Post-truth-ից մինչև selfie ու GIF. տարվա բառ կամ մենք այն ենք, ինչի մասին խոսում ենք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Post-truth-ից մինչև selfie ու GIF. տարվա բառ կամ մենք այն ենք, ինչի մասին խոսում ենք

2017թ.-ին տարվա բառ է դարձել «Youthquake»ը: Բառն ընտրել են Օքսֆորդի բառարանի հեղինակները: «Youthquake» կազմված է երիտասարդություն և երկրաշարժ (earthquake) բառերից: Բառարանը այն բացատրում է որպես միլենիալների (1981թ.-ից հետո ծնվածների սերունդ) քաղաքական արթնացում և այդ բառով բնութագրում քաղաքական փոփոխություների հետևում կանգնած երիտասարդներին:

Պարզվում է, որ տարվա բառեր ընտրելու նախաձեռնությունը հայտնվել է 1971թ.-ից ու անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Այն նպատակ ունի առանձնացնելու տարվա ամենակարևոր ու նշանակալի բառերը, իսկ ընտրությունը հիմնականում կատարում են փորձագետները՝ հասարակական հարցումների միջոցով:

Առաջին անգամ Տարվա բառ ընտրել են Գերմանիայում: Ընտրության արդյունքում հաղթել է «համառ, անհնազանդ» (aufmüpfig) բառը:  Հետագայում Տարվա բառ ակցիան սկսել են անցկացնել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Դանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում և այլ երկրներում:

Անգլալեզու երկրներում Տարվա բառեր ընտրում են իրարից անկախ մի քանի տարբեր կազմակերպություններ, և երբեմն դրանք կարող են համընկնել:

Տարվա բառ ակցիայում առանձնացվել են նաև մի քանի տարբերակներ՝ ինչպես տարվա հակաբառ կամ տարվա երիտասարդական բառ:

Թերևս ամենահայտնի ու ճանաչելի Օքսֆորդի բառարանը Տարվա բառ ընտրում է 2004 թ.-ից: Ի դեպ Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը ընտրություն անում է և´ ԱՄՆ-ի և´ Մեծ Բրիտանիայի համար: Բառերը երբեմն կարող են համընկել, ինչպես 2013թ.-ին, երբ տարվա բառ էր ճանաչվել «Սելֆի» -ն:

Համացանցային տարածքում հաճախ կիրառվող բառերից «UNFRIEND»-ը (սոց. կայքերում հեռացնել ընկերների ցանկից), օրինակ, տարվա բառ էր դարձել 2009-ին՝ ամերիկյան տարբերակում: Իսկ համացանցային մյուս սիրելի «GIF» բառն էլ հաղթող էր ճանաչվել 2012-ին:

Առողջ ապրելակերպի քարոզը ու վնասակար սովորույթներից հրաժարվելու միտումն էլ չանտեսվեց հազարավոր բառերի մրցակցության ընթացքում: 2014թ.-ին կրկին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ընդհանուր տարվա բառ ընտրվեց «Vape» -ը՝ էլեկտրոնային ծխախոտ կամ էլեկտրոնային ծխախոտ ծխելու ընթացք նշանակող բառը:

«Post-truth» կամ «հետճմարտություն» բառն էլ  2016թ.-ին մրցակիցներից առաջ անցավ: Այն բնութագրում է հանգամանքները, երբ հանրային կարծիք ձևավորելիս փաստերը ստորադասվում են անձնական համոզմունքներին ու զգացմունքներին:

Բառերի մրցավազքում տարբերվող ու յուրահատուկ էր  2015-թ.-ը: Այն նշանավորվեց ոչ թե բառով այլ էմոջիով (emoji): Նախաձեռնության պատմության մեջ Օքսֆորդի բառարանը առաջին  անգամ տարվա բառ հայտարարեց գրաֆիկական պատկերը՝ ուրախությունից լացող էմոջին («Face with Tears of Joy’ emoji»):

Բառարանի փորձագետները նման ընտրությունը բացատրեցին այս էմոջիի օգտագործման կտրուկ բարձրացմամբ:

Պատրաստեց Աննա Ստեփանյանը