրիգների մի միջավայր էր։ Բալետային դպրոց ընդունվում էին անապահով ու ցածր խավի ընտանիքների հինգամյա երեխաները։ Բալետի պարուհիները անբարոյական վարք ու հեղինակություն ունեցող աղջիկներ էին։ Նրանց հանդիսատեսը հարուստ տղամարդիկ էին, որոնք աբոնեմենտ էին գնում ամբողջ տարվա համար և իրենց նախընտրած պարուհիներին հնարավորություն ունեին տեսնելու ոչ միայն բեմում, այլ նաև կուլիսներում։

 

 

Դեգան 45 տարեկան էր, երբ սկսեց աշխատել «Փոքրիկ պարուհու» քանդակի վրա։ Նրա բնորդը իրական կերպար էր։ Տասնչորս տարեկան դեռահաս պարուհին Մարի վան Գյոթեմն էր` աղքատ ընտանիքի` երեք քույրերից միջնեկը: Նրա հայրը դերձակ էր, իսկ մայրը լվացարար: Դեգան քանդակի վրա սկսեց աշխատել 1879 թվականին, երբ Մարին դարձավ 14 տարեկան: Մինչ քանդակը ստեղծել Դեգան նկարել էր իր բնորդին 17 դիրքերով, արդյունքում ընտրեց  բալետային չորրորդ դիրքը:

 

 

Էդգար Դեգան նախկինում չէր զբաղվել քանդակագործությամբ  և որոշում է իր առաջնեկին ստեղծել փափուկ և փխրուն նյութից` մոմից, որն իրատեսորեն փոխանցում էր այն բոլոր հատկանիշները, որոնք նկարիչը ցանկանում էր ցուցադրել իր քանդակով:

 

 

Դեգայի ամենահիասքանչ գաղափարը` պարուհուն իրական հագուստ հագցնելն էր։ Զգեստը իրական էր, սեղմիրանը ծածկված էր դեղին մոմով: Ըստ քննադատների` «Դեգայի պարուհին ծայրահեղ իրատեսականի և տարօրինակորեն արհեստականի ներդաշնակություն էր»։

 

 

Քանդակը  փաստացի չափի 2/3 է: Էդգար Դեգան հատուկ էր այդպես արել, որ իրականին հիշեցնի, բայց միևնույն ժամանակ թույլ չտա մոռանալ, որ սա արվեստ է, իմիտացիա:

 

 

Դեգայի դեբյուտը, որպես քանդակագործ, տեղի  ունեցավ 1881-ին, Փարիզի իմպրեսիոնիստների ցուցահանդեսում: «Փոքրիկ պարուհին» սարսափ առաջացրեց դիտողների մոտ: Մինչ այդ մարդիկ սովոր էին տեսնել բրոնզից և մարմարից պատրաստված քանդակներում պատկերված բնության մեջ եղած լավագույնը՝ սահուն, հարթ մարմին, առանց կնճիռների, թերությունների և ծանր կյանքի հետքերի:

 

Դեգան հակասում էր փայլուն ու շքեղ կանաց գեղեցկության ընդունված ձևերին։ Իր քանդակի մեջ արվեստասերները ոչ թե բալետային դպրոցի սան էին տեսնում, այլ մի աղջկա, որի դեմքին դրոշմված էր ժամանակի խնդիրներն իրենց ողջ դաժանությամբ: Ցուցահանդեսում այցելուները աղջկան համեմատեցին կապիկի, հրեշի, արվարձաններում աճած ծաղիկի, կոպիտ և գռեհիկ երեխայի հետ: Դեգան ցուցադրում էր մի բան, ինչի մասին դիտողը չէր սիրում մտածել:

Դեգան ինքն իր «պարուհուն» տեղադրել էր արատավոր միջավայրում: 1881-ի  ցուցահանդեսում նրա քանդակը շրջապատել էին հանցագործների դիմանկարները: Եթե ​​նա «Փոքրիկ պարուհուն» տեղադրեր իր բալետի պարուհիների և բալետային դահլիճի պատկերների մեջ, ապա բոլորին կթվար, որ աղջիկը դուրս է եկել նկարներից: Հենց սկզբից  «պարուհու» մասին դատում էին նրա «միջավայրով»: Ոմանց համար դա հայտնություն էր, մյուսների համար ՝ առեղծված: Քանդակը պարզապես արվեստի գործ չէր, այլ իրական կյանքի արտացոլանքը:

«Տասնչորս տարեկան պարողը» քանդակը Դեգայի արվեստանոցում մնաց իր ողջ կյանքի ընթացքում։ Նրան բազմիցս առաջարկում էին բրոնզե ձուլվածքներ ստեղծել, ինչին նկարիչը պատասխանում էր. «Քեզանից հետո մեծ պատասխանատվություն է բրոնզից ձուլած ինչ-որ բան թողնելը։ Այդ նութը հավերժ է»։ Դեգան չէր պատկերացնում, որ իր պարուհուն վիճակված էր հավերժական կյանք: Դեգայի մահից հետո նրա ժառանգները պայմանագիր կնքեցին քանդակը բրոնզից դարձնելու համար։ Ստեղծվեց  28 բրոնզե տարբերակ, որոնք պահվում են աշխարհի ամենամեծ թանգարաններում: Մոմե բնօրինակն այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում: