Logo

10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 24.01.2020Արվեստանոց
2c2370b4968a43ef6c64c8e171c66297 ce 1800x1122x0x0 cropped 960x600 2 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ զրուցեցինք հաջողության, հաջողությանը հասնելու բարդությունների, մոտիվացիայի, գենդերային խտրականության ու դրա բացակայության մասին… և ոչ միայն:

16 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Ինչպե՞ս հաղթահարել ինչ-որ բան սկսելու վախն ու համարձակել։

Մտածել, որ անհաղթահարելին երեկ էր, իսկ նոր բացվող օրն արդեն նոր հնարավորություն է։ Սա ամենայն լրջությամբ եմ ասում՝ հիմնվելով այս տարիների փորձառության և օրինակների վրա։

Ինչ-որ բան սկսելու համար պիտի առաջնայինը դառնա մղումը, ոչ թե մտահոգությունը, պիտի գերակշռի լավատեսությունը, ոչ թե նախկինում ունեցած ձախողումների կամ բացթողումների մասին մտքերը։

Երեխան ինչպե՞ս է․ նա արագ քայլ է ձեռնարկում, որովհետև ռիսկերը չի կարող գնահատել․ մեծահասակը, որը փորձի հետևանքով և ռիսկեր, և դժվարություններ, և ձախողումներ է կանխատեսում, արդեն փչացնում է վաղվա ստեղծելիք դրական դաշտը։

Երկար տարիներ սպորտով զբաղվելը (Հայաստանի հենդբոլի ազգային հավաքական) ինձ հաստատ այս առումով կոփել է․ հաջողություն չունեցար մի քանի րոպեի ընթացքում՝ փոխիր մարտավարությունդ, շարժում արա, գործողություն ձեռնարկիր ․․․ Ու ինչպես, իմ սիրելի Հեմինգուեյն է ասել ժամանակին, այնուամենայնիվ «Երբեք մի՛ շփոթեք շարժումը գործողության հետ»․․․

18sssssssssssssssssssssssssssssssssssssss 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Ինչպե՞ս նոր գաղափարի ոգևորությունից չկորցնել զգոնություն, հաշվարկել ռիսկերը։

Երբ մութ սենյակում ես, առաջին հերթին ձեռքդ սկսում է փնտրել լույսի միացման կետը․․․ Երբ գլխումդ անհավանական հետաքրքիր ու պայծառ միտք է ծագում, նորից առաջանում է սնուցման կետի միացման պահանջը։ Ոգևորությունը վիճակ է, գործողությունը՝ այդ վիճակի կատարյալ, շոշափելի մասին հասնելու ճանապարհը։

Գիտե՞ք, երբ «Լոֆթը» նոր էր բացվել, օրը քսան անգամ լսում էի, որ մի քանի ամսից կփակվենք, կդադարենք գոյություն ունենալ։ Փորձառության և «Լոֆթի» գոյության 5 տարիներն ապացուցեցին, որ անընդհատ ոգևորությամբ էլ կարելի է հաշվարկել ռիսկերը․ մեկը մյուսին գրեթե չեն խանգարում, եթե գործողությունդ ու թիմակիցներդ պրոֆեսիոնալ են։

17 960x640 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Ինչքանո՞վ է կարևոր մոտիվացիան, ի՞նչն է մոտիվացիա հանդիսացել ձեզ համար։

Պատահե՞լ է չէ, որ երազներում հայտնվել եք այնպիսի վայրերում կամ այնպիսի մարդկանց շրջապատում, որ իրական կյանքում կասեիք՝ «բացառված բան է»․․․ Բայց, եթե ինչ-որ մեկը, ով ունի նույն զգայարանները, գոյության նույն հնարավորությունները և նույն պահանջները ու կարողացել է, ուրեմն ես էլ կկարողանամ։ Գուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց ինձ համար մոտիվացիան հենց մարդն է․ այն մեկը, որը ոչ թե հանրային մեծ ուշադրություն է վայելում, այլ մեկը, ով գիտի՝ իր այսօրվա արածը վաղը կարևոր է լինելու հանրության և շրջակա միջավայրի համար։

Մարդը, որը պայքարել է հիվանդության դեմ, մարդը, որը չի կորցրել սթափությունը՝ կամրջին կանգնած, մարդը, որը հաստատակամ ասել է, թե վաղն ավելի լավ կլինի․․․ Այդ մարդն է իմ մոտիվացիան։ 

11 aaaaaaaaaaaaaaaaaaaaaa 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Ի՞նչ բարդություններ են առաջանում կին գործարարի համար մասնավորապես հայաստանյան միջավայրում։

Այն նույն բարդությունները, ինչ տղամարդ գործարարի մոտ կառաջանային (ծիծաղում է)։ Կես-կատակ, կես-լուրջ, բայց այս միտքն ամրապնդվել է տարիների ընթացքում։ Այո, կան մշտական հարցեր, որոնք վերաբերում են խտրական վերաբերմունքին, ընտանիք-կարիերա համատեղության հարցերին, հասարակական վերաբերմունքի ազդակներին և այլն, և այլն, բայց բանակցության լեզուն, համագործակցության հասնելու հնարավորությունները, խնդիրներ լուծելը, մեծ լսարանի առջև հանդես գալը և շատ այլ գործողություններ սեռային տարբերակմամբ չեն պայմանավորված։

Հայաստանյան միջավայրի կարծրատիպային՝ «կնոջ տեղը խոհանոցն է», «կինը օջախի հենասյունն է» և այլ արտահայտությունները, գնալով փոխում են իրենց բովանդակությունը, այո՛, ոչ ոք չի հերքում, որ կինը կարող է նաև խոհանոցում հրաշքներ գործել, բայց ոչ ոք չպիտի բացառի, որ համեղ ապուր պատրաստող կինը առավոտյան  կարող է նստել միջազգային պատվիրակության դիմաց և ներկայացնել ընկերության գործունեությունը կամ համագործակցության առաջարկ։

13 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Կա՞ն արդյոք գենդերով պայմանավորված որոշակի սահմանափակումներ կամ դժվարություններ, եթե այո, ապա ո՞րն է դրանք հաղթահարելու ձեր բանաձևը։

Ընտանիքում, որտեղ մեծացել եմ, երբևէ նման խնդիրներ չեն եղել․ ես տեսել եմ, թե մութ, ցուրտ տարիներին աշխատանքն ու մտահոգությունները ինչպես են հավասարապես բաշխվել ծնողներիս միջև։ Սպորտում նույնն է եղել, աշխատանքային միջավայրում՝ ևս։ Գուցե ինձ իսկապես բախտ է վիճակվել չառնչվել սահմանափակումների կամ դժվարությունների հետ, որոնց հիմքում գենդերային խնդիրներն են, բայց, եթե անգամ քիչ, թե շատ այդպիսի դեպքեր էլ գրանցվել են, ժպտացել եմ, անցել՝ երեկոյան վերլուծելով իրավիճակը։

Ինչպես բոլոր դժվարությունները և սահմանափակումները, այս մեկը ևս հաղթահարման իր ճանապարհն ունի, որը սկսվում է այն միջավայրերի փոփոխություններից, որտեղ գործում ես։

5 3 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Թիմ ղեկվարելու հմտությունների մասինո՞րն է ամենակարևոր հմտությունը մեծ թիմի հետ պրոդուկտիվ  աշխատելու համար։

Որքան  էլ արագ վազորդ լինես, սպորտաձևում միշտ հետ, կողք և առջև նայելու սինդրոմը առաջնային է, որովհետև գնդակ փոխանցելը հակառակ դեպքում անհնարին կլինի։ Հմտությունների մասին երկար կարող եմ խոսել, բայց առաջնայինը, որ պրոդուկտիվություն է ապահովում, ճիշտ ժամանակին ճիշտ փոխանցումն է․․․Ի վերջո դարպասում հայտնված գնդակը թիմի հաղթանակն է, ոչ թե ավագի կամ առանձին մեկի։ Այս տրամաբանությունը գործում է այն դեպքում, երբ ներսում մթնոլորտն առողջ է, փոխըմբռնումը՝ անընդհատ, միմյանց լսելն ու շարունակելը՝ պարտադիր ․․․

4 3 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Մասնագիտություն ընտրությունը սրտի թելադրանքի, թե՞ առկա պահանջարկի և հեռանկարների հաշվարկման արդյունքն է։ Ինչպե՞ս կարելի է համատեղել այս երկու սկզբունքները. անել այն, ինչ սիրում ես և պահանջված լինել։

Մասնագիտությունները, պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, օր օրի «մեռնում» ու «ծնվում» են, բայց դա չի նշանակում, որ ամեն օր մարդն ինքը կանգնած է այդ մարտահրավերի առաջ․ ահռելի տեմպերով զարգացող մեր ժամանակներում եթե մրցակցության և արագության մեջ կորցնես ինքդ քեզ սիրելու, քո մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորությունները, նորարություն այլևս չես անի, չես ստեղծի այն, ինչն այդքան կարևոր է նախ քեզ համար, ապա շրջապատի։

Եթե անում ես այն, ինչ իսկապես սիրում ես, պահանջվածությունն ինքնին դուռդ կթակի։

2 2 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Մրցակցությունը վախեցնու՞մ է, մոտիվացնու՞մ, թե…

Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Մրցակցությունը ինֆորմացիոն առատ հոսքի և շուկաների զարգացման, փոխներթափանցման հետևանք է։ Ժամանակին, երբ Իտալիայում մեկը գյուտ էր անում, չէր մտածում հարևան երկրի մյուս գյուտարարի մասին, որովհետև պարզապես տեղեկություն, ինֆորմացիա չուներ․․․ Այսօր արդեն ամեն ինչ այլ է, քանի որ մեդիան, անընդհատ տեղեկատվական հոսքերը ստիպում են վախենալ կամ մոտիվացվել, լինել ինչ-որ մեկի նման կամ առավել այդ մեկից։

Մրցակցությունը ինքդ քո մեջ լուծելու հարց է․

եթե երեկ ես չկարողացա կարգին ելույթ ունենալ, ուրեմն այսօր պիտի դեմ-դիմաց կանգնեմ այդ տապալմանը ու մտածեմ՝ վաղը նույնը չեմ կրկնի։ Իսկ այդ վաղվա հաջողության համար ինքնազարգացման, ինքնաքննադատության կամք ու ուժ է պետք։

0K2A9032aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa 960x640 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

 Ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ քո ստեղծածի նկատմամբ և համոզել, որ «քոնն ուրիշ է»։

Անընդհատ պատմել քո ստեղծածի մասին, չասել, որ «ուրիշ է», չասել, որ նախադեպը չունի, որ այս է ու վերջ․․․ Բայց պատմել, պատմել ու էլի պատմել այնպիսի ոգևորությամբ, այնպիսի լեզվով, այնպիսի վառ աչքերով, ինչպես երեխան է մորը պատմում քիչ առաջ տեսած անհավանական մի բանի մասին։

Ինչպե՞ս համատեղել «հաջողակ գործարար» և «երջանիկ կին» հասկացությունները. ժամանակ և էներգիա մնում է արդյո՞ք երջանիկ լինելու համար։

Այս հարցին որևէ մեկը սահմանում և ձևակերպում չի կարող տալ, որովհետև յուրաքանչյուրի «բանաձևը» խիստ տարբեր է՝ պայմանավորված միջավայրով, ընտանիքով, փոխըմբռնման դաշտով, զգացումների ու զգացմունքների առատությամբ, բայց միևնույն ժամանակ «հաջողակ գործարար» և «երջանիկ կին» հասկացությունների տարանջումը միշտ զարմացրել է ինձ․չգիտես՝ ինչու շատերի մոտ է առաջանում այս հարցը, իսկ ես հիմա այսպես հռետորաբար հարցնեմ՝

պարտադի՞ր է, որ հաջողված գործարարը դժբախտ լինի․․․ Իհարկե պարտադիր չէ։

Իսկ եթե հարցը վերաբերում է ժամանակի և վերաբերմունքի համաչափությանը, ապա լուծելի է, երբ միջավայրն ու մտերիմներդ այդ հարցը քեզ երբեք այսպես չեն տալիս։ Մնացած ամեն բան հայեցողության, օրվա անելիքների և ճիշտ ժամանակին հանգիստ մի պահի սիրելի մեկի մասին մտածելու ու պարզ՝ «ո՞նց ես» հարցը տալու ցանկություն է։

0 7 960x1440 - 10 միտք, խորհուրդ ու հերքում հաջողության ընկալումների մասին. Արևիկ Համբարձումյան

Օրվա ավարտը ընթերցանությա՞մբ, հանգստո՞վ, թե՞ վաղվա աշխատանքային օրը պլանավորելով։

Պայմանավորված կոնկրետ օրվա ընթացքից․ լինում են դեպքեր, երբ օրն անգամ «չի ավարտվում», որովհետև վաղն այնպիսի անելիք կա, որ և դու, և թիմը ստեղնաշարն եք «մաշում»․․․ Իհարկե հրաշալի է, երբ փափուկ, տնային հագուստի մեջ, ոտքերիդ էլ բրդյա մի շալ, խմում ես կանաչ թեյդ ու ընթերցում սիրելի հեղինակիդ, բայց միշտ չէ, որ թեյը կամ գիրքը պահարանից հանելու ժամանակ է լինում։

Ամեն դեպքում և գրապահարանները, և թեյի ու սուրճի տեսականին տեղը տեղին պիտի պահել, որպեսզի հնարավորության դեպքում միայն դուռը բացելու հարցը մնա։  

 

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի