Logo

10 քայլ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» կարդալուց չվախենալու համար

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
13457774 1352621754754576 539296735 n 792x509 1 - 10 քայլ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» կարդալուց չվախենալու համար

Հունիսի 16՝ Բլումսդեյ կամ Բլումի օր. մեծ տոն իսկական ընթերցասերների համար: Տոնը կոչվել է Ջոյսի «Ուլիսես» վեպի հերոս դուբլինցի հրեա Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։ Այդ օրը Ջոյսի և իր ապագա կնոջ՝ Finn’s Hotel հյուրանոցի սպասուհի Նորա Բարնաքլի հանդիպման օրն է, որն էլ գրողը անմահացրել է իր վեպում։

Հենց այս առիթով, որոշել ենք առանձնացնել մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն չվախենալ այս մեծածավալ ու բարդ վեպի հետ ծանոթացումից, և կօգնեն հաղթահարել աշխարհի ամենաչքնաղ ու հզոր ստեղծագործություններից մեկի՝ առաջին հայացքից անհնարին թվացող ընթերցանությունը:

Քայլ 1. Իմացեք մի քանի առանցքային ու «բանալի» փաստեր «Ուլիսեսի» մասին

Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։ Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում։ «Ուլիսեսի» ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսյան վերնագրերով։

Քայլ 2. Հաճախ անտեսեք հղումները

Եթե, իհարկե, «Ուլիսես» եք կարդում համալսարանական ուսումնասիրությունների համար, ապա տողատակերն ու ծանոթագրությունները պետք են: «Ուլիսեսի» ծանոթագրությունները մոտ 400 էջ են: Դրանք օգտակար են, քանի որ գրքում կան շատ լեզվական բառախաղեր և հղումներ այլ տեքստերի, և տողատակերում բացատրվում են այդ ամենը: Բայց ամեն մի բացատրության հետևից գնալն ու նորից տեքստին վերադառնալը շատ հյուծիչ է և զայրացնող: Ավելի լավ է սկսել այս գիրքը կարդալ պարզապես զվարճանքի համար՝ այս բոլոր բացատրությունները թողնելով հիմնական հետազոտությունների համար:

Քայլ 3. վեպն իրականում ծիծաղելի է

Թեպետ դժվար է հավատալ, բայց այս 700 էջանոց տեքստն իրականում ծիծաղելի է: Վեպի ամբողջ գաղափարն այն է, որ Ջոյսը «Ոդիսականի» հերոսներին վերցրեց և նրանց դարձրեց խղճուկ Դուբլինի բնակիչներ:

Քայլ 4. Հաշտվեք այն փաստի հետ, որ ամեն ինչ չեք հասկանում:

Ջոյսը հենց այսպես էլ ուզում էր. նա ուզում էր այնպիսի վեպ ստեղծել, որ տասնամյակներով մարդիկ կարդան ու լուծեն ռեբուսները, վիճեն միմյանց հետ ու այդպես էլ մինչև վերջ չբացահայտեն բոլոր գաղտնիքները:

Քայլ 5. Յուրաքանչյուր գլխի համար բավականաչափ ժամանակ հատկացրեք

Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը գրված է առանձին ոճով, ուստի ժամանակ է պետք` ներդաշնակվելու և սուզվելու յուրաքանչյուրի մեջ առանձնահատուկ ձևով ու մոտեցմամբ:

Քայլ 6. Փորձեք նախ գլուխ հանել գլուխներից

Ահա կարճ ուղեցույց՝ տեսնելու, թե յուրաքանչյուր դրվագ ինչ է պարունակում և որն է դրանց հիմնական թեման: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ այս բնութագրերը մի քիչ մակերեսային են, սակայն բավական օգտակար:

1. Սովորական սիրավեպ է:
2. Տղամարդկային էլիտար մենախոսություն է:
3. Անցյալի հերոսների ծաղր է:
4. Մահվան մասին է:
5. Լրագրության ծաղր է. գրված է թերթերի նման. ուշադիր եղեք հատկապես վերնագրերին:
6. Համլետի և մտավորականների ծաղր է, հերոսները սիրում են բանավիճել գրականության անհասկանալի գործերի մասին (և միևնույն ժամանակ որոշ գիտնականների մասին, որոնք հետագայում կվերլուծեն «Ուլիսեսը»):
7. Բոլոր անչափահաս հերոսները ծաղրում են հիմնականներին:
8. Անգլիացի բոլոր խոշոր գրողների կատարյալ ծաղրերգություն է:
9. Անվերջ հարցուպատասխանների շղթա է:
10. Կանացի բանականության և սիրելու կերպի վերլուծության փորձ է:

Քայլ 7. Կիրառեք սխեմաները.

Ջոյսը գրել է երկու գրաֆիկական ցուցումներ: Դրանք կոչվում են նաև սխեմաներ: Դրանք կօգնեն ինտեգրվել յուրաքանչյուր դրվագի ընթերցմանը: Դուք կարող եք դրանց ծանոթանալ այստեղ և այստեղ:

Քայլ 8. Կարդացեք բարձրաձայն

Եթե ​​անգլերեն եք կարդալու, ապա կարող եք օգտագործել իռլանդական շեշտադրությունները: Բազմաթիվ կատակներ կապված են այս արտասանության հետ: Սակայն եթե կարդալու եք հայերեն, ապա վստահ եղեք, որ բարձրակարգ թարգմանություն եք կարդալու: Սամվել Մկրտչյանն է վեպը հայերեն դարձրել: Սա ևս մեկ պատճառ է այն բարձրաձայն կարդալու և իմանալու, թե ինչպես է թարգմանիչը փոխակերպել իռլանդական առոգանությունը և անգլերեն հումորները:

Քայլ 9. Կազմեք ժամանակացույց

Այս վեպը կարդալը հեշտ չէ: Ավելի հեշտ կլինի, եթե ստեղծեք ընթերցանության փոքր ժամանակացույց, որպեսզի չցանկանաք կես ճանապարհից հրաժարվել վեպից առհասարակ: Որոշեք ինքներդ ձեզ համար, որ օրական կարդալու եք, ասենք, 20 էջ:

Քայլ 10. Ծիծաղեք

Սա պարոդիկ, կատակերգական վեպ է, հիշեք: Ծիծաղեք բարձրաձայն և որքան հնարավոր է շատ: